Tuesday, September 13, 2011

«Գազպրոմը» կգնի՞ Ռուսաստանը Հայաստանի հետ կապող գազամուղը

Tert.am. 13-9-2011- «Չնայած դիվանագիտական հարաբերությունների և քաղաքական շփումների բացակայությանը՝ Ռուսաստանը կարող է ամրապնդել իր տնտեսական ներկայությունը Վրաստանում։ Արդեն այս աշնանը Վրաստանի խորհրդարանը կարող է չեղյալ հայտարարել ռազմավարական նշանակության օբյեկտներն օտարերկրացիներին վաճառելու արգելքը»,– «Թշնամական գործընկերություն» վերտառությամբ հոդվածում գրում է «Մոսկովսկիե նովոստի» պարբերականը՝ հավելելով, որ այդ օբյեկտների մեջ են մտնում Ռուսաստանը Հայաստանի հետ կապող գազամուղը, Վրաստանի երկաթուղին և պետական էնեգոհամակարգը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անցած ուրբաթ Վրաստանի խորհրդարանի ֆինանսա–բյուջետային հանձնաժողովում Պետական գույքի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու առնչությամբ լսումներ տեղի ունեցան։ Գործող օրենսդրության համաձայն՝ ռազմավարական նշանակության օբյեկտների 100 տոկոս բաժնեմասերը պետությանն են պատկանում, և իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորներն առաջարկում են բացառության անել գազամուղի, երկաթուղու և էներգոհամակարգի համար։ «Օրենսդրության մեջ փոփոխությունները պետք է ընդունվեն արդեն աշնանային նստաշրջանում։ Վրասատանի իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում և կարող է ապահովել այդ փոփոխությունների ընդունումը»– գրում է հոդվածագիրը և հավելում, որ մի քանի շաբաթ առաջ Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին պարզաբանել էր, որ վերոնշյալ օբյեկտների մինչև 25 տոկոս բաժնեմասերը կարող են «հայտնվել» միջազգային բորսաներում, ինչը մի կողմից նոր ներդրումներ կներգրավի, մյուս կողմից նոր աշխատատեղեր կստեղծի։
Պարբերականն այնուհետև ընդգծում է, որ վերոնշյալ բոլոր օբյեկտների նկատմամբ Մոսկվան մինչև 2008 թ. ռուս–վրացական պատերազմը հետաքրքրություն է ցուցաբերել, իսկ գազամուղը վաճառելու մասին Վրաստանն առաջին անգամ «մտածել էր» դեռևս 6 տարի առաջ։ «Այդ ժամանակվա Վրաստանի պետնախարար Կախա Բենդուկիձեն դա պարզաբանում էր պետբյուջեն լցնելու անհրաժեշտությամբ։ Երբ սկսկեցին խոսել վրացական գազամուղը գնելու՝«Գազպրոմի» պատրաստակամության մասին, Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները բավական բարենպաստ էին տնտեսական գործարքների համար»,– նախկին նախարարի խոսքերն է մեջբերում պարբերականը՝ նշելով, որ նունիսկ «մոտավոր գինն է» անվանվել՝ 150 մլն դոլար։
Պարբերականի հետ զրույցում «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը գազամուղի վերաբերյալ ասել է, որ այդ օբյեկտի առնչությամբ այս պահին դժվար է «կոնկերտ որևէ բան ասելը», բայց այն շատ կարևոր և անհրաժեշտ է Ռուսաստանի համար։
Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի ղեկավար Վլադիմիր Յակունինը դեռևս 2004թ. հայտարարել էր, որ իր ընկերությունը պատրաստ է մասնակցել Վրասատանի երկաթուղիների սեփականաշնորհմանը։
Իսկ ռուսական Интер РАО էներգետիկ ընկերության ներկայացուցիչը պարբերականի հետ զրույցում ասել է, որ «կախված այն բանից, թե ինչ կհանվի վաճառքի և ինչ պայմաններով» իրենք պատրաստ են քննարկել նոր ակտիվների գնման հնարավորությունը»։
Պարբերականը զրուցել է նաև Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Վլադիմիր Պապավայի հետ, որն ասել է, որ ռազմավարական օբյեկտները վաճառքի հանելը տնտեսական օկուպացիայի կհանգեցնի։ «2000–ական թթ. սկսած Մոսկվան հետխորհդային տարածքում իր տնտեսական շահերն ամրապնդելու քաղաքականություն է իրականցնում։ Հարևան Հայաստանի օրինակով մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է կյանքի կոչվում այդ սխեման։ Միայն ընդհանուր սահմանի բացակայությունն է խանգարում այդ երկրի տնտեսության՝ ռուսական տնտեսությանն ինտեգրմանը»,–ասել է նախկին նախարարը։ «Օբյեկտների 20–25 տոկոսի ռեալիզացիան ինքնին վախենալու չէ, քանի որ դա վերրահսկիչ փաթեթ չէ։ Բայց դա կարող է վտանագավոր ուղու սկիզբ դառնալ»,–հավելել է նա։
Պապավան նաև չի բացառել, որ ռազմավարական նշանակության օբյեկտների ակցիաները վաճառքի հանելը պայմանավորված է նաև Վրաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանի մոտենալով։ Նրա կարծիքով՝ այդ գումարներով որոշ ենթակառուցվածքներ կֆինանսավորվեն, սոցիալական նախագծեր կիրականցվեն, թոշակները կբարձրացնեն, ինչով էլ հենց իշխանությունները ընտրողներին «իրենց կողմը կգրավեն»։
«Գազամուղն այժմ Վրաստանին, ըստ էության, պետք չէ։ Դրանով ռուսական գազը Հայաստան է հասնում։ Մեր երկաթուղին Ռուսաստանին ևս պետք է՝ այն հայկական երկաթուղու հետ միացնելու համար, որն այժմ Ռուսաստանն է վերահսկում։ Բացի Մոսկվայից էլ ուրիշ ո՞վ շահագրգռված կլինի ամրապնդել իր դիրքերը Վրաստանի տնտեսությունում»,–ասել է էկոնոմիկայի վրացի պրոֆեսոր Նոդար Խադուրին։

No comments: