Wednesday, September 14, 2011

ԱՄՆ կհասկացնի՞ Հայաստանին

«Լրագիր» 14-9-2011- ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հեֆերնի թեկնածությունը, ով դրանից առաջ ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալն էր: Փաստորեն, այս անգամ ԱՄՆ բավական արագ լուծեց Հայաստանում նոր դեսպանի հարցը, այն չձգելով այնպես, ինչպես Էվանսից հետո Մարի Յովանովիչի նշանակումը:
Այս անգամ կարծես թե ԱՄՆ հայկական լոբբին էլ չկազմակերպեց հայդատական անիմաստ դիմադրություններ, որոնք տեղեկատվական շոուներից բացի, որեւէ այլ արժեք կարծես թե իրենցից չեն ներկայացնում, եթե իհարկե չհաշվենք այն կոնգրեսականների շահույթները, որ ստանում են հայկական լոբբիի այդ տեղեկատվական շոուներին աջակցելու համար:
Ըստ երեւույթին, հայկական լոբբին հասկացավ, կամ գուցե ինչ որ խողովակներով հասկացրին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցը ներկայում ավելի լուրջ է, քան այն շոուները, որ կազմակերպվում են հայկական հարցի համատեքստում: Իսկ ինչով է կարեւոր Հայաստանում դեսպանի հարցը: Չէ որ դեսպանով, թե առանց դեսպանի, այդուհանդերձ դեսպանատունը Հայաստանում աշխատել եւ աշխատելու է, իսկ ինչպես WikiLeaks-ը ցույց տվեց, Հայաստանի քաղաքական դասի համար էական չէ, թե ում կրծքին արտասվել` դեսպանի, թե ասենք փոխդեսպանի:
Բայց, չէ որ ԱՄՆ-ը դեսպաններ նշանակելիս առաջնորդվում է ոչ թե տվյալ երկրի քաղաքական դասի դարդերով, այլ սեփական առաջնահերթություններով: Իսկ Հայաստանը ներկայում անկասկած ընդգրկված է ԱՄՆ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, ինչը ենթադրում է հնարավորինս բարձր մակարդակի դիվանագիտական աշխատանք:
Բանն իհարկե չի հասել պետքարտուղարի կամ փոխպետքարտուղարի մակարդակով ինտենսիվ շփումների, քանի որ այդ մակարդակները թերեւս ոչ թե առաջնահերթությունների, այլ գերակայությունների համար են: Բայց Հայաստանի հետ դեսպանի մակարդակով դիվանագիտական շփումները ԱՄՆ համար կարեւոր են, նկատի ունենալով այն գործընթացները, որոնք աշխուժորեն ընթանում են արաբական եւ մերձավորարեւելյան ուղղություններով, եւ որոնք կարեւոր են դարձնում նաեւ հարավկովկասյան իրողությունները: Բարեբախտաբար, անգամ արագորեն ռեֆորմացվող Վրաստանը չկարողացավ աշխարհաքաղաքական ռազմավարության տեսանկյունից նվազեցնել այն պոտենցիալը, որ ունի Հայաստանը, հայկական գործոնը տարածաշրջանում:
Այդտեղ հանգամանքները բազմաթիվ են ու բազմազան, սկսած Ղարաբաղի պատերազմի հաղթանակից, վերջացրած զուտ ստեղծագործական պոտենցիալով, որ կյանքի տարբեր բնագավառներում առկա է Հայաստանում: Կան նաեւ օբյեկտիվ հանգամանքներ, մասնավորապես պայմանավորված Թուրքիայի հետ Հայաստանի խնդիրներով, Իրանի հետ անմիջական հարեւանությամբ, Ռուսաստանի հետ հարաբերությամբ:
Այդ ամենը Միացյալ Նահանգներին թելադրում են Հայաստանը ներառել արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում, առավել եւս, որ Նահանգների համար ներկայում երեւի թե շատ կարեւոր է Հարավային Կովկասում ապահովել հավասարակշռություն, ռուս-թուրքական աշխույժ էքսպանսիոն ձգտումների պարագայում: Իսկ այդ հավասարակշռությունը կարող է պահել միայն ռեֆորմացվող Հայաստանը, քանի որ առարկայական ռեֆորմների բացակայության պարագայում Հայաստանը տարածաշրջանում լինելու է հանձնողի եւ հանձնվողի դերում, իսկ ԱՄՆ-ից էլ պարբերաբար մեծ ջանքեր է պահանջվելու այդ հանձնումները կանխելու համար:
Այդ առումով, ԱՄՆ-ին անհրաժեշտ է ինքնաբավ Հայաստան, որն ինքը կկարողանա իրացնել, եւ որ դրանից կարեւոր է` կհասկանա իր բուն եւ օպտիմալ առաքելությունը Հարավային Կովկասում: Իսկ դրա համար Հայաստանում անհրաժեշտ են առարկայական փոփոխություններ եւ վերափոխումներ:
Հայաստանի առաջիկա ընտրական փուլը եւ դրան տանող ներքաղաքական իրողությունները տալիս են որոշակի հնարավորություններ Հայաստանում համակարգային էական փոփոխություններ խթանելու համար, անգամ անկախ ներքաղաքական սուբյեկտների կամքից ու ցանկությունից: Թերեւս այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ նախընտրեց Հայաստանի առաջիկա ընտրական փուլը անցկացնել դեսպանի, ոչ թե փոխդեսպանի մակարդակով, ինչպես 2008 թվականին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: