Wednesday, November 23, 2011

«ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԼԻՆԵՆ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ»

«ԱԶԳ», 23-11-2011- Ստամբուլից, Անկարայից, Իգդիրից, Դիարբեքիրից, Կարսից Հայաստան են ժամանել 50-ից ավելի թուրք գործարարներ: Երեկ Երեւանում` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում եւ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախաձեռնությամբ մեկնարկեց հայ եւ թուրք գործարարների համաժողովը:
Երկօրյա համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգելով Վանի երկրաշարժի զոհերի հիշատակը, անցան քննարկումների: Մասնավորապես թուրքական TAPDC ընկերության ղեկավար Նոյան Սոյակը շեշտեց, որ անգամ փակ սահմանների պարագայում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 300 մլն դոլար: Ըստ նրա` երբ 1997-ին հայ գործարարների հետ փորձում էին համատեղ հանդիպումներ կազմակերպել, նրանց օգնում էին վրացիները, սակայն այսօր հայ եւ թուրք գործարարները առանց միջնորդների հանդիպում են, եւ որեւէ թուրք գործարար չէր պատկերացնի, որ կարող են Հայաստան գալ, որ Երեւանում նույնիսկ թուրքական խանութներ կլինեն: Սոյակը հույս հայտնեց, որ երբեւէ Թուրքիայում էլ կլինեն հայկական խանութներ:
Նա նաեւ տեղեկացրեց, որ հայկական համարանիշներով մեքենաները օգոստոսից սկսել են մուտք գործել Թուրքիա: «Նման դրական զարգացումները մեզ շատ են ուրախացնում», հայտարարեց Սոյակը եւ հույս հայտնեց, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա: «Հայ եւ թուրք գործարարներն առանց միջնորդների հանդիպում են իրար, եւ հնարավոր է, որ առաջիկայում Երեւանում թուրքական, իսկ Թուրքիայում հայկական խանութներ բացվեն», ասաց Սոյակը:
Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ հայ եւ թուրք գործարարները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել տնտեսական կապերի կայացման ու զարգացման ուղղությամբ, ավելին` «մտածում են հեռանկարային ծրագրերի մասին»: «Ես խորին համոզմունք ունեմ, որ Թուրքիայի ղեկավարությունը վերջապես կհասկանա իր սեփական ժողովրդի շահերը, անկողմնակալ քաղաքականություն կդրսեւորի, կբացի սահմանները, մենք կունենանք նորմալ միջպետական հարաբերություններ, նորմալ փոխհամագործակցություն: Այժմ փորձում ենք այս հարաբերությունների զարգացմամբ ցույց տալ Թուրքիայի ղեկավարությանը, որ փակ սահմանների դեպքում էլ տնտեսությունները համագործակցում են: Հետեւաբար ժամանակն է, որ իրենք իրենց շահը հասկանան` առանց երրորդ երկրների շահը փայփայելու կամ հաշվի առնելու», ասաց Ղազարյանը:

No comments: