Monday, October 3, 2011

Ներմուծվել է բանտից, քայքայում է թե բանակը, թե ողջ հասարակությունը. Պարգև սրբազան

Tert.am. 3-10-2011- Բանակում՝ խաղաղ պայմաններում կատարվող սպանությունների պատճառների մասին հարցերին պատասխանեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ Հ2 ՀԸ-ի «Հոգևոր անվտանգություն» հաղորդման շրջանակում։
Երեք-չորս տարի առաջ, ըստ նրա, բանտերից զորամաս էր մտել մի վատ սովորույթ՝ «նայողների մշակույթը»։ «Ամեն մի զորամասում իր նայողը կար. նա բոլորին գումարային հարկի տակ էր դնում, սկսում հարկահավաքությունը՝ արտառոց ու սարսափելի երևույթ, որը բանակը քայքայում էր։ Հազիվհազ մեր բանակում գրեթե արմատախիլ արեցին դա, եկավ մի նոր երևույթ։ Այդ երդումը՝ հայհոյանքի տակ դնելը,- ասաց արքեպիսկոպոսը՝ մեկնաբանելով,- մեկը մյուսին ասում է. «Դու ինձ 3000դրամ պարտք ես, ե՞րբ պիտի վերադարձնես»։ Ասում է. «Կներես, ուշացրել եմ, բայց 100%, երեք օր հետո կբերեմ»։ «Շատ լավ,- ասում է,- դե երդում տուր կամ, ինչպես ասում են՝ քֆուր տուր, հայհոյանք, ուշունց»։ Դրանից հետո, եթե այս մեկը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում երեք օր հետո այդ 3000դրամը տալ, զորամասում բոլորը սկսում են իրեն անարգել։ Եվ այսպիսի զինվորը հայտնվում է ամենսարսափելի հոգեկան վիճակում»;
Պարգև սրբազանի դիտարկմամբ՝ այս նորաստեղծ արժեհամակարգի համաձայն՝ զինվորներն ասված և չկատարված խոսքի համար կարող են ծանրագույն անարգանքի ենթարկել իրենց ընկերոջը՝ ստորացնելով բարոյապես, ֆիզիկապես և հոգեպես։ Արդյունքում նրանք կարող են հասնել ինքնասպանության կամ իրեն ծաղրողներին սպանելու մասին մտքերի։ «Զինվորներն իրար մեջ ասում են՝ այդ հայհոյանք-երդումը մեր մեջ ամենաբարձրագույն արժեքն է։ Գնդապետ, գեներալ՝ կարող ես սուտ երդում տալ, բայց իրար մեջ…»,- պատմեց արքեպիսկոպոսը՝ դա համարելով ամենազարհուրելի աղբը, որ այսօր առկա է բանակում։
Ըստ նրա՝ չարի այս որոգայթը հյուսված է ոսկերչական նրբությամբ։ «Իր այդ դիվային խաբկանքով, այս երևույթը ոչ միայն բանակում է առկա, այլև, երբ տղաները զորացրվում, գնում են իրենց տներն, այդ նույն դրվածքը տանում են քաղաք»։
Արքեպիսկոպոսը հիշեցրեց, որ Հայ եկեղեցին հայհոյանքը համարում է ամենակեղտոտ մեղքը։ «Հովհաննես Երզնկացին նշում է, որ հայհոյանքի համար սահմանվող ապաշխարության շրջանը 40 անգամ ավելի է, քան այն, որ սահմանվում է ստի մեղքի համար,- ասաց նա։- Սա ամենադժվար մաքրվող մեղքն է. այն իրենով աղտոտում է մարդու ողջ էությունը, քանի որ դրա մեջ կա և սուտը, և անարգանքը, և ստորացումը, այն բազում մեղքերի խտացումն է։ Եվ մենք հայերս, չիմանալով դա, կարող ենք օրվա մեջ մինչև հարյուր անգամ հայհոյել՝ կուտակելով մեղքը մեր ազգի մեջ։ Մարդ մեղք է գործում երեք ոլորտներում՝ մտքով, խոսքով և գործով, այնպես որ միլիոնապատիկ մեղք ենք գործում ազգովին»։
Պարգև սրբազանը նշեց, որ բանակը մեր հասարակական կյանքի արտացոլքերից մեկն է միայն, և որպես նոր արժեհամակարգ՝ այս հիվանդությունը ախտահարում է ողջ ազգը։ «Ո՞վ է մեղավոր՝ նախագա՞հը, ՊՆ նախարա՞ը։ Երևույթը աշխարհիկ կյանքից է եկել և դրա հետևում չար ուժերն են կանգնած. և մենք դիվային խաբկանքին զոհ գնում ու զոհեր ենք ունենում խաղաղ պայմաններում՝ բանակում, բակի տղաների մեջ, հոգևորականների մեջ, ամենուր»։

No comments: