Tuesday, October 4, 2011

Փորձագետ. Ղարաբաղի բնակչության կարծիքը հաշվի չառնելով որոշակի համաձայնության գալը, հնարավոր է, ոչնչի չհանգեցնի

Panorama.am. 3-10-2011- Այսօր Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ կլոր սեղան «Խաղաղ գոյակցություն ռազմական հակամարտությունից հետո. Ինդոնեզիայի և Արևելյան Թիմոր դեպքերը» թեմայի շուրջ: Քաղաքագետներ Կարեն Բեքարյանը և Ալեքսանդր Իսկանդարյանը նրկայացրին Ինդոնեզիայում ու Արևելյան Թիմորում` երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության գործիչների հետ իրենց ունեցած հանդիպումներն ու դրանց տված փորձը: Կլոր սեղանի վերջում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում համեմատություն անցկացվեց Ղարաբաղի հակամարտության հետ:
Նշենք, որ Ինդոնեզիան ներգրավված է երեք կոնֆլիկտային գործընթացների մեջ, որոնք են` կոնֆլիկտները Արևելյան Թիմորի, Աչեխի ու Պապուայի հետ: Արևելյան Թիմորը 16-րդ դարից եղել է Պորտուգալական գաղութ սակայն Պորտուգալիան 1975 թվականին անկախություն է շնորհել իր բոլոր գաղութներին, այդ թվում` Արլ. Թիմորին:
Քաղաքագետ Ա. Իսկանդարյանը նշեց, որ այդ երկիրն այսօր ունի բավականին պարզ ու չզարգացած տնտեսություն, գրեթե չունի ենթակառուցվածքներ, գտնվում է քաղաքակրթական շատ ցածր մակարդակում, սակայն թիմորցիներն այսօր ձգտում են պետականություն կառուցել ու հպարտ են դրանով: Բանախոսը միևնույն ժամանակ կարևորեց այն հանգամանքը, որ Արլ. Թիմորը ճանաչվել է միջազգային հանրության կողմից ու ներկայացված է ՄԱԿ-ում:
Ամենակարևորն այն է, որ չնայած Ինդոնեղզիայի ու Արլ. Թիմորի միջև տեղի ունեցած սուր հակամարտությանն ու արյունալի իրադարձություններին, այժմ նրանց միջև ազգային թշնամանք գոյություն չունի: Թիմորի բնակիչները իրենց թշնամին համարում են ոչ թե ինդոնեզական ժողովրդին, այլ Ինդոնեզիայի այն բռնատիրական վարչակարգը, որը ժամանակին արյունահեղություններ է իրականացրել:
Անդրադառնալով Աչեխին, Կ. Բեքարյանը նշեց. «Բավական երկար ժամանակ Աչեխը եղել է սուվերեն պետություն և ունեցել է ինքնուրույն պետության որոշակի ավանդույթներ: Այսուհանդերձ, Ինդոնեզիան երբեք չի կոմպլեքսավորվել նրա անջատվելուց հետո ուղղակի բանակցություններ վարել: Ինդոնեզիան վարում է այդ բանակցությունները, կան բանակցությունների ձևաչափեր և դա նրանք նորմալ են համարում: Դա նրանք չեն անում, քանի որ ինչ-որ համաշխարհային հանրություն նրանց ստիպել է անել, այլ դա բավարար չափով նորմալ երևույթ են համարում:
Երկրորդ, առանց որևէ կոմպլեքսի, նրանք այդ բանակցությունները վարում են միջազգային միջնորդության պայմաններում. դա ևս շատ հետաքրքրիր է»,- ասաց բանախոսը` ընդգծելով, որ ուղիղ բանակցություններն ու միջազգային հանրության միջնորդությունն այն բաներն են, որոնք երկար ժամանակ չէին ընդունվում Ադրբեջանի կողմից:
Արդյունքում բանակցությունները հանգեցրել են նրան, որ Աչեխի իշխանությունները հրաժարվել են անկախության պահանջից, իսկ Ինդոնեզիայի իշխանությունները համաձայնվել են Աչեխին ինքնավարության հատուկ կարգավիճակ տալ:
Քաղաքագետները կարևորեցին միջազգային հանրության` ԼՂՀ-ի հետ աշխատելուց ձեռնպահ չմնալու կարևորությունը` նշելով, որ Ղարաբաղի բնակչության կարծիքը հաշվի չառնելով որոշակի համաձայնության գալը հնարավոր է ոչնչի չհանգեցնի:
Համեմատություն անցկացվեց նաև տեղի ունեցած իրադարձություններից հետո Արլ. Թիմորի նկատմամբ Ինդոնեզիայի վերաբերմունքի ու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի միջև: Ինդոնեզիան այսօր Արլ Թիմորի հետ փորձում է փոխգործակցության համար պայմաններ ստեղծել, ինչը չենք տեսնում Թուրքիայի կողմից:
Նշենք նաև, որ այս ծրագրին, որը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից, հարավկովկասյան տարածաշրջանից մասնակցել են 7 փորձագետ` երկուական փորձագետներ ՀՀ-ից ու ԼՂՀ-ից, իսկ երեքը` Ադրբեջանից:

No comments: