Wednesday, September 7, 2011

Ովքեր են խանգարում Սեյրան Օհանյանին

«Լրագիր» 7-9-2011- Իրավացի են նրանք, ովքեր ի պատասխան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին պահանջների, կամ բանակում արձանագրվող ողբերգական դեպքերի առումով նրան ուղղված մեղադրանքների, հայտարարում են, թե չի կարելի ամեն ինչ միանգամից վերագրել Սեյրան Օհանյանին:
Իհարկե, ամեն ինչ չի կարելի միանգամից վերագրել: Բայց միթե ամեն ինչ հիմա հենց միանգամից է: Նախորդ տարի հասարակությունը ցնցվեց բանակում տեղի ունեցած ողբերգական մահերի շղթայից: Թվում էր, թե պաշտպանության նախարարությունը պետք է արմատական քայլեր ձեռնարկեր իրավիճակը փոխելու համար, բայց ինչպես երեւում է իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլ ի հայտ են գալիս դրա ողբերգականության նոր դրսեւորումներ:
Եվ այդ պարագայում Սեյրան Օհանյանի պատասխանատվության հարցը բարձրացնելը ամենեւին էլ “միանգամից” չէ, այլ միանգամայն հստակ տրամաբանության արդյունք: Եթե բանակում իրավիճակը չի փոխվել, ուրեմն նախարարի պատասխանատվության հարցը պետք է բարձրանա ինքնաբերաբար: Ընդ որում, դա պետք է ոչ թե հանրությունն անի, այլ հենց իշխանությունը` Գերագույն գլխավոր հրամանատարը, որովհետեւ խնդիրն ահագնացել է այն աստիճան, որ արդեն հենց նրա պատասխանատվությունն է դառնում օրակարգային:
Սերժ Սարգսյանը պետք է անդրադառնա խնդրին, ու անդրադառնա ոչ թե վերացական ձեւակերպումներով, այլ կոնկրետ, հասցեական ազդակներով: Եթե նա համարում է, որ Սեյրան Օհանյանը պետք է մնա պաշտոնում եւ շարունակի աշխատել, այդ դեպքում Սերժ Սարգսյանը պետք է հստակ մատնացույց անի նրանց, ովքեր խանգարում են Օհանյանին, եւ Օհանյանին պետք է ազատի այդ խանգարողներից: Թերեւս աներկբա է, որ Հայաստանի բանակին անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ, ու այդ փոփոխությունների համար անհրաժեշտ է մադկանց մի զգալի մասի հեռացնել բանակի բարձրագույն հրամկազմից:
Հայաստանին անհրաժեշտ է միանգամայն նոր մտածողության եւ որակների, նոր արժեքների կրող ԶՈՒ գլխավոր շտաբ, որը համարժեք է ռազմական արվեստի արդիական միտումներին, համաշխարհային ռազմա-քաղաքական միտումներին, որը պատկերացնում է 21-րդ դարի բանակի նրբերանգները: Հայաստանի ԶՈՒ ներկայիս բարձրագույն հրամկազմի զգալի մասը` թե նախարարությունում, թե ԶՈՒ գլխավոր շտաբում, պատկերացում անգամ չունեն այդ միտումներից: Նրանց պատկերացումները համապատասխանում են միայն իշխանության վերարտադրության հայաստանյան ավանդական մեխանիզմի պահանջներին:
Այդ իրողությունն է հանգեցրել բանակի ողբերգական իրավիճակին, երբ ամեն ակնթարթ կարող է նոր ողբերգություն ծնել եւ դառնալ խաղաղ պայմաններում հերթական զոհի պատճառ:
Խնդիրը պետք չէ տեղավորել վիճակագրության շրջանակներում եւ հանրությանը մատնացույց անել, թե ասենք այս տարի նախորդ տարվանից ավելի քիչ զոհ է եղել խաղաղ պայմաններում, կամ նախորդ տարի ավելի քիչ է եղել, քան մի քանի տարի առաջ: Կա մթնոլորտի խնդիր: Ներկայում երեւան են գալիս ոչ թե բանակում կատարվող սպանությունները առանձին-առանձին, այլ բանակի մթնոլորտը ընդհանրապես: Այդ մթնոլորտում գուցե ոչ մի մարդ էլ չսպանվի կամ դաժան բռնության չենթարկվի ասենք մեկ տարվա, երկու տարվա, երեք տարվա կամ հինգ տարվա ընթացքում: Դա չէ այլեւս խնդիրը, այլ մթնոլորտը ինքնին, որովհետեւ հայկական բանակում ներկայում ձեւավորված մթնոլորտը, փոխհարաբերությունների արժեհամակարգը բռնություն են ինքնին` հոգեբանական բռնություն:
Այդ մթնոլորտը պետք է փոխել, անկախ մահերի վիճակագրությունից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: