Tuesday, September 13, 2011

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵՑ ԵԳԻՊՏՈՍ

Եգիպտական իշխանությունները թույլ չեն տալիս նրան անցնել Գազայի հատված

«ԱԶԳ, 13-09-2011- Երեկ երեկոյան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թալիփ Էրդողանը մեկնեց Եգիպտոս: Սա Եգիպտոսում իշխանափոխությունից հետո նրա առաջին այցն է այդ երկիր, թերեւս դրանով էլ ունի առանձնակի նշանակություն: Այսօր նա Կահիրեում կհանդիպի զինվորական բարձրագույն խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար, մարշալ Մոհամմադ Հուսեյնի Թանթավիին, ապա եւ վարչապետ Իսլամ Շարաֆի հետ: Էրդողանի հանդիպումների օրակարգում որպես առաջնահերթ խնդիր եգիպտա-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծումն է: Թուրքիայի վարչապետը Կահիրեում կհանդիպի Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ, ապա ելույթ կունենա այդ կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը: Ենթադրվում է, որ Էրդողանը ելույթ կունենա նաեւ «Թահրիր» հրապարակում:
Իրականում Եգիպտոսը վարչապետ Էրդողանի շրջագայության առաջին հանգրվանն է: Նա այնտեղից կանցնի Թունիս, ապա կուղեւորվի Լիբիաՙ հանդիպելու Անցումային ազգային խորհրդի նախագահի հետ: Այլ կերպՙ նրա այս շրջագայությունը միանգամայն համապատասխանում է վերափոխվող տարածաշրջանում առանցքային դեր ստանալու Թուրքիայի հավակնություններին, որքան էլ դա համընկնի, անկախ «արաբական գարուն»-ից, ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության շարունակականությունն ապահովելու Վաշինգտոնի առաջադրանքի հետ:
Անկարայի տարածաշրջանային հավակնությունների եւ Վաշինգտոնի առաջադրանքի առումով կարեւոր է նաեւ հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղադրումը Թուրքիայում: Ակնհայտ է, որ այդ համակարգը պաշտպանելու է ոչ թե Թուրքիային, այլ Իսրայելին, ընդ որումՙ Իրանի այսպես կոչված հնարավոր հարձակումից:
Ըստ երեւույթին, հակահրթիռային համակարգը տեղակայելու հանգամանքն է պայմանավորում Թուրքիայի հոխորտանքները Իսրայելի վրա: Միաժամանակ, դա թուրք-իսրայելական տարաձայնություններին հաղորդում է խիստ ուշագրավ բնույթ: Զորավիգ լինելով «արաբական գարնան»-ը, Թուրքիան առանցքային դերակատարություն կստանա տարածաշրջանում, թե ոչՙ ցույց կտա ժամանակը: Բայց որ նա «գարնան» առաջին օրերին Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի բռնատիրական վարչակարգերի հետ սրել էր հարաբերությունները, ակնհայտ է: Ներկայումս նրա հարաբերությունները սրվում են նաեւ Սիրիայի ու Իրանի հետ: Եթե նախագահ Բաշար Ասադի վարչակարգը երկրում պահպանի իր դիրքերը, երկար ժամանակ սրված են մնալու թուրք-սիրիական, համապատասխանաբար իրանա-թուրքական հարաբերությունները, էլ չենք խոսում Լիբանանի մասին:
Սա նշանակում է, որ «արաբական գարուն»-ն ընդամենը ձախողման է հանգեցրել հարեւան երկրների հետ առկա խնդիրները «զրոյական մակարդակի» հասցնելու Էրդողանի կառավարության որդեգրած քաղաքականության բոլոր ձեռքբերումները: Այսպիսով, ելման կետ են վերադարձել Թուրքիայի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ:
Ստեղծված իրավիճակում մտածել, որ Էրդողանի Եգիպտոսով սկսած շրջագայությունը Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների առումով լուրջ արդյունքի կհանգեցնի, իրատեսական չէ: Մանավանդ որ այս շրջագայության վրա իր կնիքն էր թողել Եգիպտոսից Գազա անցնելու նրա մտադրությունը:
Եգիպտոս ուղեւորվելու նախօրյակին վարչապետ Էրդողանը Գազա այցելելու հարցում հաստատակամ էր: Սեպտեմբերի 11-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց. «Այդ հարցը քննարկում ենք եգիպտացի մեր եղբայրների հետ: Համաձայնության գալու դեպքում կգնամ: Գիտեմ, որ Գազայում մեր եղբայրները ինձ են սպասում: Ես ապրում եմ Գազայի կարոտով: Եթե տերը կամենա, վաղ թե ուշ գնալու եմ»:
Նույն օրը Գազայում «Համաս»-ի կառավարության վարչապետ Իսմաիլ Հանիյեն, պատասխանելով թուրքական «Անադոլու» գործակալության հարցերին, նշեց. «Մենք բոլորս պատրաստություն ենք տեսել, սպասում ենք վարչապետ Էրդողանին: Նույնիսկ Նախարարների խորհրդի որոշումով գերագույն հանձնաժողով ենք ստեղծել իրականացնելու համար պատրաստության աշխատանքները»:
Այսինքնՙ Էրդողանի Գազա գնալու հարցը Եգիպտոսի այցի նախօրյակին անտեղի չարչրկվեց: Չարչրկումներին երեկ վերջ տվեց թուրքական հանրային հեռուստատեսությունը, նշելով. «Այդ հարցը դեռեւս հստակեցված չէ», ապա եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Էրդողանը Գազա չի գնալու:
Այլ կերպՙ Եգիպտոսի իշխանությունները նպատակահարմար չեն գտել, որ Թուրքիայի վարչապետը Գազա անցնելու համար հատի եգիպտական սահմանը: Սա նշանակում է, որ Գազա գնալու հարցը, դեռեւս չսկսած, մթագնել է Էրդողանի Եգիպտոս այցը: Փաստորեն, նա այդ մտադրությամբ հիասթափություն է պատճառել ինչպես «Համաս»-ի կառավարությանը եւ Գազայի բնակչությանը, այնպես էլ արաբական այն երկրներին, որոնք հակաիսրայելական կոշտ կեցվածքի համար հերոսացնում էին նրան:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: