Monday, October 3, 2011

Այն, ինչ կոչում ենք ավազակապետություն

Մեր զրուցակիցն է միջազգայնագետ, Քվեբեքի համալսարանի Մոնրեալի մասնաճյուղի համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոսության թեկնածու Անդրանիկ Պետրոսյանը: Նա Կանադայի “Նախիջևան” վերլուծական կենտրոնի նախագահն է, հեղինակել է բազմաթիվ հոդվածներ հայկական և միջազգային խնդիրների վերաբերյալ

-Պարոն Պետրոսյան, վերջերս Դուք դասախոսություն կարդացիք նեոլիբերալ քաղաքականության հետևանքները ժողովուրդների, այդ թվում`հայերի համար թեմայով: Ի՞նչ հետևանքներ ունի նեոլիբերալիզմն այսօր աշխարհի երկրների, այդ թվում Հայաստանի վրա:
-Առաջին հերթին պետք է նշել, որ նեոլիբերալիզմը կապիտալիզմի (դրամատիրության) ներկա հանգրվանին կհամապատասխանի: Նեոլիբերալիզմը գալիս է արևմտյան երկրներից, այդ երկրների կապիտալի համար ապահովելու շահի կուտակման նոր աղբյուրներ: Արևմուտքի սոցիալական պետությունը, որ բավական գոհացուցիչ էր արևմտյան երկրների ժողովուրդների համար, սկսել էր չգոհացնել արևմտյան մեծ կապիտալի տերերին: Դրա համար նրանք արևմտյան պետությունների ճանապարհով ստեղծեցին նոր համակարգ և սկսեցին ամբողջ աշխարհին պարտադրել: Այդ համակարգի գլխավոր հատկանիշներն են. առաջին` պետությունը պետք է դառնա տնտեսական մեծ շահերի պաշտպան, տնտեսական համակարգը պետք է ազատագրվի կապանքներից, այսինքն` պետք է թույլ տրվի կապիտալին ազատ ձևով շարժվելու` առանց տնտեսական հաշվետվության, մինչդեռ արևմտյան սոցիալական պետության մեջ տնտեսությունը հաշվետու էր հասարակությանը: Սա պետք է քանդվեր, և սկսեց քանդվել:
Երկրորդ` պետք է ճկուն դառնային աշխատավորական պայմանները` գործավորների իրավունքների պաշտպանության փոխարեն, պետք էր տկարացնել արհմիությունները, սեփականաշնորհել հասարակական բոլոր կալվածքները, որոնք հասարակությանն էին պատկանում և փոխանցել, այսպես կոչված, մասնավորին, որը ուրիշ բան չէր, քան հարուստներին փոխանցել, և սա տարածել ամբողջ աշխարհի մեջ, նաև հարուստներին և մեծ գործարարների հարկերը նվազեցնել: 1992-ին ամերիկյան գանձային դեպարտամենտը Միջազգային արժույթի հիմադրամի և Միջազգային բանկի հետ համատեղ աշխարհին այս մոդելը պարտադրեցին: Օգտվելով Խորհրդային Միության փլուզումից`ամերիկացիները գտնվեցին բացառիկ դիրքի մեջ երրորդ աշխարհի երկրներին`լատինամերիկյան, աֆրիկյան, ասիական, արաբական աշխարհ, արևելաեվորպական, Խոհրդային Միության նախկին երկրերին պարտադրելու այդ մոդելը: Սա առաջին հերթին նշանակում էր քանդել բոլոր ժողովուրդների սոցիալական պաշտպանվածությունը, վճարովի դարձնել առողջապահությունը, ուսումը, սեփականաշնորհել էլեկտրականությունը, ջուրը և այլն: Ահա այս բոլորը անցնում էր հարուստների ձեռքը, ինչը նշանակում էր կապիտալի կուտակումը զարգացնել, հարուստին ավելի հարստացնել, աղքատին ավելի աղքատացնել և որտեղ միջին դասակարգ կա, տկարացնել: Այդպես եղավ Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում, հիմա էլ սկսել են տկարացնել Արևմտյան Եվրոպայի ժողովուրդներին:

-Ուզում եք ասել` նեոլիբերալ ուղղություն որդեգրե՞լն է Հայաստանին վերջնականապես թուլացրել:
-Այո, Հայաստանին պարտադրվեց նեոլիբերալիզմ, իսկ ՀՀ առաջին իշխանությունները որդեգրեցին այն: Այն իր խորքի մեջ սեփականազրկելով ժողովրդին` սեփականաշնորհման ճանապարհով կապիտալիստական դասակարգ ստեղծելու գաղափար ուներ, այսինքն`հանրային սեփականությունն անցավ մի քանի հոգու ձեռքը, ովքեր այսօր կոչվում են օլիգարխներ: Եվ մեր ժողովրդի քրտինքով ստեղծվածը 70 տարվա ընթացքում անցավ մի քանի հոգու ձեռքը: Այն, ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում, որ մենք անվանում ենք ավազակապետություն, կապիտալիզմի տրամաբանության մեջ է մտնում. սեփականաշնորհել հանրային սեփականությունը, աշխատավորների իրավունքներից զրկել, արհմիությունները տկարացնել, բնական հումքերն ու էկոլոգիան քանդել: Սա մոտավորապես այն է, ինչ Անգլիայի և Արևմտյան Եվրոպայի մեջ տեղի էր ունենում 19-րդ դարում: Հիմա նույն տրամաբանությամբ կատարվում է Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի երկրներում: Միայն Հարավային Կովկասի մեջ այսօր գոյություն ունեցող ավատապետական համակարգը, որ նոր է ստեղծվել, Հարավային Կովկասի մտայնությունների արդյունք է:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նեոլիբերալիզմը եկել է աշխարհը քանդելո՞ւ, կործանելո՞ւ:
Նեոլիբերալիզմի գլխավոր նպատակն առաջին հերթին արևմտյան դրամատիրական մեծ շրջանակների համար հարստության նոր աղբյուրներ ապահովել և աշխարհով մեկ տարածելն է: Այն, ինչ Մարքսը կանխատեսել էր, որ կապիտալի կուտակումը համաշխարհային պետք է դառնա, քանի որ կապիտալիզմի գլխավոր նպատակը շահի աղբյուրն է մշտական ձևով, այսօր դարձյալ նրա գաղափարները վերակենդանացել է Արևմուտքում, և ասում են` Մարքսը ճիշտ էր: Իսկ Խորհրդային Միության ժամանակ Մարքսը սխալ էր թարգմանված, խեղաթյուրված էր, քանի որ Խորհրդային Միությունում իսկական սոցիալիզմ չէր: Այսօր Ռուսաստանի, Հայաստանի աշխատավոր ժողովուրդների աղքատացումը կապիտալիզմի տրամաբանության մաս է կազմում: Հայաստանցիներից շատերը կարծում են, որ եթե ամեն ինչ կարգին լինի, Հայաստանը կարգին երկիր կդառնա, բայց ոչ, ամբողջ խնդիրը կապիալիզմի տրամանաբանության մեջ է:
Դուք այն կարծիքին եք, որ մենք նեոլիբերալիզմի պատճառո՞վ չունենք ժողովրդավարություն:
Եթե Հայաստանում ուզում ենք ստեղծվի ժողովրդավարություն և արդար սոցիալ-տնտեսական կարգեր, նեոլիբերալիզմից պետք է հեռանանք: Այն սոցիալական պետության գաղափարը, որ գրված է Հայաստանի սահմանադրության մեջ, չի իրականացվի նեոլիբերալիզմի պայմաններում: Եթե սոցիալական պետություն եք ուզում կառուցել, նեոլիբերալիզմի դեմ պետք է պայքարեք, և պայքարեք օլիգարխիայի դեմ, պետք է պայքարել մոնոպոլի կապիտալի դեմ, միջազգային բանկային նոր ծրագրերի դեմ, որոնց նպատակը համաշխարհային կապիտալի տնտեսական ծրագրեր իրականացնել է` ի վնաս ժողովրդի, այլապես սա տանում է փակուղի: Եվ վերջին տնտեսական ճգնաժամը, որ տեղի ունեցավ Արևմուտքում, նեոլիբերալ քաղաքականության ձախողման արդյունք էր: Այսինքն`կապիտալիզմը որպես ժողովուրդներին երջանկացնող սիստեմ, ձախողման եզրին է:

-Մեծ հաշվով, այն, ինչ կար Խորհրդային Միության ժամանակ սոցիալական արդարության առումով, կե՞ղծ էր, մի՞ֆ էր:
-Սովետական Միությունն իսկական սոցիալիստական պետություն չէր, ընդհակառակը, այն համարվում էր որպես պետական կապիտալիզմ: Եվ եթե նույնիսկ որոշակի սոցիալական պաշտպանվածություն կար, սոցիալիզմի այն մակարդակը, որ կար Սովետական Միության մեջ, լավագույն մակարդակը չէր: Սոցիալական պետությունը, սակայն, չի ժխտում խառը տնտեսության գոյությունը, բայց տնտեսությունը ուղղված է հասարակության կարիքներին: Եթե Հայաստանը իսկական սոցիալական պետություն կառուցելու ճանապարհով որոշի գնալ, պետք է հրաժարվի նեոլիբերալ ներկա ուղղությունից, պետությունը քայքայելուց, պետք է հրաժարվի հումքեր ծախելու տնտեսական քաղաքականությունից, փոխարենը պետք է ներքին արդյունաբերության վրա հիմնվի, և պետք է գիտությունը զարգացնի:
Ուրեմն պետք հեռանանք նեոլիբերալիզմից, այն, ինչ այսօր Եգիպտոսում են փորձում անել: Եվ այսօր Մուբարաքի դեմ հեղափոխությունը միայն Մուբարաքի դեմ հեղափոխություն չէր, Եգիպտոսի պարտադրված ներոլիբերալ մոդելի դեմ պարտադված հեղափոխություն էր: Լատինական Ամերիկայի շատ երկրներ` Վենեսուելան, Բոլիվիան, նաև Ճապոնիան, այսօր ներոլիբերալիզմի դեմ կպայքարեն, և որոշ հաջողություններ կան, թեև կան որոշակի սխալներ: Արաբական աշխարհի մեջ այս շարժումը կա, որոշ հեղափոխական շարժումներ են սպասվում Արևելյան Եվրոպայի նախկին կոմունիստական երկրներում, Հարավային Եվրոպայի մեջ էլ նեոլիբերալիզմի դեմ ուղղված քայլեր կան, Ռուսաստանի, Չինաստանի մեջ էլ այդ ուղղությամբ շարժումներ կան: Մենք մտնում ենք նոր պայքարի շրջան, ոչ միայն ազգային, նաև սոցիալ-տնտեսական իրավունքների պայքարի՝ ուղղված տեղի և դրսից եկող կապիտալիզմի դեմ: Հետևաբար, Հայաստանում չի կարող ժողովրդավարություն ստեղծվել առանց սոցիալական արդարության:
Ես կարդում եմ Հրանտ Բագրատյանի բացատրությունները Հայաստանի տնտեսության վերաբերյալ, տեսնում եմ, որ Հայաստանի ժողովրդի համար դրանք նպաստավոր չեն, որովհետև նույն կապիտալիստ դասակարգի շարունակությունն է, որի արդյունքում տնտեսական անարդարությունը կշարունակվի: Երբ Հրանտ Բագրատյանը ազատ աշխատավորների մասին է խոսում, ուզում եմ հիշեցնել, որ կապիտալիստական սիստեմի մեջ ազատ աշխատավորներ չկան: Դա մի ձև է կապիտալիստներին ձերբազատվելու աշխատավորների նկատմամբ ունեցած սոցիալական պարտավորություններից և արգելք հանդիսանալ աշխատավորական նոր շարժման առաջ գալուն: Այլ կերպ ասած, կապիտալիստական սիստեմի մեջ ազատ աշխատավորներ չկան:

-Հիմա արդյոք մեր խնդիրը չպե՞տք է լինի նախ արդար ընտրություններ անցկացնելը, ժողովրդավարություն հաստատելը:
-Դա պետք է իրականացնել սոցիալական ժողովրդական կազմակերպված շարժումով, բայց դա միայն ժողովրդավարության հաստատմամբ չի կարող լինել, այն նաև արդար կարգերի հաստատմամբ պետք է իրականացվի: Եթե կարծում եք ընտրությունների միջոցով կարող է ժողովրդավարություն հաստատվել, այդպես չէ: Ժողովրդավարություն նշանակում է ժողովուրդը պետք է որոշել կարողանա իր թաղի, քաղաքի մեջ, ամեն մակարդակի ժողովրդավարություն պետք է լինի, այն, ինչ Հայաստանում չկա: Լատինական Ամերիկայի մեջ այսօր մի մոդել է զարգանում, որն անվանում ենք մասնակցային ժողովրդավարություն, ինչը նշանակում է քաղաքացին պետք է որոշի իր քաղաքի ճակատագիրը, ոչ թե քաղաքապետարանը, թաղեցին իր թաղի ճակատագիրը, ոչ թե թաղապետարանը: Այս մոդելն արդեն որդեգրված է Ամերիկայի և Կանադայի սոցիալական ուժերի կողմից:

-Հայաստանում այդ գաղափարների կրող մի ուժ տեսնո՞ւմ եք արդյոք:
-Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկա ոչ մի կազմակերպություն, որը իսկական ժողովրդավարական և սոցիալական արդարության մոդելը մեջտեղ բերի: Նույնիսկ նրանք, ովքեր կհավակնեն սոցիալ-դեմոկրատական մոդելը տարածել, իրենց մոդելը տակավին կապիտալիզմի սահմանների մեջ է, որ 30-ամյա հաջողությունից հետո այսօր նահանջի մեջ է կապիտալիստական ուժերի հարվածի տակ, քանի որ ճգնաժամի մեջ է, քանի որ ճգնաժամի մեջ է նաև եվրոպական սոցիալ-դեմոկրատիան:
Լևոն Տեր-Պետրոսյանի ճիգերը դեմոկրատիայի մասին դատարկ են, որովհետև նա բացարձակապես չի խոսում սոցիալական արդարության մասին: Եթե նա իսկական ժողովրդավարություն է ուզում, պետք է պայքարի կապիտալիզմի ներկա հանգրվանի` նեոլիբերալիզմի դեմ և անբաժան դարձնի սոցիալական արդարությունը, որը կնշանակի հարստության վերաբաժանում, պետության սոցիալական պարտավորությունների ստանձնում և զորավոր սոցիալական ուժերի գոյություն կապիտալիզմի ուժերի դեմ:

Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 2-10-2011.

No comments: