Tuesday, September 6, 2011

Աղասիկին հնարավոր էր փրկել

«Լրագիր» 5-9-2011- Աղասի Աբրահամյանը 10 ժամ անօգնական վիճակում մնացել է բուժմասում, հետո նրա նկատմամբ կրկին բռնություն է կիրառվել,- սա թերևս զինդատախազ Գևորգ Կոստանյանի նկարագրության ամենատպավորիչ հատվածն էր, որը վերաբերում էր օգոստոսի 26-ին Եղնիկներում կատարված ողբերգական դեպքին:
Թե ինչ է կատարվել այդ օրը, երբ զինծառայող Աղասի Աբրահամյանը բարձրացել է դիրքեր, իր վերջին հերթապահության, զինդատախազի ելույթից ամբողջությամբ պարզ չդարձավ, անուններ չհնչեցին, բայց Կոստանյանը հայտնեց նախաքննությամբ ապացուցված դեպքերի հաջորդականությունը.
«Մենք ունենք երկու էպիզոդ գումարտակում տեղի ունեցած ծեծի և բռնության, որոնց արդյուքում տուժողն իրեն սկսել է վատ զգալ, գիտակցությունը կորցրել է և վայր է ընկել: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է զորամասի բուժկետ, որը գումարտակից մոտ 30 կմ հեռավորության վրա է: Այնուհետև նա 10 ժամ գտնվել է բուժկետում, ըստ նախնական տվյալների՝ անօգնական վիճակում, ինչին գումարվել է նաև բուժկետի ծառայության պետի կողմից բռնության կիրառման էպիզոդը: Եւս մի քանի ժամ անց տուժողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ և արձանագրվել է մահվան փաստը», - ներկայացրեց զինդատախազը:
Ըստ նրա, այս պահի դրությամբ կա մեկ կալանավորված սպա և մեկ ձեռբակալված զինծառայող, որի կալանավորման միջնորդությունը ներկայացված է դատարան: Ժամկետային ծինծառայողին մեղադրանք է առաջադրվել Քր. Օր-ի 359 հոդվածի առաջին կետով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները խախտելը, որը պատժվում է առավելագույնը երկու տարվա ազատազրկմամբ: Հիշեցնենք, որ կալանավորված սպայի մեղադրանքը նույնպես համեմատաբար մեղմ է` իշխանության չարաշահելը, իշխանազանցությունը, կամ իշխանության անգործությունը:
«Սպանություն» հոդվածով դեռեււս ոչ մի մեղադրանք չի առաջադրվել: Բժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը մահվան պատճառի վերաբերյալ սպասվում է երկու օրից:
Մեր հարցին, թե արդյոք գոնե կարգապահական պատասխանատվության ենթարկվելու է Եղնիկների հրամանատարական կազմը, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ դա կարող է պատահել.
«Կախված նրանից, թե ինչ չափով կհիմնավորվի այս կամ այն սպայի դերը կամ անգործության բնույթը, որը կարող էր այս հանցագործության կանխելուն, կամ այս հանցագործության քննությանը օժանդակելուն ուղղված լիներ, գուցե և կխոսենք այդ մասին», - ասաց նա, կրկնելով, որ ցանկացածը, ով առնչություն է ունեցել դեպքին, վստահաբար ենթարկվելու է պատասխանատվության, անգամ իր անգործության համար:
Գևորգ Կոստանյանը ժխտեց մամուլում տարածված տեղեկությունը, որ մեղավորների շրջանակում ՀՀ նախագահի ինչ-որ սանիկ կա: «Բացառվում է: Նման անձ չկա, չի եղել, ՀՀ նախագահին ազգական, կամ սանիկ, կամ այլ եղանակով ազգական այս գործում չի եղել, նման որևէ տեղեկություն չկա»:
ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, որը նույնպես եկել էր լրագրողների հետ հանդիպման, ասաց, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ և առերեսումներ.
«Հնարավոր է, որ դրանք հիմք հանդիսանան մինչև օրվա վերջ եւս երկու անձանց ձերբակալելու, որպես կասկածյալ ներգրավելու համար»: Ըստ Հարությունյանի, այսօր պաշտպանության նախարարը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել պարզելու համար, թե որտեղ է, որ զինծառայությունը ճիշտ չի կազմակերպված և «որոնք են այն պատճառներն ու պայմանները, որոնք կարող էին նման հանցագործության համար պարարտ հող ստեղծել»:


Սյուզան Սիմոնյան

No comments: