Friday, September 30, 2011

Ինչ ցուցակով է գալիս Սերժ Սարգսյանը

«Լրագիր» 30-9-2011- Դեռեւս Սերժ Սարգսյանի արեւմտյան շրջագայությունից առաջ հայկական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ վերադարձից հետո Սերժ Սարգսյանն իշխանության համակարգում մի շարք կադրային փոփոխություններ է կատարելու:
Կապ ունե՞ն արդյոք այդ փոփոխությունները նրա շրջագայության հետ, թե պարզապես ժամանակային առումով է այդպես դասավորվել: Չէ որ տրամաբանական է, որ նախընտրական նպատակներով Սերժ Սարգսյանը կատարի այդ փոփոխությունները, առավել եւս, որ Հայաստանում դրանք հանրայնորեն սպասված քայլեր են, թեեւ հանրությունն արդեն իսկ կատարված մի քանի փոփոխությամբ համոզվեց, որ կյանքի որակի վրա ազդեցության առումով այդ քայլերն ամենեւին էլ արդյունավետ չեն, համենայն դեպս առայժմ:
Իսկ ուր է գնացել Սերժ Սարգսյանը եւ ում հետ հանդիպել: Նա նախ մեկնեց ԱՄՆ եւ մասնակցեց ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանին, ելույթ ունեցավ, Պան Գի Մունի հետ զրուցեց, ստացավ ներգաղթի մեդալ, բասկետբոլի մարզաշապիկ եւ բացեց Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանը: Ինչպես տեսնում ենք, Միացյալ Նահանգների իշխանությունը Սերժ Սարգսյանի այցին պաշտոնապես ուշադրություն չդարձրեց: Սարգսյանին որեւէ առիթով “չպատահեց” ոչ նախագահ Օբաման, ոչ փոխնախագահ Բայդենը, ոչ էլ անգամ պետքարտուղար Քլինթոնը: Քլինթոնն անգամ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին “չպատահեց”: Նա ընդամենը հանդիպեց պետքարտուղարության պաշտոնյաներից մեկին, ոչ ավելի:
ԱՄՆ այս “դեմարշն”, ըստ երեւույթին, ունեցավ հետեւյալ նշանակությունը` “Մենք ինչ ասելու էինք, ասել ենք վաղուց, եւ սպասում ենք ձեր գործողություններին”, կամ, “Մենք ինչ ասելու էինք, Վիկիլիքսը ասեց, հիմա սպասում ենք ձեր գործողություններին”: Ըստ ամենայնի, չհանդիպելով Սերժ Սարգսյանին, ԱՄՆ դրանով շատ ավելին ցույց տվեց, քան կաներ որեւէ կարճ կամ երկար զրույցի ընթացքում:
Նահանգներից հետո Սերժ Սարգսյանը այցելեց Ֆրանսիա, որտեղ հանդիպեց այդ երկրի ղեկավարությանը` սկսած նախագահ Սարկոզիից, ով մի քանի օր անց պետական այցով գալու է Հայաստան: Սարկոզին հայտարարել է, թե անհամբերությամբ սպասում է երեւանյան այդ այցին: Արդյոք դա պարզ քաղաքավարություն է, թե Սարկոզին ինչ որ բան ասել է Սերժ Սարգսյանին, ու անհամբեր սպասում է Երեւանում դրա պատասխանին:
Ֆրանսիայից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Լեհաստան, որտեղ մասնակցելու է Եվրամիության Արեւելյան գործընկերության Վեհաժողովին: Լեհաստանն արեւելք է, բայց Արեւմուտքի արեւելքը, հետեւաբար այնտեղ էլ Սարգսյանը գտնվելու է այսպես ասած արեւմտյան կորի մեջ: Այդ կորում զգալի նշանակություն ունի ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը, որի սկզբունքը օրերս Բրյուսելում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն ամփոփել էր ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ինչքան շատ կանեք բարեփոխում, այդքան շատ փող կստանաք: Իսկ փողը Հայաստանին պետք է, առավել եւս, որ աշխարհում կարծես թե տնտեսական ճգնաժամի նոր ալիք է հասունանում:
Այնպես որ, Սերժ Սարգսյանին անկասկած նաեւ Լեհաստանում կարեւոր բաներ կասեն, անուններ կտան, որոնք պետք է իրենց “մաշկի” վրա զգան բարեփոխումների ընթացքը: Իհարկե, չի բացառվում, որ երբ հոկտեմբերի կեսին Սերժ Սարգսյանը գնա Մոսկվա, այնտեղ Արեւմուտքի տված անունների այդ ցուցակը վերցնեն ու պատռեն: Բայց բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդ ցուցակը պետք է, որովհետեւ այդ ցուցակն է լինելու նրա իշխանության բանաձեւը: Եթե նա կարողանա ազատվել որոշակի պաշտոնյաներից, կստանա իրական իշխանություն ձեւավորելու եւ այդ իշխանությամբ ընտրական ներկայիս փուլն անցնելու հնարավորություն: Եթե ոչ, ապա նրան այդ պաշտոնյաներն իհարկե կանցկացնեն այդ փուլը, գուցե նույնիսկ ձեռքերի վրա, բայց վայ այդ անցնելուն, որովհետեւ արդեն նրանք են որոշելու, թե Սերժ Սարգսյանին որտեղ եւ ինչ պայմաններով “տեղը դնեն”:
Ի դեպ, շատերը կարող են մտածել, թե իսկ ում անուններն են այդ ցուցակում: Հավանական է, որ ցուցակում ոչ մի անուն էլ չկա, այլ միայն լուսանկարներ են, եւ գուցե ոչ թե ում, այլ ինչի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: