Thursday, September 8, 2011

Թբիլիսին հայերից խլում է հավատը. Georgiatimes

Tert.am. 7-9-2011- «Հայաստանի և Վրաստանի միջև ոչ հեշտ փոխհարաբերություններն արդեն վաղուց դուրս են եկել սովորական քաղաքականության սահմաններից։ Պատմական փաստերի կեղծումը, Վրաստանի տարածքում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման մասին տեղեկությունները նպաստում են այն բանին, որ փոխհամաձայնության գալը դժվար է դառնում նույնիսկ հոգևոր մակարդակում։ Երևանին գնալով ավելի շատ են մեղադրում Բաքվի և Թբիլիսիի հետ փոխհամաձայնություն փնտրելու ցանկություն չունենալու մեջ, սակայն ինչպե՞ս ընդառաջ գնալ, երբ հարևանները համառորեն քեզ թիկունք են դարձնում»,– «Թբիլիսին հայերից խլում է հավատը» վերտառությամբ հոդվածում գրում է վրացական georgiatimes.info կայքը։
Հոդվածագիրը հավելում է, որ Երևանի բախտը հարևանների հարցում շատ չի բերել.«Լեռնային Ղարաբաղի պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դիվանագիտական շրջափակումը, ինչպես նաև Վրաստանի կողմից հայ–ռուսական տնտեսական համագործակցության համար արգելքների ստեղծումը Հայաստանի ղեկավարությանը ստիպում է խիստ զգուշավոր քաղաքականություն վարել»,–գրում է Georgiatimes–ը՝ ընդգծելով, որ այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հավանություն տվեց «Վրաստանի երկաթուղիների» 100 տոկոս բաժնեմասերի՝ 89 տարով բրիտանական Parkfield Investment ընկերությանը ղեկավարմանը հանձնելու որոշմանը, պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ժպիտները «բավական վտանգ են պարունակում»։ «Բրիտանացի ներդրողը հաջորդ տասնամյակում պատրաստվում է նախագծի զարգացման մեջ մոտ մեկ մլրդ դոլար ներդնել, իսկ Ադրբեջանն արդեն Վրաստանին 40 մլն դոլար է հատկացրել Բաքու–Թբիլիսի– Կարս երկաթուղու կառուցաման համար։ Այդպիսով, Սաակաշվիլին ամեն կերպ նպաստում է Անակարայի և Բաքվի հետ կապի ամրապնդմանը»,– նշում է հոդվածագիրը։
Հոդվածում այնուհետև նշվում է, որ այդ նախագծում Ադրբեջանի նման ակտիվությունը վկայում է այն մասին, որ Բաքուն միջոց չի խնայում՝ Թուրքիայի հետ, Հայաստանին շրջանցելով, վստահելի տրանսպորտային ուղի ունենալու համար, իսկ Վրաստանը տվյալ պարագայում ցանկանում է գոնե այդ կերպ «վնասել» Ռուսաստանին, քանի որ «Թբիլիսիին զայրացնում է Երևանի խիստ ռուսամետ դիրքորոշումը և Գյումրիում ռուսական ռազմաբազան»։ «Բացի այդ, Ջավախքում տիրող ներքաղաքական վիճակը Սաակաշվիլիին ստիպում է ջղաձգորեն որևէ ելք գտնել ստեղծված իրավիճակից, «սակայն Ջավախքի բնակչության նկատմամբ ճնշումը մեծացնելու մասին որոշումներից բացի Սաակաշվիլիի մտքով որևէ այլ բան դեռևս չի անցնում»։

Հոդվածի վերջում նշվում է, որ ստեղծված բարդ իրավիճակը «վատթարացնում են» առանձին մարդկանց հայտարարությունները, և հիշեցնում Սուխումի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրամ Մարխուլիայի վերջերս արած այն հայտարարությունը, թե «Վրաստանում հայկական եկեղիցիներ չկան, որևէ վրացի երբեք հայկական եկեղեցի չի մտնի, իսկ հայերը ոչ թե աղոթում են եկեղեցիներում, այլև հանդիպում են, զրուցում»։
«Ահա այսպես էր մեկնաբանել պրոֆեսորը Թբիլիսիի հայկական եկեղեցում վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ երկու հարբած վրացի մտել էին եկեղեցի և պղծել խորանին դրված Սուրբ գիրքը»,–ասված է վերլուծականում։

No comments: