Saturday, September 10, 2011

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱ Է, ԲԱՆԱԿՈՒՄ` ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՆ ԷԼ ԳԵՐԲՆԱԿԵՑՎԱԾ ԵՆ

«ԱԶԳ», 10-09-2011 - «Խոշտանգումների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոմիտեի CPT պատվիրակության կազմած 2010թ. զեկույցի եւ հիմնախնդիրների վերաբերյալ» քննարկումը երեկ սկսվեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ վերջերս բանակում սպանված զինծառայողներ Աղասի Աբրահամյանի եւ Հայկ Մկրտչյանի:
Տիգրան Օհանջանյան, Գեղամ Սերգոյան, Անդրանիկ Հայրապետյան, Արտակ Նազարյան, Անդրանիկ Սարգսյան: Նրանք խաղաղ պայմաններում բանակում զոհված այն զինվորներն են, որոնց մայրերն ու հարազատները հույսով դիմել են մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանին , որպեսզի պարզվի սպանության պատճառն ու իրենց որդիներին սպանողները պատժվեն: Անդրեասյանի մեկնաբանությամբ` գուցե մյուսների ծնողները չեն դիմել, որովհետեւ արդեն կորցրել են հավատն ու վստահությունը: «Որպես մարդու իրավունքների պաշտպան ոչ միայն արտահայտում եմ մտահոգություն եւ խիստ անհանգստություն ամեն զոհված կամ ամեն բռնության ենթարկված զինվորի համար, այլեւ պահանջում եմ արդար քննություն, ինչը եղավ, օրինակ, «Եղնիկներում» կատարված դեպքի ժամանակ»: ՄԻՊ-ը պահանջ է ներկայացրել նախկինում կատարված սպանությունների բացահայտման գործում նույնպես քննություն սկսել:
Վեցամսյա գործունեության ընթացքում ՄԻՊ-ի գրասենյակը բանակի հետ կապված խնդիրներով 50 նամակ-դիմում է ստացել: Դրական լուծում ստացել է 26-ը: Նախորդ տարի խնդրի վերաբերյալ 30 նամակ էր ստացվել, որոնցից միայն 2-ին էր լուծում տրվել: 2005-ին օմբուդսմենի գրասենյակը ստացել է 62 դիմում: Եթե, օրինակ, 2007-ին բանակի վերաբերյալ 10 դիմում է ստացվել, ապա 2009-ին ստացվել է 51: Անդրեասյանը հավելեց, որ բանակի վերաբերյալ նամակներում չկան խոշտանգումների վերաբերյալ բողոքներ: Պաշտպանի գնահատմամբ` շատերը վախենում են արտահայտվել` համոզված լինելով, որ հետո իրենցից վրեժ կլուծեն:
Անդրադառնալով կալանավայրերի խնդրին ՄԻՊ-ն ասաց, որ դրանք գերբնակեցված են. դա պետության աղքատ վիճակի հետեւանք է: «Բազմաթիվ բանտարկյալներ ապրում են անմարդկային պայմաններում: Խցերը նեղ են, կան առնետներ, զգացվում է սատկած առնետների հոտը»:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Ռուստամյանը հետաքրքրվեց, թե ՄԻՊ-ը կոնկրետ որտե՞ղ է հանդիպել նման տեսարանի: «Երբ Նուբարաշեն ՔԿՀ-ում այցելության էի գնացել, ոտքերիս տակով առնետ է անցել», պարզաբանեց Անդրեասյանը:
«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ` ազատազրկվածները չեն կարողանում օգտվել զանգերի, բժշկական ստուգում անցնելու եւ փաստաբան ունենալու իրավունքից, կամ էլ դա արվում է ոչ պատշաճ ձեւով: «Հաճախ կալանավորներին չի ասվում իրենց իրավունքների մասին, իսկ օտարերկրացիներին դա ասվում է նրանց համար անհասկանալի լեզվով: Բանտարկյալներին ժամանակին չեն հանում զբոսանքի եւ արգելում են երկարատեւ հանդիպումները», ասաց նա` հավելելով, որ բանտախցերում պետք է գործի «Մեկ բանտարկյալ մեկ մահճակալ» սկզբունքը:
Իշխանյանի փոխանցմամբ` բանտարկյալների միջեւ հիերարխիկ հարաբերություններ կան: Գոյություն ունի «զոն նայողը» հասկացությունը, որն էլ վերահսկում է տեղի կարգը: Երբ Իշխանյանը փորձել է ՔԿՀ-ներից ճշտել «զոն նայողի» վերաբերյալ հարցը, պատասխանել են, որ աշխատողների քիչ լինելու պատճառով ստիպված են նման քայլի դիմել` կարգուկանոն պահելու նպատակով:
ՄԻՊ-ը բացասական գնահատեց նաեւ ոստիկանության աշխատանքը: «Ոստիկանությունում շարունակվում են կոռուպցիան, բռնությունները, բացի դրանիցՙ նրանք չեն համագործակցում ՄԻՊ գրասենյակի հետ: Երբ ասում ենք, առկա են կոռուպցիոն ռիսկեր, ասում են` իրականացնում ենք թրեյնինգներ: Ես չգիտեմՙ այստեղ քանի հոգի է հավատում, որ կոռուպցիոն ռիսկերը կարել է վերացնել թրեյնինգներով»:
Իշխանյանը հաստատեց, որ ոստիկանական բաժանմունքներում հաճախ են դիմում խոշտանգումների: «Ոստիկանական բաժանմունքներում հարցաքննություններն ուղեկցվում են ապտակներով, ոտքերին ռետինե մահակների հարվածներով, նաեւ ցելոֆանե տոպրակներով խեղդելով եւ էլեկտրահարումով»: Իշխանյանի մեկնաբանությամբ` պահանջ պետք է դրվի, որ հարցաքննությունները տեսաձայնագրվեն, եւ դրանք վարեն ոչ ավելի, քան երկու մարդ: Այս առաջարկությանը տեղական գերատեսչությունները չեն պատասխանել:
GPT նախորդ զեկույցի համեմատությամբ` 2010թ. 40%-ով ավելացել է բանտարկյալների թիվը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: