Tuesday, October 4, 2011

Եզդիների մոտ առայժմ այդ սաղմն էլ չկա

Հայաստանի եզդիների խնդիրների (սոցիալականից մինչև քաղաքացիական) շուրջ զրուցել ենք նորաստեղծ Եզդի երիտասարդական խորհրդի համակարգող Բորիս Թամոյանի հետ:

-Բորիս, Եզդի երիտասարդական խորհուրդն ի՞նչ նպատակ է դրել իր առաջ, ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք:
-Խորհրդի ստեղծման առաջին ամենակարևոր նպատակը եզդիների շրջանում քաղաքացիական հասարակության կայացումն է: Երբ նայում ենք պատմությանը, տեսնում ենք, որ արդեն երեք հարյուր տարուց ավել է, ինչ եզդիներն այստեղ են, մասնակից են բոլոր պատմական կարևոր իրադարձություններին, մասնակցել են և 1918 թվականին Առաջին հանրապետության կայացման ժամանակ, և դրանից առաջ եզդի զորավար Ջանգիր աղայի ղեկավարած 1500 հոգանոց զորագունդը կռվել է համարյա բոլոր կարևոր մարտերում, այդ թվում`Բաշ Ապարանում, Սարդարապատում: 18 թվականի պառլամենտում անգամ եզդի պատգամավոր ենք ունեցել` Յուսուֆ Բեկը: Մի խոսքով, ուզում ենք վերականգնել այդ ավանդույթները, որ տեր լինեն իրենց երկրին, քանի որ սա նաև մեր երկիրն է: Բացի այդ, նպատակ ենք դրել մշակութային միջոցառումների կազմակերպել: Հիմա Զովունիում այն, ինչ տեղի է ունենում մշակութային միջոցառումների անվան տակ, իրականում միայն ուտուշ-խմուշ է հիշեցնում, բայց սա չէ մեր մշակույթը: Մենք ունենք լավ մշակույթ, և դա ներկայացնելու կարիք կա:
Բացի այդ, խնդիր կա եզդի հասարակության շրջանում կրթության կարևորությունը տարածել: Ազիզ Թամոյանի ղեկավարած միությունը աշխատանքներ կատարել է, բայց հիմա արդեն կարիք կա երիտասարդներին ներգրավել այդ աշխատանքներում: Իսկ մնացած կազմակերպությունները` Եզդիների Ազգային կոմիտեն`Թորգոմ Խուդոյանի գլխավորությամբ, Մեդիա Շանգալ եզդիների ազգային միավորումը` Ամո Շառոյանի գլխավորությամբ, իրականում բովանդակություն չունեն, ես նրանց գոյությունը բացառում եմ, քանի որ նրանք ի շահ եզդիների չեն աշխատում:
Եթե ասածս խնդիրները կարողանանք լուծել, առաջընթացն անխուսափելի է:

-Բորիս, մի քանի տարի է`քաղաքացիական հասարակությունից ենք խոսում: Այս ընթացքում եզդիները որքանո՞վ են քաղաքացիական հասարակության մաս փորձում կազմել:
-Խնդիրը նրանում է, որ եզդի ժողովրդի մեջ քաղաքացիական հասարակության մաս կարող են կազմել միայն մատների վրա հաշված անհատներ: Իսկ ընդհանրապես քաղաքացիական հասարակության գաղափարը չի նստել մարդկանց մեջ: Երբ մարդը չունի տարրական կրթություն, ինչպե՞ս կարող ես խոսել, նրան բացատրել` ինչ է քաղաքացիական հասարակությունը: Այսինքն` պետք է ապահովես կրթական մինիմալ մակարդակ, որ կարողանաս այդ մասսաների մեջ ներգրավել: Եթե մարդը կրթություն չունի, չի ապրում մշակութային կյանքով, լավ կյանքի մասին պատկերացում էլ չունի: Գյուղերում ապրող եզդիները ոչինչ չեն տեսնում, եթե տարին մեկ անգամ են Երևան գալիս, այն էլ ոչ թե միջոցառման, այլ ուղղակի Երևանը տեսնելու համար, ինչպես կարող են այլ աշխարհայացք ունենալ, այլ արժեքների մասին մտածել:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչը կարիք կա փոխելու եզդի բնակչության շրջանում:
-Շատ բան պետք է փոխվի: Երիտասարդների շրջանում եզդի աղջիկներն իրենց առանձին են դիտարկում: Բացի այն, որ մասնակից չեն այդ պրոցեսներին, անգամ միջին մասնագիտական կրթություն չեն ստանում, իսկ հիմա լավագույն դպրոցն են ավարտում, շատերը դպրոց էլ չեն հաճախում, բացի այդ` վաղ ամուսնության խնդիրն է շատ մեծ խնդիր: Երբ ասում են` պատմական տեսանկյունից եզդիները չպետք է սովորեն, հեռու մնան կրթությունից (այդպիսի հոգևորականներ կան), ուզում եմ հիշեցնել, որ 14-րդ դարում եզդիների միրը`գլխավոր հոգևորականը, Իրաքի Լալըշ սրբավայրից հրովարտակ է տարածում, որ այն անձինք, ովքեր կխանգարեն եզդի ազգաբնակչության կրթությանը, իրենք անիծվում են: Այսինքն` մինչև այդ անիծված էր կրթված լինելը, գիր ու գրականության հետ կապ ունենալը, հետո հասկացան, որ ձեռնտու չէ փոքր ազգերին կրթված չլինեն, իրենք փոխեցին հրովարտակը, իսկ այստեղ մարդիկ առաջին անգամ են լսում, որ այդպիսի հրովարտակ կա:
Եվրոպայում ապրող եզդիների մոտ ի՞նչ տրասֆորմացիաներ են եղել, քաղաքացիական հասարակության մաս որքանո՞վ են կազմում, թե էլի նեղ ավանդույթներով են ապրում:
Քաղաքացիական հասարակությունը հիմնականում կայացել է Ռուսաստանի Դաշնության եզդիների շրջանում, կապ ունենք Ֆրանսիայի եզդիների հետ (280.000 հազար), սակայն նրանք Հայաստանից և Թուրքիայից գնացած եզդիներն են, որոնք հիմնականում սպասարկման ոլորտում են աշխատում, կան մեծ բիզնեսմեններ, որոնք շատ վաղուց են եղել Ֆրանսիայում: Իրաքում կա եզդիների հզոր համայնք` մոտ երկու միլիոն բնակչությամբ: Այնտեղ անգամ եզդիական «Առաջընթաց» կուսակցությունը կա (ղեկավարը Ամիլ Ֆարհանն է), ով Քուրդիստանում եզդիների հարցերով նախարարի հաստիք ունի: Այնտեղի Մուսոլի շրջանի եզդիները տարբերվում են, իրենց իրավունքների համար պայքարում են, քանի որ հասկացել են` եթե տեր չլինեն իրենց իրավունքներին, մուսուլմանների մեջ չեն կարող ապրել: Բացի այդ, Գերմանիայի, ինչպես նաև Շվեդիայի եզդիական համայնքն ակտիվ է և ազդեցիկ, անգամ պառլամենտում ներկայացուցիչ ունեն: ՌԴ Յարոսլավլ քաղաքում եզդիական 5000 հոգանոց համայնք կա, շատ ակտիվ մշակութային կյանքով է ապրում, այնտեղ նրանց «մշակութային անկախությունը» ՌԴ-ի կողմից ճանաչվել է: Հայերի մեջ եզդիներին հեշտ է ապրել, այստեղ ամեն ինչ պետության հույսին են թողել, բայց հիմա ժամանակն է տեր կանգնեն իրենց իրավունքներին:
Իսկ հայերի շրջանում քաղաքացիական հասարակության սաղմերը նկատվո՞ւմ են:
Հայերի, հատկապես երիտասարդության շրջանում ակտիվություն չեմ տեսնում: Կան ինչ-որ կազմակերպություններ, որոնք ակտիվ չեն: Ես իմ հայ ընկերներին երանի եմ տալիս, քանի որ եթե ես իմ ազգային երկիրն ունենայի (սա էլ է իհարկե իմ երկիրը, բայց ես ազգային երկիրն ի նկատի ունեմ) այլ կերպ կվարվեի: Ինձ համար միշտ հարց է մնացել` ինչու են իրենց երկրի նկատմամբ այսքան սառը: Ցանկացած իշխանություն, պետական օղակ, եթե տեսնի` երիտասարդությունն ակտիվ է, կփոխվի: Ես այսօր ամաչում եմ, որ մեր ղեկավարությունը չի վախենում երիտասարդությունից, այնինչ արաբական երկրներում, Եգիպտոսում վեց ամիս բուհեր փակեցին, որ երիտասարդությունը քաղաք դուրս չգա, իսկ մեզ մոտ ընդհանրապես չեն էլ հիշում երիտասարդության գոյության մասին: Այսինքն`իրականում այստեղ երիտասարդությունն այսօր ոչ մի ուժ չի ներկայացնում, հարմարվող է: Հայաստանում 4 000 ՀԿ կա` չհաշված նախաձեռնությունները, այդ 4000-ից եթե երկու հազարը աշխատեն, լավ երկիր կունենանք:
Ինձ համար քաղաքացիական հասարակության մաս է կազմում այն մարդը, ով տեր է իր իրավունքներին, երբ հասկանում է, որ այս երկրում իրենից ինչ-որ բան է կախված: Բոլորը պետք է հասկանան, որ յուրաքանչյուրից շատ բան է կախված և յուրաքանչյուրի ձայնն է որոշիչ: Սա է ինձ համար քաղաքացիական հասարակությունը, որը դեռ պետք է կայանա, իսկ հիմա դեռ սաղմնային վիճակում է: Եզդիների մոտ այդ սաղմն էլ չկա, և նոր պետք է կսկսենք գործընթացը:

-Սոցիալական խնդիրները եզդիների շրջանում ինչ-որ առումով լուծվա՞ծ են:
-Մեր կազմակերպության ստեղծումը նաև սոցիալական խնդիր լուծելու նպատակ ունի: Արագածոտնի մարզի եզդիաբնակ Բայսզ գյուղն այսօր ընդամենը երեք ընտանիք ունի, ինչը նշանակում է դատարկվում են գյուղերը: Թող մնացածը եզրակացնեն` ինչու է այդպես: Մի օրինակ բերեմ` եզդիներ կան, ովքեր հիմա Ռուսաստանի Դաշնությունում են, այստեղի ծծնդյան վկայական ունեն, և հիմա այստեղ ազատորեն քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն, սակայն Մոսկվայում հայկական դեսպանատանը ասում են, որ ներքին կարգով հրաման կա ազգությամբ եզդիներին և ասորիներին չթողնել գալ Հայաստան անձնագիր ստանալու, ինչն արդեն իսկ մարդուն վանում է, և սա կարևոր խնդիր է: Մի այլ օրինակ բերեմ. Արարատի մարզի Ջրաշեն գյուղում զոհված եզդի ազատամարտիկ Գագիկ Քաջոյանի անվան փողոց կար, գյուղապետի որոշմամբ այդ փողոցը դարձրել են Կամոյի փողոց: Ես չգիտեմ` երբանի՞ց ենք սկսել վերադառնալ կոմունիստական կարգեր, որ կոմունիստ հեղափոխականներն ավելի կարևոր են, քան մեր հանրապետության համար զոհվածները: Եվ այս խնդրով դիմել ենք նախագահին, փոխանցեցին, որ պաշտպանության նախարարությունը կզբաղվի այս հարցով: Ավելին ասեմ, Facebook սոցիալական ցանցի միջոցով կապ հաստատեցինք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, ասացինք, որ Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են նաև եզդիները, բայցի ինչու այդ մասին հայոց պատմության դասագրքում որևէ բան չկա, իսկ նախարարը պատասխանեց, որ գիտեք ինչ, հաճախ մենք էլ ենք մեր պատմությունը մոռանում: Ես ծառայության ընթացքում ասում եմ եզդի եմ, ինձ հարցնում են` եզդին ինչ քաղաք է:

-Քանի՞ եզդի կա այսօր Հայաստանում:
-5 000 հոգի պաշտոնական տվյալներով, բայց ես չեմ հավատում պաշտոնական տվյալներին: Ըստ իս` շատ ավելի շատ են, եթե մի երկրի ԱԳ նախարարություն կարող է ասել, որ եզդիներին չի թույլատրվում գալ Հայաստան անձնագիր ստանալ, ես կարող եմ ենթադրություն անել, որ այստեղից հայերն արտագաղթում են, եզդիները ավելանում են, ու իրենց ձեռք չի տալիս, հետևաբար այնպես են անում, որ հավասարակշռությունը պահպանեն:

Սիրանույշ Պապյան

No comments: