Saturday, September 3, 2011

Լևոն Տեր-Պետրոսյանն ու իրանական թմրանյութերը. ինչ է իրականում ասվում Wikileaks-ի փաստաթղթում

Tert.am. 2-9-2011- Օգոստոսի 30-ին Tert.am-ն անդրադարձել էր Wikileaks-ի հրապարակած դիվանագիտական մի փաստաթղթի, որում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղարկված նամակում (2008թ. սեպտեմբերի 26) վկայակոչելով իր անանուն աղբյուրը (դիվանագետը նրան անվանում է X), նշում է Իրան-Ղարաբաղ-Հայաստան-Սև ծով երթուղով Ադրբեջան մտնող իրանական թմրանյութերի մասին` ընդգծելով, որ դրանից շահույթ են ստանում նաև հայ բարձրաստիճան քաղաքական գործիչները և կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Արձագանքելով վերոնշյալ հրապարակմանը` Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր Tert.am-ին տրամադրեց «Միջազգային հարաբերությունների և անվտանգության ցանցի»` Կովկասի հարցերով ավագ միջազգային թղթակից Կառլ Ռահդերի և իր նամակագրությունը: Շվեյցարացի փորձագետը Հայ ազգային կոնգրեսի հետ կապ էր հաստատել դեռ փետրվարի 16-ին, երբ այս փաստաթուղթն առաջին անգամ հայտնվել էր մամուլում (այն ժամանակ Wikileaks-ի պաշտոնական կայքում այս փաստաթուղթը դեռ չէր հրապարակվել, պաշտոնական կայքում այն հայտնվեց միայն 2011թ. հունիսի 12-ին): Կառլ Ռահդերը, մասնավորապես, հետաքրքրվել էր` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը ուսումնասիրել է ԱՄՆ պետդեպի ենթադրյալ փաստաթուղթը, և ինչպես է նա մեկնաբանում այն: Պատասխան նամակում Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը պատասխանել է, որ պնդումը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը շահույթ ունի այդ առևտրից, աբսուրդ է, և դեռ պետք է պարզել` արդյոք այդ տեղեկությունը ադրբեջանական քարոզչության հետևանք է, թե ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության և/կամ ԱՄՆ պետդեպի զեկույցների անճշտություն: «Երախտապարտ կլինենք, եթե դուք կարողանաք լույս սփռել այս գործի վրա»,- գրել է Մուսինյանը:

Արդեն փետրվարի 28-ին Արման Մուսինյանին ուղարկված իր նամակում շվեյցարացի փորձագետը գրում է, որ երկու շաբաթ կատարած ուսումնասիրությունների արդյունքում հրապարակել է իր եզրակացությունը «Արտաքին քաղաքականության ասոցիացիայի» իր բլոգում:
«Իրանական թմրանյութերն ու Լևոն Տեր-Պետրոսյանը. ինչ է իրականում ասում Wikileaks-ի հեռագիրը» վերնագրով իր հոդվածում փորձագետը գրում է. «Արդյոք Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ շահույթ է ստացել իրանական թմրանյութերի առևտրից: Որոշ մարդիկ հենց այսպիսի եզրակացության են եկել նորվեգական Aftenposten կայքում հրապարակված Wikileaks-ի փաստաթղթից»:
Վերլուծելով փաստաթղթի հետևյալ ձևակերպումը` «X-ը... պնդեց, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության, ինչպես նաև ադրբեջանցի պաշտոնյաները կարծում են, որ Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչներն ու կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անձամբ շահույթ են ստանում այդ առևտրից», փորձագետը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փաստաթղթում չի ասվում, թե ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչությունն է եզրակացրել` որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներգրավված է դրանում: Փաստաթաղթում նաև չի ասվում, թե ԱՄՆ դեսպանը կամ պետդեպն են եկել նման եզրակացության: Փաստաթղթում պարզապես ասվում է, որ ԱՄՆ դեսպանատան տեղական աղբյուրն է պնդում, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչությունը եկել է նման եզրահանգման: Այն նաև ասում է, որ «ադրբեջանցի պաշտոնյաները» Տեր-Պետրոսյանին մեղադրում են իրանական թմրանյութերի առևտրից շահույթ ստանալու համար:
Փորձագետը նաև տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, որ ԱՄՆ դեսպանատունը նման հաղորդում է ուղարկել` կրկնելով աղբյուրի պնդումները` չփորձելով կապվել Բաքվում ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության հետ, որպեսզի վերջինը հաստատի այդ տեղեկությունը:
«Փետրվարի կեսին ես կապվեցի Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ, և իհարկե, նրանք հերքեցին դա: Հետո զանգեցի ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության Բաքվի գրասենյակ: Ինձ ասացին, որ իրենք ոչինչ չգիտեն Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին: Հետո էլեկտրոնային նամակ ուղարկեցի ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության Վիեննայի կենտրոնական գրասենյակ, որտեղից ինձ պատասխանեցին, որ ոչ իրենք, ոչ էլ Թեհրանի գրասենյակը չեն տեսել որևէ ապացույց այն բանի, որ Հայաստանի կառավարությունը ներգրավված է թմրանյութերի առևտրում, կամ դրանից շահույթ է ստանում»,- գրում է փորձագետը:
Ըստ նրա, մյուս կայքերի լրագրողներին նույնպես չէր խանգարի ջանք գործադրել և ստուգել այդ պատմության իսկությունը: Մեջբերելով հայկական կայքերի ձևակերպումը, թե «ըստ փաստաթղթի, Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ենթադրում են, որ Հայաստանի քաղաքական գործիչներն ու կառավարության պաշտոնյաները, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ են շահույթ ստացել այդ առևտրից», փորձագետը գրում է, որ սա ակնհայտորեն ճիշտ չէ, և եզրակացնում է, որ փաստաթուղթը դիտավորյալ աղճատվել է Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու նպատակով:

No comments: