Tuesday, September 13, 2011

Քոչարյանն օգտագործո՞ւմ է պահը

«Լրագիր» 13-9-2011- WikiLeaks-ում հրապարակված ամերիկյան դիվանագիտական գրագրության Հայաստանին վերաբերող մասի ուշագրավ տեղեկությունների հիմնական հերոսը թերեւս կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանին: WikiLeaks-ը կամա թե ակամա թարմացրեց Ռոբերտ Քոչարյանի թեման:
Եվ դա Հայաստանի համար կարծես թե դարձել էր քաղաքական անհրաժեշտություն: Գուցե շատերին այդ տեսակետը թվա տարօրինակ եւ անշուշտ վիճելի, բայց Հայաստանի ներքաղաքական կյանքի ընթացքն ինքնին հանգեցրեց նրան, որ առաջացավ Քոչարյանի գործոնի ակտիվացման անհրաժեշտություն, այն դեպքում, երբ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո թվում էր, թե նա ընդամենը պատրաստ է փոխզիջում առաջարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին, նրանցից ընդամենը անվտանգության երաշխիքներ ակնկալելով:
Վերջին հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանը տվեց դեռեւս երկխոսության մեկնարկից առաջ, երբ կարծիք հայտնեց, թե այդ երկխոսությունը լավ կլինի հասարակական-պետական շահով առաջնորդվելու դեպքում, եւ վատ կլինի, եթե առաջնորդվի քաղաքական-կուսակցական շահով: Քոչարյանը նաեւ գործնական առաջարկներ էր ներկայացրել մարտի 1-ի մասով, ասելով, թե գուցե հասարակությունը բավարարվածություն զգա, եթե բացահայտվեն կոնկրետ մարդասպանները, իսկ կազմակերպիչների մասով նա հայտարարեց, թե ինքը կապ չունի, ու առաջարկեց “կապ չունենալ” նաեւ ընդդիմությանն ու Սերժ Սարգսյանին, հայտարարելով, որ սպանություններն այն մասում են եղել, որտեղ իրավիճակը թե ընդդիմությունը չէր վերահսկում, թե իշխանությունը:
Ըստ ամենայնի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ երկխոսության հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը բավական լուրջ էր ընկալել իր համար հնարավոր ռիսկերի առումով: Հազիվ թե Քոչարյանը ունենար երկխոսության հետեւանքով իշխանափոխության մտահոգություն: Բայց համակարգային լուրջ տեղաշարժերի ռիսկ նա երեւի թե տեսել էր, ինչի համար էլ հանդես եկավ մարտի 1-ի խնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին ուղղված “գործնական” առաջարկներով, թերեւս ակնկալելով մի բան` որ երկխոսության արդյունքում նրանք իրեն չեն հասնի եւ կտան անվտանգության երաշխիքներ:
Բայց, երբ մեկնարկեց բուն երկխոսություն կոչված պատվիրակությունների հանդիպաշարը, Քոչարյանն ըստ ամենայնի տեսավ, որ այդ գործընթացը բավականաչափ հեռու է, կամ առնվազն հեռացել է քաղաքական լրջությունից, եւ վտանգի սպասումները թերեւս չափազանցված են: Ավելին, Ռոբերտ Քոչարյանն ըստ ամենայնի այդ գործընթացում սկսեց ոչ թե վտանգ, այլ շանս տեսնել իր համար: Թերեւս դրանով է պայմանավորված նրա իհարկե անուղղակի, բայց բավական ակնհայտ քարոզական աշխուժության փորձը. եթե երկխոսությունը տանում է ոչ թե Հայաստանում իրավիճակ բեկելուն, այլ եղածը ճահճացնելուն եւ կոնսերվացնելուն, ապա այդտեղ արդեն Ռոբերտ Քոչարյանն իրավացիորեն կարող է շանս արձանագրել իր համար:
Այստեղ կարեւոր հանգամանք է այն, որ չնայած Կոնգրես-իշխանություն երկխոսության գործընթացի հանգամանալից եւ մանրակրկիտ վերլուծությանն ու քննադատություններին, քաղաքական դաշտի մյուս հիմնական ուժեր Ժառանգություն եւ Դաշնակցություն կուսակցությունները չկարողացան իրավիճակն օգտագործել ու համարժեք քաղաքական բեւեռ եւ երկխոսությանն այլընտրանք քաղաքական գործընթաց կամ առանձին առանձին, կամ համատեղ ձեւավորելու համար:
Չի բացառվում նաեւ, որ այդ հանգամանքը պարզապես նպաստեց նաեւ ներքաղաքական երկխոսություն կոչվածի դեգրադացմանը, երբ Կոնգրեսն ու իշխանությունը զգալով մրցակցության բացակայությունը, սկսեցին արդեն երկխոսությունը դիտարկել ոչ թե իբրեւ գործընթաց, այլ իբրեւ կարգավիճակ: Բայց նաեւ աներկբա է, որ բազմաթիվ տնտեսա-քաղաքական, իրավական եւ սոցիալ-հոգեբանական խնդիրների ծանրության տակ մնացած հանրությանը որեւէ կերպ չէր կարող բավարարել կողմերի այդ կարգավիճակը, կամ չէին կարող բավարարել այդպիսի կարգավիճակով կողմերը:
Ռոբերտ Քոչարյանը, որպես Հայաստանում իշխանական հավակնությունները երբեք մի կողմ չդրած գործիչ, չէր կարող չզգալ պահի պատեհությունը` անձնական ռեաբիլիտացիայի գործընթաց սկսելու համար:
Թերեւս պատահական չէր նաեւ այն, որ WikiLeaks-ն էլ նպաստեց Քոչարյանի գործոնի ակտիվացմանը: Գաղտնիք չէ, իսկ Միացյալ Նահանգներն այդ մասին նույնիսկ բացահայտ է հայտարարել, որ ներքաղաքական երկխոսության գործընթացի աշխույժ աջակից է եղել Արեւմուտքը, մասնավորապես ԱՄՆ: Եվ բնական է, եթե ԱՄՆ, որպես գործընթացի աջակից, մտահոգվեր դրանում նկատվող դեգրադացիոն միտումներով եւ այսպես ասած կարգավիճակախաղի վերածված բովանդակությամբ ու որակով:
Այդպիսի գործընթացը կամ պետք է դադարեցնել, կամ էլ պետք է շրջանառության մեջ դնել հավելյալ խթանիչներ, որոնք կողմերին կարող են այսպես ասած ուշքի բերել կամ սթափեցնել: Ու հետաքրքրական է, որ հենց այդ անհրաժեշտության պահին հորդաց WikiLeaks-ը, թերեւս կողմերին հիշեցնելով, որ կա Ռոբերտ Քոչարյան, ով ամենեւին միայն ներքաղաքական ալիբի չէ Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի համար, այլ բավական ռեալ գործոն:
Այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանում նկատելի քարոզչական ակտիվացումը, որն իհարկե չունի այսպես ասած պաշտոնական դրսեւորում, այլ առավելապես միջնորդավորված է իրականացվում, գուցե նաեւ հիմնված է հենց այն հաշվարկի վրա, որ ներկայիս ներքաղաքական եւ գուցե նաեւ աշխարհաքաղաքական իրադրությունում կարող են զգալիորեն միմյանց առնչվել Արեւմուտքի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերը: Դրանք գուցե չունեն երկարաժամկետ հեռանկար, գուցե նույնիսկ միջնաժամկետ էլ չկա, բայց կարճաժամկետ էֆեկտի պարագայում անգամ Քոչարյանը թերեւս չէր վարանի այդ նպաստավոր պահն օգտագործել իր քաղաքական ծրագրերն առաջ մղելու համար, առավել եւս, եթե Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական կյանքն արդեն երկար ժամանակ է խոշոր հաշվով դոփում է տեղում եւ շարժում է նկատվում միայն ներքաղաքական ինտրիգների տիրույթում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


No comments: