Friday, October 14, 2011

Կամ գեներալակազմ, կամ զինվորի կյանքը

«Լրագիր» 14-10-2011- Երբ հետեւում ես Հայաստանի բանակում տեղի ունեցող ողբերգությունների հանդեպ Հայաստանի իշխանության հրապարակային պահվածքին եւ վերաբերմունքին, ապա Իռլանդիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի հանդեպ իսպանացի մրցավարի վերաբերմունքը դառնում է վերին աստիճանի բարոյականության օրինակ:
Վերջին հինգ օրում երեք զինվոր է մահացել բանակում, սպանել են կամ հասցրել ինքնասպանության, մինչդեռ իշխանությունից, բանակի իրավիճակի համար անմիջականորեն պատասխանատու հրամկազմից որեւէ մեկը գոնե հինգ րոպե հարկ չի համարել անդրադառնալ իրավիճակին եւ հանրությանը որեւէ պատասխանատու բան ասել, որեւէ բացատրություն տալ, թե ինչու բանակում վերջին երեք-չորս տարիներին հաճախակիացած ողբերգությունները ոչ թե նվազում են, այլ ավելի հաճախակիանում:
Առավել եւս տարօրինակ է Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի լռությունը: Բանակի ողբերգություններին նա վերջին անգամ կարծես թե 2010 թվականին անդրադարձավ, այն էլ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի բացմանը` հընթացս, ոտքի վրա: Դրանից հետո Սերժ Սարգսյանը մի շարք խորհրդակցություններ է անցկացրել ինչ թեմայով ասես, բայց բանակը դրանց մեջ չկար: Մի անգամ էլ Սերժ Սարգսյանը զոհված զինծառայողի մի ընտանիքի այցելեց, ու հետո էլ նախագահի նստավայրի ճաղավանդակներից այն կողմ զրուցեց զոհված զինծառայողների հարազատների հետ:
Շատերը գուցե կասեն, որ հրապարակային հայտարարություններ չկան, բայց փոխարենը գերագույն գլխավոր հրամանատարը լուռ ջանքեր է գործադրում բանակում լավ իրավիճակ ունենալու համար: Գուցե: Բայց, նախ այդ ջանքի արդյունքը կարծես թե չի երեւում, եւ բացի այդ էլ, լուռ ջանքը խրախուսելի է նորմալ իրավիճակներում, իսկ եթե բանակն ունի ակնհայտ խնդիրներ, որոնք վերածվում են մարդկային ողբերգությունների, անհրաժեշտ եւ պարտադիր է հրապարակային ջանքը` հրապարակային հայտարարությունները, որոնք հանրության առաջ ստանձնած կոնկրետ պատասխանատվություն են ենթադրում:
Դրա փոխարեն, Գերագույն գլխավոր հրամանատարի կուսակցության ինչ որ անդամներ են վեր կենում եւ հրապարակային հայտարարություններ անում բանակի դեմ ինչ որ դավադիր հակաքարոզչության մասին, վեր են կենում Գերագույն գլխավոր հրամանատարի քարոզչամեքենայի առաջամարտիկներ ու սկսում խոսել, թե բանակի դեմ ինչ որ պատվիրված արշավ է սկսվել: Հետաքրքիր է, որ դեռ չեն ասում, թե այդ արշավի առիթ տալու համար էլ բանակում պատվիրված սպանություններ են կատարվում:
Այդ ամենի հետեւանքը լինում են նորանոր զոհերը բանակում, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը լուռ է: Թեեւ նկատի ունենալով շաքարի գործարանի բացման օրը բանակի մասին նրա անդրադարձի բովանդակությունը, թերեւս առավել նպատակահարմար է, որ նա լռի, որովհետեւ Սերժ Սարգսյանը բանակի թեմայով կարծես թե առարկայական, իրավիճակի հիմնարար գնահատական պարունակող եւ հանրությանը մոտեցում ու հայեցակարգային վերանայման տեսլական պարունակող բովանդակությամբ ասելիք չունի կամ չունի այդ ասելիքը բարձրաձայնելու համարձակություն, որ իր դեմ չտրամադրի բանակի բիզնեսմեն-գեներալակազմին:
Չէ որ Սերժ Սարգսյանի իշխանությունն այդ գեներալակազմից է կախված: Այսինքն, այդ գեներալակազմից են կախված Սարգսյանի իշխանությունն ու հայ զինծառայողների կյանքը, ինչը թերեւս ընտրություն է առաջացնում Սարգսյանի համար` կամ վտանգել իշխանությունն ու բանակն ազատել բիզնեսմեն դարձած գեներալներից, որոնց հոգսը ոչ թե բանակն է, այլ սեփական բիզնեսը, եւ բանակը դիտվում է ընդամենն այն սպասարկող հարակից գործոն, կամ էլ վտանգել հայ զինծառայողների կյանքը, բայց բիզնեսմեն գեներալակազմին հանգիստ թողնել, որպեսզի ավելորդ ճոճի չենթարկվի սեփական իշխանությունը:
Լուսանկարը Panarmenian-photo-ի
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: