Saturday, October 1, 2011

Ինչու լռեց Քոչարյանը 2008-ին

«Լրագիր» 30-9-2011- “Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եւ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից”, Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Եթե մի կողմ դնենք այն, թե իրականում արդյոք Քոչարյանն ինքը հավատում է իր ասածին եւ արդյոք Հայաստանում իշխանության հարցի լուծման գործում հենց ինքը պարբերաբար չի դիմել Ռուսաստանի օգնությանը, ապա զուտ տեսականորեն պետք է արձանագրել, որ Քոչարյանն իսկապես իրավացի է: Անշուշտ, եւ թերեւս որեւէ քննարկման առարկա էլ չէ, որ ցանկացած ինքնիշխան պետության արժանապատիվ վերնախավ պետք է գործի առանց դրսի ակնկալիքների եւ պրոյեկցիաների:
Նաեւ այլ հարց է իհարկե, որ այդ մոտեցման տակ կարող է թաքնված լինել մեկ այլ հանգամանք` այսինքն, ներսում ինչ ուզում եւ ինչպես ուզում անում ենք իշխանության խնդրի հետ, ինչպես ուզում լուծում ենք այն, իսկ օտար որեւէ կառույց կամ պետություն թող չփորձի գնահատել այդ իրադարձությունը եւ ինչ որ պարտավորություններ դնել Հայաստանի առաջ: Այդ հնարավոր ենթատեքստն էլ դնենք մի կողմ:
Ընդամենն առաջնորդվենք այն ելակետով, ինչ բառացի ասում է Քոչարյանը: Ու այդ դեպքում ենթադրվում է, որ այդպիսի մտածողությամբ, պետական ինքնիշխանության եւ արժանապատվության այդպիսի զգացողությամբ օժտված գործիչը պետք է որ գոնե մի “կես բերան” մի բան ասեր 2008 թվականին, երբ նրան փոխարինելու եկող Սերժ Սարգսյանը պաշտոնական արդյունքով նախագահ ընտրված, բայց դեռ իր լիազորությունը չստանձնած ժամանակ մեկնել էր Մոսկվա եւ հրապարակավ շնորհակալություն հայտնել այդ նույն Պուտինին, որ Հայաստանի նախագահի ընտրությանն աջակցել է իրեն:
Ինչու, այդ ժամանակ դեռեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որեւէ բառ չասաց Սերժ Սարգսյանի այդպիսի քայլի անընդունելիության մասին: Ինչու նա լռեց եւ որեւէ մտահոգություն չհայտնեց, որ Սերժ Սարգսյանը, լինելով Հայաստանի նախագահ, իր պաշտոնավարումը սկսում է ուրիշ երկրի նախագահին շնորհակալություն հայտնելով: Թե այն ժամանակ Հայաստանը քանի որ ոչ թե քսան, այլ տասնյոթ տարեկան պետություն էր, Ռոբերտ Քոչարյանի համար այդ արարքն այդքան էլ մտահոգիչ չէր, իսկ այ որ պետությունը քսան տարեկան է, ուրեմն քաղաքական պրոցեսները պետք է Հայաստանում հասունանան:
Իսկ միգուցե Քոչարյանի ներկայիս դիրքորոշման պատճառն այն է, որ Հայաստանում սկսված բուռն քննարկումների եւ աժիոտաժի մասին տեղեկանալով, Պուտինը գուցե որոշել է Հայաստանի երկրորդ նախագահին զգուշացնել, որ իր քաղաքական վերադարձի ծրագրերը չպայմանավորի Պուտինի հովանավորությամբ: “Եթե կարող ես, վերադարձիր, բայց առանց ինձ վրա հույս դնելու”, երեւի թե այդպես կամ մոտավորապես այդպես մի բան է ասել Պուտինը Քոչարյանին, տեսնելով, թե Հայաստանում ինչ բուռն կերպով է իր ռուսաստանյան վերադարձը շաղկապվում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվության հետ:
Համենայն դեպս, զարմանալի է, որ ներկայում այդպիսի դիրքորոշում հայտնող Քոչարյանը, 2008 թվականին որեւէ կերպ անհանգստություն կամ մտահոգություն չհայտնեց առաջինը Պուտինի դուռ գնացած եւ նրան բացահայտ շնորհակալություն հայտնած Սերժ Սարգսյանի քայլի կապակցությամբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: