Tuesday, September 13, 2011

Հայաստանն իմ երկիրը չէ. Միշա Ազնավուր

«Ամենալավ բանը, որն արել է ինձ համար հայրս, դա այն է, որ նա ինձ նվիրել է ազատություն»։ Այս մասին RFI–ին տված հարցազրույցում ասել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը։

-Ասացեք Միշա, ինչպե՞ս եք ընկալում ձեր հորը, և արդյո՞ք Ազնավուր ազգանունը օգնել է Ձեզ դռներ բացել:
-Ես գիտակցում եմ, որ շատերն են սիրում նրան, հիանում են նրանով և երբեմն նրան կուռք են դարձնում։ Հնարավոր է՝ մի քիչ գոռողություն կլինի ասել, սակայն նա կուռք է, նա իր տեղն ունի։ Նա նման չէ այս աշխարհի մյուս դերասաններին։ Նա իր աշխարհն ունի, նա շատ ընտանեկան մարդ է։ Կարծում եմ, որ դա նրա հայկական արմատներից է։
Սակայն, միևնույն ժամանակ, նա ընդգծված անհատականություն ունի: Նրա համար առաջին տեղում կարիերան է։ Եթե նույնիսկ նա այդ ամենն անում է մեզ համար, նրա աշխատանքը մի աշխարհ է, որտեղ մեզ համար մուտքն արգելված է, նա չի սիրում միջամտություն։ Նա սիրում է ամեն ինչ ինքն անել։ Այն, որ ես կրում եմ Ազնավուր անունը, չեմ կարող ասել, որ ինձ օգնել է դռներ բացել։ Ես չեմ պարծենում իմ անունով։ Կարծում եմ՝ դա վուլգար է։ Ես անգամ նախընտրում եմ չասել մարդկանց, որ ես Ազնավուրի որդին եմ։

-Իսկ եղել են պահեր, երբ Ձեզ օգնել է ազգանունը։
-Այո, երբ ես եկա Մոսկվա, գնացի Հայաստանի դեսպանատուն։ Այնտեղ ինձ օգնեցին տեղավորվել։ Արդեն 4 տարի է՝ Մոսկվայում չեմ եղել, սակայն ցանկանում են վերադառնալ այնտեղ։ Ռուսաստանում մնալն ինձ շատ բան տվեց։ Այն ժամանակ իմ կյանքում անցումային շրջան էր, այն ժամանակ ցանկանում էի ինչ–որ նոր բան փորձել և ինչ–որ բան ապացուցել ինքս ինձ։

-Ի՞ նչ տպավորություններ ունեք Մոսկվայից։
-Հայտնվելը այնպիսի քաղաքում, ինչպիսին Մոսկվան է, որտեղ կյանքը շատ բարդ է, և որտեղ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր համառորեն աշխատում են նորմալ ապրելու համար, շատ օգտակար եղավ հատկապես 20 տարի Փարիզում անհոգ կյանքով ապրելուց հետո։ Մոսկվա մեկնելուց առաջ ես նոստալգիայի զգացում ունեի, կարծես ես երկար ժամանակ այնտեղ եմ ապրել։ Ինձ շատ մոտ է ռուսական ոգին։ Նույնիսկ որոշ չափով ավելի շատ, քան հայկականը։ Ռուսաստանը լի է հանելուկներով։ Երբ մեքենայով գնում ես Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ և անցնում անտառներով և լայնարձակ տարածություններով, թվում է՝ դա հեքիաթային երկիր է։

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում, երբ գնում եք Հայաստան
-Երբ ես, օրինակ, գնում եմ Երևան, չեմ կարող ասել, թե ինձ զգում եմ ինչպես տանը։ Դա իմ երկիրը չէ։ Հայաստանը դեռևս կառուցվող երկիր է, այնտեղ շատ բաներ դեռ անկանոն վիճակում են, իհարկե, Ռուսաստանում նույնպես կա այդ խնդիրը, բայց դրա հետ մեկտեղ այնտեղ ինչ–որ էներգիա կա։ Երևանում չկա այդ խելագար էներգիան։ Մոսկվան կարծես Նյու Յորքը լինի։ Այնտեղ մարդիկ աշխատում են, մշտապես շարժման մեջ են գտնվում։ Մարդիկ երազում են հաջողության հասնել, աշխատել մեծ փողեր։ Հայաստանում ինչ–որ մեկուսացվածություն կա։

-Դուք Ձեր առաջին գիրքը հրատարակել եք Ռուսաստանում, իսկ այնուհետև՝ Ֆրանսիայում, սակայն Միշա Լեյվ կեղծանունով։ Մոսկվայում գիրքը շատ ավելի հայտնի է, քան այստեղ։ Դրանում ինչ–որ դերակատարություն ունեցե՞լ է ազգանունը։
-Իհարկե, որոշ չափով ունեցել է։ Սակայն այստեղ այն ընթերցողները, որոնք ցանկանում էին իմանալ, գիտեին, որ Միշա Լեյվն Ազնավուրի որդին է։ Սակայն կարծում եմ, որ Մոսկվայում հաջողությունը դրա հետ էր կապված, ուղղակի այնտեղ ավելի լավ էր կազմակերպված պրոմո ակցիան։

-Ձեր հայրը Ձեզ ասել է՝ ինչով զբաղվել, արդյո՞ք նա Ձեզ տվել է կյանքի ուղենիշներ։
-Ոչ, նա ունի իր աշխարհը։ Նա էգոիստ չէ, սակայն, եթե կարելի է այսպես ասել, նա ունի իր այգին։ Եթե ես ցանկանայի նույնպես երգել, նա չէր նախանձի և ինձ չէր արգելի դա անել։ Նրա համար միևնույն է՝ ինչով եմ ես զբաղվում, կարևորը՝ ինձ համար լավ և անվտանգ լինի։
Ես գրում եմ, չեմ երգում։ Ընդհանրապես, ես դիլետանտի կյանքով եմ ապրում. եթե ցանկանում եմ գրել, գրում եմ, եթե ցանկանում եմ լուսանկարել, լուսանկարում եմ։ Բախտս շատ է բերել այդ ազատությունն ունենալու հարցում։ Հայրս աշխատել է 60 տարի, և նա աշխատել է այն փողերը, որոնք ինձ ազատություն են շնորհել։ Ես անում եմ այն ամենը, ինչը ցանկանում եմ։
Ամեն մարդու մոտ կյանքը յուրովի է դասավորվում։ Կան ուրիշ հայտնի մարդկանց երեխաներ, օրինակ, Էնրիկե Իգլեսիասը, որը իր հոր պես նույնպես որոշեց փառահեղ կարիերա սարքել։ Դա բնավորության գիծ է։ Ես նման բան չունեմ։ Ես իմ աշխարհն ունեմ և ինձ ավելին պետք չէ։ Ես հավակնություններ ունեմ՝ լինել երջանիկ և լավ զգալ։

No comments: