Tuesday, September 13, 2011

«Էրեբունի» թանգարանում կցուցադրվի Հոստունի պեղումների արդյունքում բացված հարուստ ժառանգությունը

News.am. 13-9-2011- Հոստուն միջնադարյան գյուղատեղիի հնագիտական պեղումների արդյունքում բացված հնագիտական ժառանգությունը, հիմնականում կենցաղային խեցեղեն եւ մետաղական իրեր, մինչ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանին մշտական պահպանության հանձնվելը կցուցադրվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում: Այն կգործի 2011թ. սեպտեմբերի 17- հոկտեմբերի 17-ը, բացումը` սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին:
Ցուցահանդեսը նվիրվում է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին եւ կրում է «Հոստուն. անկախության տարիների հնագիտական բացահայտումներից» խորագիրը: Այցելուին կներկայացվեն 235 հնագիտական առարկաներ` դաջազարդ կարասների բեկորներ, ջրատար խողովակներ, աշխատանքի մետաղական գործիքներ, ջնարակած խեցեղենի նմուշներ, թասեր, քրեղաններ, ապակե ապարանջաններ, որոնք թվագրվում են 12-19 դարերով:
Նույն օրը` սեպտեմբերի 17-ին, արգելոց-թանգարանում կնշանավորվի նաեւ կրթամշակութային նոր նախաձեռնության` «Պատանի հնագետի դպրոց»-ի պեղումների հրապարակի բացմամբ: Նախագծի նպատակն է կարեւորել երիտասարդ սերնդի դերը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում եւ խրախուսել հնագետի մասնագիտության եւ հնագիտական պեղումների մասին նախնական գիտելիքների տարածումը միջին ու բարձր դպրոցահասակ եւ ուսանող երիտասարդության շրջանում: Պատանի հնագետների համար նախատեսված պեղավայրը բաղկացած է 3 սենյակներից` վերստեղծված Էրեբունի ամրոցի միջնաբերդի կարասային, տնտեսական սենյակների եւ Խալդ աստծո տաճարից հարավ պեղումներով բացված հատվածի նույնական պատկերով: Այս մոտեցումը պատանի հնագետներին թույլ կտա զգալ պատմամշակութային վայրի ոգին` ինչը եւս էական է ապագա մասնագետներ պատրաստելու ճանապարհին:
Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում:
Դպրոցականների համար հարմարեցված «Հնագիտության ներածություն» դասընթացի եւ գործնական պեղումների մեկնարկը նախատեսվում է 2012թ. մայիսից: Իսկ մինչ այդ` պեղավայրը կծածկվի հողով` ինչպես ընդունված է իրական հնավայրերում:

No comments: