Saturday, October 15, 2011

Բարիկադի երկու կողմում

«Լրագիր» 14-10-2011- Հայկական քաղաքական դաշտում տեղի է ունենում բարիկադի երկու կողմում ուժերի ակնհայտ կենտրոնացում: Ընդ որում, ընդդիմադիր դաշտում այդ գործընթացներն ավելի ակնհայտ են, քան իշխանական:
Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներին Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը նախանշել է ընդդիմադիր լայն դաշինքի ստեղծման հավանականությունը, որին կարող են միանալ նաեւ այլ ուժեր: Նրանք իրենց սպասեցնել չտվեցին՝ այսօր միանալու մասին հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Դա նշանակում է, որ ընդդիմադիր ուժերը Կոնգրեսի մոտ տեսել են վճռական քաղաքական քայլերի ներուժ: Մինչ այժմ ընդդիմադիր կուսակցությունները եւ նույնիսկ Կոնգրեսի անդամների մի մասը, Կոնգրեսի քայլերում առարկայական ոչինչ չտեսնելով, հիմնականում հեռացել են նրանից: Ներկայում տեղի է ունենում կենտրոնացման գործընթաց:
Հատկանշական է, որ հայտարարելով հոկտեմբերի 28-ին Կոնգրեսի հանրահավաքին մասնակցելու մասին, Տիգրան Կարապետյանը այն ոչ թե հանրահավաք անվանեց, այլ նստացույց: Հնարավոր է, դա լեզվի սայթաքում էր, սակայն, ըստ ամենայնի, Տիգրան Կարապետյանին հայտնի է դարձել, որ հանրահավաքը սահուն կվերածվի անժամկետ նստացույցի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Եւ նա շտապել է հայտարարել իր առնչության մասին:
Կոնգրեսին ոչ մեծ քաղաքական ուժերի միանալու մոտիվներն այդքան էլ կարեւոր չեն, ավելի կարեւորն այն է, որ նրանք, որպես կանոն, գնում են այնտեղ, որտեղ տեսնում են հեռանկարային շարժում: Իսկ դա նշանակում է, որ շատ քաղաքական գործիչներ վստահ են, որ Կոնգրեսը լուրջ հնարավորություններ ունի:
Վերջին հանրահավաքից հետո Կոնգրեսի գործիչները մշտապես խոսում են այն մասին, որ երկխոսությունը դադարեցված է, եւ առաջ է քաշվում միայն մեկ պահանջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ պահանջը կարող է Կոնգրեսի կողմը թեքել բոլոր նրանց, ովքեր Կոնգրեսին մեղադրելով ամվճռականության, իշխանության հետ գոչրծարքի եւ վերացական ձեւակերպումների մեջ, նստել էին տանը: Կոնգրեսի կողմ կարող են թեքվել նաեւ նրանք, ովքեր հասկանալով, որ նույնիսկ հերթական ընտրությանը Կոնգրեսը կհայտնվի խորհրդարանում, կփորձի խցկվել նրա ցուցակը:
Կենտրոնացման գործընթաց տեղի է ունենում նաեւ իշխանության ճամբարում: Ճիշտ է, ՀՀԿ- շուրջ առայժմ հավաքվում են մանր կուսակցություններ, իսկ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առայժմ համառորեն մի կողմ են կանգնած: Նրանք հայտարարում են, որ կարող են ընտրությանը մասնակցել միայնակ, եւ դա միանգամայն հնարավոր է: Սակայն եթե քաղաքական դաշտի բեւեռացումը հասնի բարձրակետին, այս ուժերը ստիպված կլինեն ընտրություն կատարել եւ պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար:
2008 թ. ընտրություններից հետո, երբ բեւեռացումը հասավ գագաթնակետին, Հայաստանի ճակատագիրը հանկարծ հայտնվեց Արթուր Բաղդասարյանի ձեռքում, որը պետք է ընտրեր իշխանության եւ ընդդիմության միջեւ: Նա չկարողացավ տանել պատասխանատվության այդ բեռը եւ պնդել ընտրության երկրորդ փուլ: Արդյոք կդիմանա նման պատասխանատվության Գագիկ Ծառուկյանը:
Նաիրա Հայրումյան

No comments: