Thursday, September 22, 2011

ՀՅԴ առաջ է տանում միայն իր շահը

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի ամերիկյան գրասենյակի անդամ Կարո Կարապետյանի հետ
- Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՅԴ ամերիկյան կառույցի վերջին քայլերը. Սկզբում նրանք հրաժարվեցին մասնակցել Անկախության քսանամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանի պատվին տրվող ճաշկերույթին, սակայն հիմա մտափոխվել են ու հայտարարություն են տարածել՝ հաստատելով ճաշկերույթին իրենց մասնակցությունը:
- Նախ ասեմ, որ ես ի սկզբանե չեմ հավատացել նրանց հայտարարությանը եւ դեռ այն ժամանակ ասել եմ, որ դաշնակցության կառույցները սփյուռքում ավելի շատ ակումբներ են, քան քաղաքական միավորներ: Ինչպես ՀՅԴ բյուրոն, այնպես էլ նրա բոլոր կառույցները հիմնականում առաջ են տանում իրենց կուսակցական շահը, փոխարեն զբաղվելու հայ հասարակությանը հուզող խնդիրներով: Հնարավոր չի հավատալ մի կառույցի, որը դեռ մի քանի տարի առաջ բացարձակ անտարբեր էր 2008թ ընտրություններ կոչվածի հետ, որեւէ կերպ չարձագանքեց Մարտի 1-ի սպանդին, քար լռություն պահպանեց քաղբանտարկյալներ ունենալու իրողությանը: Այդ օրերին մեր համայնքի գերակշիռ մեծամասնությունը ոտքի էր ելել եւ իր մասնակցությունն էր ցուցաբերում մեր հայրենիքին եւ ժողովրդին հուզող խնդիրներով, իսկ դաշնակցության ամերիկյան կառույցը սատարում էր, ինչպես որ իրենք են ասում, ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները ոտնակոխ անող խմբին:
Այսպես ասած ճաշկերույթին մասնակցելու մերժման հիմքը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, եղել են ներկուսակցական խնդիրները: Հակասություններ առաջացել են Ամերիկյան կառույցի եւ ՀՅԴ բյուրոյի միջեւ՝ ՀՅԴ բյուրոյի կազմում չեն ներգրավվել Ամերիկյան կառույցի ներկայացուցիչներ: Եվ փաստորեն առաջին հայտարարությամբ Ամերիկյան կառույցը որոշել էր իր եսը ցույց տալ բյուրոյին եւ նրա հովանավոր հայաստանյան իշխանություններին: Խնդիրը նրանում է, որ դաշնակցական շարքերը, ասել է թե անդամները, միշտ չէ, որ կիսում են իրենց ղեկավարների ֆորմալ որոշումներն ու հայտարարությունները, սակայն այդ կուսակցության ոչ դեմոկրատական կառուցվածքով պայմանավորված զրկված են որեւէ նախաձեռնությունից, որեւէ հնարավորությունից ղեկավար մարմինների որոշումների կայացման գործընթացների վրա ազդելու համար:
Բացի այդ, որքան որ ես գիտեմ, բյուրոն իրավասու է լուծարելու այս կամ այն կառույցի ղեկավար մարմինը եւ կազմավորելու այլ մարմին: Եվ ըստ երեւույթին այս “պայքարում” բյուրոն ավելի “սկզբունքային” եւ “հետեւողական” եղավ, ինչի արդյունքում ամերիկյան կողմը գնաց զիջումների, երեւի թե պոկելով ինչ որ բաներ, որոնք կարծում եմ շատ շուտով ի հայտ կգան:


- ՀՅԴ-ականները որպես հիմնավորում բերել են այն հանգամանքը, որ ՀՀ դեսպանությունը ուղղել է իրեն ու ճաշկերույթը ոչ թե ի պատիվ Ս.Սարգսյանի է, այլ՝ Անկախության տարեդարձին նվիրված:
- ՀՅԴ Ամերիկյան կառույցի, այսպես կոչված, հիմնավորումները անկեղծ ասած անհիմն են: Ես ուշադիր կարդացել եմ նրանց առաջին հայտարարությունը եւ կարող եմ հաստատել, որ այն խնդիր չի դնում հուպատոսարանի առջեւ ինչ որ ձեւակերպումներ փոխելու, ասել է թե՝ այդ ճաշկերույթը ի պատիվ Սերժ Սարգսյանի՞ է, թե անկախության 20 ամյակի: Այդ հայտարարությունը ուղղված էր, ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ ավազակախմբի դեմ, մեջբերում եմ. “Անկախութեան տօնակատարութիւնը չի՛ կրնար առիթ ծառայել փառաւորելու հեղինակազրկուած պաշտօնատարներ, այս պարագային՝ նախագահ մը, որու վարած քաղաքականութեան իբրեւ հետեւանք 20 ամեայ անկախ Հայաստանը ամէն օր առաւել եւս կը խռի փտախտի տիղմին մէջ, իսկ ժողովրդավարութիւնն ու ժողովրդավարական արժէքները կը շարունակուին ոտնակոխուիլ, որպէսզի կարելի ըլլայ ապահովել յանցաւոր վարչակարգին վերարտադրութիւնը։ Մարդկային իրաւունքներու կոպիտ ոտնահարումները, քաղաքացիական հասարակութեան զարգացման արգելակումը, դատական համակարգէն ներս արդարութեան եւ անկախութեան բացակայութիւնը երկրին մէջ, այս նախագահի օրօք, ստեղծած են բարոյահոգեբանական այնպիսի ապառողջ մթնոլորտ, որ հայ մարդուն մէջ խախտած են հաւատքը պետութեան եւ պետականութեան նկատմամբ”:
Հիմա ի՞նչ եղավ՝ վերոնշվածները վերացա՞ն, թե այլեւս կապ չունեն այդ ռեժիմի պարագլխի՝ Սերժ Սարգսյանի հետ: Թե՞ վերականգնվել է հավատքը պետության եւ պետականության նկատմամբ, քանի որ հրավերքի մեջ այլեւս նշված չէ, որ ճաշկերույթն ի պատիվ Սարգսյանի չէ, այլ անկախության: Այստեղ մի շարք հարցեր են առաջացել, որոնք պատասխանի կարիք ունեն: Առաջին ՝ ինչպես են վերաբերվում մյուս հրավիրվածները կամ անհատները միջոցառման մոտիվացիայի փոփոխությանը: Երկրորրդ, եթե փոխվել է հրավերքի տեքստը, արդյոք այն ուղարկվել է բոլոր հրավիրյալներին, թե միայն նմանատիպ հրավիրատոմսեր ուղարկել են դաշնակցականներին: Երորրդ, ճաշկերույթի հրավերքի բովանդակության փոփոխությունը արդյո՞ւնքն է Երեւանի հետ փոխհամաձայնությունների գալու, թե սա գլխավոր հյուտպոսարանի հնարքն է, որին միգուցե տեղյակ չէ նաեւ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարությունը: Բոլորին հասկանալի է, որ ճաշկերույթին այնուամենայնիվ փառավորվելու է Սերժ Սարգսյանը եւ ի պատիվ նրա բաժակ է բարձրացվելու: Ի՞նչ են անելու հրավիրված դաշնակցականները, չե՞ն միանալու նմանատիպ կենացներին, թե՞ լքելու են սրահը…
Իհարկե ոչ: Իսկ եթե այդպիսի հրավերք ուղարկվել է բովանդակության փոփոխությամբ, արդյոք գլխավոր հյուպատոսը չի անարգում իր ղեկավարին՝ ինչ է թե մի կուսակցական կառույց մասնակցի, տրամաբանական չի դա, դաշնակցության համար ելք էր պետք իրենց կեցվածքից հետ կանգնելու


- Ձեր կարծիքով, ի՞նչն է նման շրջադարձերի, դիրքորոշումների փոփոխության պատճառը:
- Միմիայն նեղ խմբակային շահերը, ուրիշ ոչինչ:

- Ամերիկահայերն ինչպե՞ս են վերաբերվում այս փաստին, ի վերջո, ՀՅԴ-ն նաեւ որոշակի համակիրներ ունի նաեւ ԱՄՆ-ում:
- Վերաբերմունքը միանշանակ բացասական է: Շատերն էին ոգեւորվել դաշնակցության այստեղի կառույցի նման կեցվածքից: Համոզված եմ, որ այս քայլով նրանք էլ ավելի խորացրեցին, արդեն իսկ գոյություն ունեցող, անվստահությունն իրենց կուսակցության նկատմամբ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 22-9-2011.

No comments: