Saturday, September 3, 2011

ԼՂՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ. ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻԱՅՆԱԿՙ ԱՌԱՆՑ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՐ

«ԱԶԳ», 03-09-2011- Խորհրդային Միության փլուզման ժամանակ անկախություն հռչակելու ճիշտ պահն էր, ընդ որում, հենց անկախություն, քանի որ դա ավելի լուրջ իրավական հիմքեր էր ստեղծում Արցախի հետագա գոյատեւման համար: Արցախի Հանրային հեռուստաընկերությանն, ըստ «Panorama.am»-ի, հայտարարել է Հայաստանի երկրորդ, Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասնելովՙ Քոչարյանը բերել է երկու հանգամանք Արցախի անկախության համատեքստում. «Առաջինըՙ այդ ամենը համահունչ էր այն ժամանակվա գործող օրենսդրությանը, երկրորդՙ դա ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառում էր նշանակում, իսկ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից է»: Ընդ որում, Քոչարյանի փաստմամբ, անկախության հռչակագրի պատրաստման եւ իրավական հիմնավորման վրա բավական մեծ թիմ է աշխատելՙ Կարեն Բաբուրյանը, մյուսները, երկու մասնագետ կար ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտից:
Հռչակագրի ու անկախության առումով պատասխանատվությունը միշտ էլ մեծ է, բայց ԼՂՀ առաջին նախագահի մատուցմամբ, այն ժամանակ ոչ թե մտածում էին պատասխանատվության մասին, «ուղղակի մեր գործն էինք անում, մեր ընտանիքները, մեր հողն էինք պաշտպանում, ապահովում ժողովրդի անվտանգությունը»: «Եթե այն ժամանակ հաջողության չհասնեինք, պատկերացնո՞ւմ եք, հիմա ինչ պիտակներ կունենայի անձամբ ես: Այդ պահին ուղղակի ստանձնեցինք այդ մեծ պատասխանատվությունը, եւ ոչ միայն ես, այլեւ ուրիշները», նշել է Քոչարյանը:
Նորանկախ Արցախի համար, ըստ Քոչարյանի, իշխանության կենտրոնացման մեծ կարիք կար: «Այդ ժամանակահատվածում Պաշտպանության պետական կոմիտեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարման բարձրագույն օղակն էր: Դա իմ հորինած անվանումը չէր, նման կառույցներ կային դեռեւս Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, սակայն լիազորությունների ամբողջ շրջանակն ես էի կազմել, եւ խորհրդարանից լիազորություն ստացել որպես այդ կոմիտեի նախագահ: Եվ դա հնարավորություն տվեց Կոմիտեն ստեղծելուց հետո մի քանի ամսվա ընթացքում էապես փոխելու իրավիճակը», հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակին, ապա դրա կայացումն առաջնային է եղել: «Տարբեր ջոկատների միավորումը մեկ բանակային կառույցի ներքո ժամանակի հրամայականն էր: Այդ պահին չանեինք, ամեն ինչ կկորցնեինք», նշել է ԼՂՀ առաջին նախագահը: Դրան զուգահեռ, կարեւոր խնդիր է եղել նաեւ արդյունավետ պետական կառույցների ձեւավորումը: Քոչարյանի գնահատմամբ, «Սկսել ենք, ըստ էության, զրոյից: Եվ կար անհրաժեշտություն այդ կառույցների բոլոր կարողություններն ուղղելու մեկ կետիՙ անվտանգության ապահովմանը: Սա էր այն ժամանակ օրակարգի թիվ 1 հարցը: Կար նաեւ հոգեբանության, մարդկանց հավատ ներշնչելու հարց: Ճիշտ է, թիկունքում Հայաստանն էր, սակայն կար փոքր Ղարաբաղ, դիմացը մեծ Ադրբեջանն էր, կային զենքի, զինամթերքի պակաս, շրջափակում եւ այլն»:
Այսօր արդեն, ըստ Քոչարյանի, լուրջ առաջխաղացում Ղարաբաղում տարեցտարի գրանցվում է, բայց մարտահրավերներն այսօր Արցախի առջեւ այնպիսին են, որ իրավունք չկա ասելու, թե գոհ ենք իրավիճակից: «Ուղղակի վտանգավոր եմ համարում այն պահը, երբ բոլորս նստենք եւ ասենք, որ գոհ ենք իրավիճակից», ասել է Քոչարյանն ու ավելացրել, որ նպատակներին հասնելու համար պետք է գիշեր-ցերեկ աշխատել ու ցուցաբերել տոկունություն ու կամք:
Ինչ վերաբերում է ԼՂՀ առաջին նախագահի` Հայաստանի վարչապետ նշանակվելուն ու Արցախից Հայաստան տեղափոխվելուն, ապա, ըստ Քոչարյանի, դա դժվար է եղել: «...Կար պատասխանատվության զգացում: Ընտրվել էի ԼՂՀ նախագահ, եւ ընդամենը մի քանի ամիս անց եղավ այդ առաջարկը, խնդրանքը... Այն ժամանակ Հայաստանում իրավիճակը բավականին ծանր էրՙ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Եվ հասկանալի էր, որ Ղարաբաղը միայնակՙ առանց թիկունքում ուժեղ Հայաստանի, լրջագույն խնդիրներ կունենա: Եվ սա էր հիմնական փաստարկը, որով ինձ փորձում էին համոզել, որ համաձայնեմ գալ Հայաստան: Պետք է նաեւ ընդունենք, որ այդ փաստարկները, իհարկե, լուրջ էին»:
20-ամյա ճանապարհից հետո սպասումների առումով Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել. «Բարեկեցիկ կյանքը չի նվիրաբերվում, այն նվաճվում է, վաստակվում էՙ աշխատանքով, համարձակ եւ մասշտաբային լուծումներով: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա: Նաեւ անկախությունը: Երբ հարցնում եքՙ կճանաչվի՞, թե՞ չի ճանաչվի... Անկախությունը նվաճվում է, այն չի նվիրաբերվում»:

No comments: