Monday, October 3, 2011

Երբ արդարությունը դառնում է հասարակական պահանջ, դա դառնում է իրականություն. Հրայր Թովմասյան

Tert.am. 2-10-2011- Արմավիրում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմանը 1 մլրդ դրամ է ուղղվել։ Այս մասին «ԱրմՆյուզ»-ի հետ զրույցում նշել է Արդարատադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Ըստ նրա՝ հիմնարկի կառուցման աշխատանքներին հնարավոր է լինելու հետևել «գրեթե օն-լայն»՝ արդարադատության նախարարության կայքում մեկ-երկու շաբաթը մեկ թարմացվում են լուսանկարները։
«Հուսանք, որ մինչև 2012-ի վերջ կամ 2013-ի կեսերը կունենանք այդ նոր քրեակատարողական հիմնարկը, արդյունքում մենք մեր օգտագործվող որոշ կառույցներից կհրաժարվենք»,- նշեց նա։ Արմավիրի նորակառույցը շահագործման հանձնելուց հետո, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, կփակվեն Նուբարաշենի, Վարդաշենի և Էրեբունու քրեակատարողական հիմնարկները, քանի որ այդ կառույցների ֆիզիկական և բարոյական մաշվածությունը հնարավորություն չեն տալիս դրանք նպատակներին ծառայեցնել։
«Կա նաև զբաղվածության խնդրի ապահովում. թեպետ նրանց [դատապարտյալներին] հարկադիր աշխատանքի չես կարող տանել, նրանք իրենց կամքով պիտի աշխատեն, բայց նրանց մի մասը ցանկանում է աշխատել իրենց մասնագիտական ունակությունները չկորցնելու համար։ Հիմա աշխատանքներ տարվում են այս ուղղությամբ, որ իրենք մասնակցեն առնվազն այն ապրանքների արտադրությանը, որոնք հետագայում իրենք իսկ սպառելու են»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ սա կնպաստի նաև պատիժը կրելուց հետո դատապարտյալների ադապտացմանը ներհասարակական կյանքին։
«Կարծես, թե պատժի կրումից հետո մոռանում ենք այդ քաղաքացիների մասին։ Որպես կանոն՝ հինգ-վեց տարի իրենց պատիժը կրելուց հետո նրանք իրենց մասնագիտական որակավորումը կորցրած և հասարակության համար խորթացան են լինում։ Աշխատանք գտնելու հարցում նրանք ունեն շատ ավելի մեծ խնդիրներ, քան սովորական քաղաքացին և ավելի քան 30% կրկնահանցագործությունը պայմանավորված է հենց սրանով»,- ասաց նախարարը։
Նա ճիշտ համարեց մեծացնել հանրային աշխատանքների քանակը. «Ասենք՝ պատժի կրման վերջին մեկ-երկու տարին փոխարինենք հանրային աշխատանքով։ Նաև՝ ընտանեկան մեծ խնդիրներ չեն առաջանա, որովհետև դաստիարակություն կա երեխաների, ընտանիքում մեծեր կան։ Եվ ինտեգրումը կհեշտանա»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե ով է պատասխանատու առկա անարդարության համար՝ նախարարը նշեց. «Անարդարությունը մտածողության մեջ է. բոլորն են մեղավոր։ Մի տարածքում, որտեղ բոլորն ուզում են, որ արդարություն լինի, բայց իրենք ենթակա չլինեն դրան՝ «բռնեն հարևանին, դիմացինին, մյուսին, բայց ոչ ՝ իրենց», այդ հասարակության մեջ արդարություն չի հաստատվի։ Երբ արդարությունը դառնում է հասարակական պահանջ, դա դառնում է իրականություն։ Երբ մեծամասնությունն ուզում է ունենալ անարդար ճանապարհ իր խնդիրները լուծելու համար, բայց ուրիշները չունենան, նման երկրներում արդարադատություն չի հաստատվում։ Արդարամտությունը մտածողություն է, և երբ դա դառնում է հասարակական պահանջ, իրականանում է»։
Նախարարի տվյալներով՝ ոչ պրոֆեսիոնալ հասարակական հարցումները բավական վատ արդյունքներ են գրանցել՝ հասարկության բավական մեծ մասը պատրաստ է իր անօրինական խնդրի լուծմանը հասնել անարդար ճանապարհով։ «Եթե շախմատային լեզվով ասեմ՝ երկրում արդարության հասնելու համար մեկ քայլանոց կոմբինացիա չկա։ Անհրաժեշտ է քայլերի կոմբինացիա, որին մասնակից են բոլորը»,- ասաց Հրայր Թովմասյանը։

No comments: