Wednesday, September 21, 2011

Որ տարբերակը կընտրի Քոչարյանը

«Լրագիր» 20-9-2011- Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, 168 ժամ թերթին տված հարցազրույցում, թե ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանը վերջիվերջո կունենա քաղաքական ներգրավվածություն: «Նախ` խորհրդարանական ընտրություններն են: Այնտեղ, ես կարծում եմ, որ ինչ-որ դրսևորում կլինի», ասել է Վարդան Օսկանյանը:
Նրա հայտարարությունն իհարկե իմպերատիվ չէ, առավել եւս, որ նախկին արտգործնախարարը խոսում է ենթադրությամբ: Բայց, արդյոք նա կաներ այդպիսի հրապարակային ենթադրություն, եթե այդպիսի ազդակ կամ հենց ուղղակի հորդոր կամ խնդրանք ստացած չլիներ Ռոբերտ Քոչարյանից: Համենայն դեպս, նախկին հարցազրույցներում Վարդան Օսկանյանը կարծես թե խուսափում էր ենթադրություններ անել Քոչարյանի քաղաքական ներգրավվածության վերաբերյալ:
Իսկ ինչ ներգրավվածություն, դրսեւորում կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի առաջիկա ընտրությանը: Հազիվ թե նա գլխավորի ՀՀԿ ցուցակը: Այ, ԲՀԿ ցուցակի պարագան կարող է լինել հետաքրքրական: Արդյոք Քոչարյանը կհավակնի գլխավորել ԲՀԿ-ն: Հիշարժան է, թե ինչպես էր Քոչարյանը Մարի Յովանովիչին դժգոհել, որ ԲՀԿ-ն մեկ անձի կուսակցություն է եւ չի կարող քաղաքական էական պահվածք դրսեւորել:
Գագիկ Ծառուկյանն առայժմ չի արձագանքել Քոչարյանի այդ գնահատականի մասին վիկիլիքսյան «բացահայտմանը»: Փոխարենը արձագանքել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Սաֆարյանը, ասելով, որ այո, ԲՀԿ առանցքը կուսակցության առաջնորդն է եւ կուսակցությունը հենց դրանով է կուռ եւ ուժեղ: Բայց հասարակական-քաղաքական շրջանակներում էլ շարունակում է գերիշխել կարծիքը, որ հենց Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ ներկայիս առաջնորդի շուրջ հավաքեց այդ կուռ եւ ուժեղ կուսակցությունը եւ հանեց 2007 թվականի խորհրդարանի ընտրության ասպարեզ:
Կարող է արդյոք Քոչարյանը քանդել ու հավաքել ԲՀԿ-ն, ինչպես «լեգո» խաղալիքը: Ամերիկյան դիվանագետների կարծիքով, օրինակ, որ կրկին պարզ դարձավ Վիկիլիքսից, Քոչարյանն անգամ ամբողջ խորհրդարանը կարող է «լեգոյի» նման տնօրինել, այնտեղ հավաքելով մեծամասնություն: Ուրեմն մի ԲՀԿ հարցում նա այդ բանը կարող է անել թերեւս «փակ աչքերով»: Միգուցե հենց այդ գիտակցումն է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը գերադասում է ձեռնպահ մնալ ԲՀԿ մասին Քոչարյանի տված գնահատականը մեկնաբանելուց, իրեն թողնելով հետագա մանեւրի հնարավորություն:
Իսկ ուրիշ ինչ հնարավորություն ունի Քոչարյանը որեւէ դրսեւորում ունենալ խորհրդարանի առաջիկա ընտրությանը: Օրինակ, շատ ավելի հավանական կարող է լինել, որ Քոչարյանը նախընտրի այդ գործընթացին մասնակցել ոչ առանձին դիրքերում, այսինքն ոչ որեւէ ցուցակ գլխավորելով: Բայց ո”ւմ միջոցով: Արդյո՞ք նույն ԲՀԿ-ի, որին կարող է ենթարկել այսպես ասած համալրման երկրորդ ալիքի: Այդ դեպքում էլ, սակայն, նույն հարցերը մնում են, թե ինչ կարող է անել Ծառուկյանը:
Չէ՞ որ Քոչարյանի մասնակցությունը ենթադրելու է ՀՀԿ հետ մրցակցություն, եթե իհարկե Քոչարյանը խորհրդարանի ընտրությանը չի ներգրավված Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված, այսպես ասած 2018-ի «պլանի» համատեքստում. Քոչարյանը Սարգսյանին կօգնի խորհրդարանի ընտրությունը անցկացնել համեմատաբար կուռ համակարգով, միեւնույն ժամանակ որոշակի երաշխիքային տեղեր ստանալով այդ համակարգում, որպեսզի Սարգսյանի մտքով չանցնի 2018-ին այսպես ասած խոստմնազանց լինել եւ իշխանությունը չվերադարձնել Ռոբերտ Քոչարյանին:
Բայց, համենայն դեպս առայժմ դատելով Ռոբերտ Քոչարյանի ակնարկներից, հայտարարություններից, գնահատականներից, գոնե հրապարակային մակարդակում նա մրցակից է Սերժ Սարգսյանին: Թեեւ, մյուս կողմից, դա հենց կարող է լինել համատեղ պլանի մաս, երբ Քոչարյանի ֆոնին Սարգսյանը կփորձի պարզապես հանդուրժողության եւ առնվազն չարյաց փոքրագույնի իմիջով շահել ընտրությունը, Քոչարյանին հակադրելով Հայ ազգային կոնգրեսին:
Այստեղ սակայն էական նշանակություն է ձեռք բերում այն, թե ընտրական գործընթացում ինչպիսի ակտիվություն կցուցաբերի Հայաստանի հանրությունը, հատկապես դրա քաղաքացիական նախաձեռնություններով աչքի ընկնող հատվածը, ու նաեւ ինչպիսի ներգրավվածություն կունենա ընտրությանն Արեւմուտքը: Վերջին շրջանում նկատելի է, որ Արեւմուտքը կարծես թե մտադիր է ավանդականից ավելի ակտիվ եւ անմիջական ներգրավվածություն ունենալ Հայաստանի ընտրական գործընթացին: Իսկ դա, գումարած Հայաստանի հասարակության քաղաքացիական ակտիվը, էական խոչընդոտ կարող է լինել «Սարգսյան-Քոչարյան» խաղի համար, եթե անգամ ենթադրենք, որ այդպիսի բան կարող է լինել:
Եթե Քոչարյանն իսկապես ընդդիմադիր մրցակցային դիրքից է հանդես գալու, ներգրավվածություն ունենալու խորհրդարանի ընտրությանը, ապա այստեղ արդեն կարծես թե առավել տրամաբանական է թվում Դաշնակցությամբ հանդես գալու տարբերակը: Չէ որ ընդդիմությունը Դաշնակցությունն է, ոչ թե փետրվարի 17-ին ՀՀԿ-ի հետ չմրցակցելու եւ նրանից ձայներ չխլելու մասին կոալիցիոն հուշագիր ստորագրած Բարգավաճ Հայաստանը:
Ի դեպ, ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ն շատ ավելի բաց եւ թափանցիկ է արտահայտվել Քոչարյանի հետ գործակցության պատրաստակամության մասին: Բայց, ինչպիսի՞ն կարող է լինել Քոչարյանի ներգրավվածությունը ՀՅԴ միջոցով: Նա կգլխավորի՞ ՀՅԴ ցուցակը, թե հանդես կգա Դաշնակցությանը սատարող հայտարարություններով:
Ընդհանրապես, արդյոք Քոչարյանը կընտրի գործընթացին մասնակցելու հրապարակային տարբերակը, թեկուզ անուղղակի մասնակցության, թե ում միջոցով էլ փորձի մասնակցել, կնախընտրի ստվերային աջակցությունը` ի դեմս իշխանության մեջ ունեցած իր ազդեցության:
Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Քոչարյանը մասնակցի ասենք ՕԵԿ միջոցով: Այն, որ նա այդ կուսակցության առաջնորդին ժամանակին դավաճան էր որակել, երեւի թե բացառում է ՕԵԿ-ի հետ գործակցությունը, առավել եւս, որ ՕԵԿ-ն էլ կարծես թե չունի Քոչարյանի կարիք, որովհետեւ Սերժ Սարգսյանը խոստացել է տեղ տալ խորհրդարանում: Այլ բան է իհարկե, եթե Արթուր Բաղդասարյանը որոշի այդ տեղը վաճառել Քոչարյանին, Սերժ Սարգսյանին դավաճանելով: Շատ բան թերեւս կախված է Բաղդասարյանի կոնյակի գործարանի վաճառքի ծավալներից, թե ինչպիսին կլինեն դրանք ընտրական գործընթացի ժամանակահատվածում:
Իսկ կարո՞ղ է արդյոք Քոչարյանը որպես ներգրավվածության հարթակ դիտել Հայ ազգային կոնգրեսին կամ Ժառանգությանը: Դա պատկերացնելը թերեւս ավելի բարդ է, քան ասենք Քոչարյան-ՕԵԿ գործակցություն պատկերացնելը: Բայց ում համար է գաղտնիք, որ Հայաստանում կարող են տեղի ունենալ բաներ, որոնք հնարավոր չէր պատկերացնել մինչեւ կատարվելը: Այնպես որ, ճիշտ կլինի, եթե բոլորը պատրաստ լինեն Քոչարյանին: Թող պատրաստվեն, թեկուզ նա չգա, միեւնույն է` Քոչարյանին միշտ պատրաստ լինելը երբեք չի խանգարի:
Բայց, կա թերեւս մի նրբերանգ. Քոչարյանին պատրաստ լինելն ամենեւին չի նշանակում պատրաստ լինել Սերժ Սարգսյանին աջակցելու: Հակառակը, որքան իրատեսական լինի Քոչարյանի քաղաքական վերադարձի հեռանկարը, դա թույլ չտալու համար այդքան խիստ պետք է դրվեն Սերժ Սարգսյանին ներկայացվելիք հասարակական պահանջները, որոնք վերաբերում են երկրում համակարգային փոփոխություններին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: