Tuesday, October 4, 2011

ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՄԵՂՔԻ ԳԻՏԱԿՑՈՒՄԻՑ

Ինչը վերջին շրջանում անում է Թուրքիան մերթ Իսրայելի, մերթ Կիպրոսի Հանրապետության դեմ

«ԱԶԳ», 04-10-2011- Սեպտեմբերի 17-ին. երբ Կիպրոսի Հանրապետությունը պատրաստվում էր Միջերկրականի արեւելյան հատվածում հետազոտման աշխատանքներ սկսել, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն դա որակեց իբրեւ սադրանք, պատճառաբանելով, թե կիպրական շելֆը բաժանված է Կիպրոսի հույների եւ թուրքերի միջեւ, ուստի չի կարելի միակողմանի օգտագործել: Նավթի եւ գազի հետախուզական հորատման աշխատանքների մեկնարկումից մեկ օր առաջ, սեպտեմբերի 20-ին, Թուրքիան արդեն սպառնաց, որ ուժի գործադրմամբ կկասեցնի այդ աշխատանքները եւ նման աշխատանքներ ինքը կծավալի «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ջրերում:
Հորատման աշխատանքները սկսվեցին սեպտեմբերի 21-ին, որին ի պատասխան վարչապետ Էրդողանը հայտարարեց, թե որոնման աշխատանքներ կիրականացնի նաեւ Թուրքիան ռազմանավերի եւ օդուժի վերահսկողության տակ: Նույնիսկ «Փիրի ռեյիս» հետազոտական նավն էլ դուրս բերեց բաց ծով: Սակայն դա չխանգարեց, որ թուրքական սպառնալիքները վերածվեն բլեֆի:
Մի առիթով նշել էինք, որ Թուրքիայի խնդիրը ոչ այնքան Միջերկրականի արեւելյան հատվածում կղզուց հարավ ընթացող հորատման աշխատանքներն են, որքան դրանց իրականացմանը Կիպրոսի Հանրապետության, Հունաստանի եւ հատկապես Իսրայելի մասնակցությունը, աշխատանքների հանձնարարումը ամերիկյան «Նոբլ» ընկերությանն ու իսրայելական ռազմածովային եւ օդային ուժերի անմիջական վերահսկողությամբ իրականացումը:
Այսինքն Թուրքիան ի սկզբանե գիտեր, որ սպառնալիքները բլեֆ են: Այդ դեպքում ի՞նչ նպատակ էր հետապնդում: Ըստ երեւույթին, սպառնալիքի հիմքում հակադրության լրացուցիչ պաշարները եւս Կիպրոսի Հանրապետության դեմ գործադրելու, դրանով կղզու հյուսիսային հատվածում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայությանը ընդվզող կիպրացի թուրքերին սաստելու, Արեւելյան Միջերկրականում պատերազմի «վտանգով» հղի կոնֆլիկտային նոր իրավիճակ ստեղծելու եւ դրանով նավթի ու գազի հետախուզման հարցում միջազգային ատյանների ներգրավվածությունն ապահովելու նկատառումներն են:
Դրանք հազիվ թե նպաստեն բնական գազից կամ նավթից ակնկալվող եկամուտների կիսմանը կիպրացի հույների եւ թուրք համայնքի միջեւ: Սակայն Թուրքիային հնարավորություն կտան հարցը մասսայականացնելու եւ դրան միջազգային հնչեղություն հաղորդելու: Այդ իսկ պատճառով էլ Անկարան ձգտում է նպատակին հասնել ՄԱԿ-ի միջոցով, առաջարկելով վերջինի միջնորդությունը, որին էլ արձագանքում է Մ. Նահանգները:
Արձագանքի պարագայում խոսքը պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդի մասին է: Սեպտեմբերի 28-ին նա, ինչպես վկայում է թուրքական հանրային հեռուստատեսությունը, ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է Կիպրոսի պաշարները բաշխված տեսնել երկու կողմերի միջեւ եւ լուրջ է վերաբերվում բաշխումը ՄԱԿ-ի միջնորդությամբ իրականացնելու առաջարկին: Սակայն նա, «Եվրոնյուզի» վկայությամբ, միաժամանակ հիշեցրել է հորատման աշխատանքների ամերիկյան «Նոբլ» ընկերության կողմից իրականացման մասին եւ ընդգծել լարվածությունը սրելու դրսեւորումներից հրաժարվելու, ինչպես նաեւ դատարկ խոսակցությունները սահմանափակելու անհրաժեշտությունը:
Ի դեպ, այդ նույն Նյուլանդը դրական է մոտեցել նաեւ Միջերկրականի արեւելյան հատվածում իրականացվող հորատման աշխատանքների շուրջը ծագած վեճը Հաագայի միջազգային դատարան ներկայացնելու Եվրոմիության առաջարկին: Իսկ պետքարտուղարության մյուս խոսնակ Մարկ Թոները սեպտեմբերի 30-ի հայտարարությամբ ակնհայտ աջակցել է հունական կողմին, ասելով. «Մ. Նահանգները էներգիայի աղբյուրների որոնման հարցում պաշտպանում է Կիպրոսի իրավունքը: Կիպրոսում էներգիայի աղբյուրների հայտնաբերմանը ամերիկյան ընկերության մասնակցությունը դրական երեւույթ է»:
Թե պետքարտուղարության խոսնակի այս հայտարարությանը ինչպես կարձագանքի Անկարան, չգիտենք: Բայց որ Թուրքիան որեւէ լարվածության դեպքում ընդունելով ագրեսիվ կեցվածք, իրավիճակը հետեւողականորեն սրում է եւ դա ընդամենը հանգեցնում է լարվածության նոր օջախների առաջացմանը, ակնհայտ է: Թերեւս դրա պատճառով է, որ Անկարան դեռեւս մեկը չթուլացած, ստիպված է լինում կենտրոնանալ մյուս լարվածության վրա, որը իսկույն դառնում է օրակարգի առաջնահերթ խնդիր, իսկ նախորդն ակամա մոռացության է տրվում:
Արեւելյան Միջերկրականի հարավային հատվածում իրականացվող հորատման աշխատանքների հարցը առաջնահերթությամբ իր տեղը արդեն զիջել է PKK-ի զինյալ գործունեությամբ պայմանավորվող քրդական հարցին, ինչպես Իսրայելի հետ լարվածությունն էր զիջել Կիպրոսի Հանրապետության իրականացրած հորատման աշխատանքներին: Սա նշանակում է, որ այս հարցերում Թուրքիայի դրսեւորած ագրեսիվությունը ոչ այլ ինչ է, քան նախահարձակ միջոցներով հակառակ կողմին սաստելու միջոց: Սակայն այդ միջոցին դիմում են մեղքի գիտակցումով միայն: Այդ դեպքում արդեն արդարացիությանՙ ի լուր աշխարհի թմբկահարումը դառնում է ոչ այնքան միջազգային հանրությանը համոզելու, որքան սեփական մեղքի գիտակցումը ճնշելու միջոց:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: