Wednesday, November 23, 2011

Թուրք լրագրող. Կարսի բնակչության 90%-ը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի բացման օգտին

News.am. 23-11-2011- Կարսի բնակչության 90%-ը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի բացման օգտին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրք լրագրող, Կարսի Serhat TV-ի ղեկավար Ալիջան Ալիբեյօղլուն:
«Մեր հեռուստաալիքով տեղական հաղորդումներ ենք պատրաստում Կարսի համար: Կա նաեւ Կարսի պատմամշակութային արժեքների մասին ծրագիր: Մենք պատմում ենք եւ աշուղ երգիչների մասին, որոնք կան նաեւ ձեզ մոտ, ծանոթացնում ենք հեռուստադիտողին մեր գյուղերի կայնքին, նրանց ազգային խոհանոցին: Սակայն ավելի շատ հաղորդումներ ենք պատրաստում հայ-թուրքական սահմանի բացման մասին»,-հայտարարեց Ալիբեյօղլուն:
Տասը տարի առաջ սահմանի բացման օգտին հանդես էր գալիս Կարսի բնակչության 60%-ը, սակայն, ըստ նրա, վերջին տարիներին կողմնակիցների թիվն աճել է: «Սրանում կա նաեւ մեր ներդրումը, այդ թվում` ստորագրությունների հավաքման ծրագրի ներդրումը»,-ավելացրեց նա:
Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ջանքերը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման մասին հարցին, նա ասաց, որ քաղաքի բնակիչներին դա շատ է տխրեցրել. «Քաղաքի բնակիչները շատ տխրեցին, բայց քանի որ որոշումը կայացվել էր պետական իշխանությունների` պաշտոնական Անկարայի կողմից, չցանկացան այդ մասին շատ խոսել»,-բացատրեց լրագրողը:
«Հավատում ենք, որ նորից կտեսնենք այդ հուշարձանը»,-եզրափակեց նա:

No comments: