Monday, November 7, 2011

Ամենամեծ վտանգը լռությունն է

«Լրագիր» 7-11-2011- Լոռու մարզ այցելած Սերժ Սարգսյանը եղել է նաեւ պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի ընտանիքում, զրուցել ընտանիքի անդամների հետ, շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպան դաստիԱրակելու համար:
Արտակ Ղաբուզյանը 2009 թվականին զորակոչվելով բանակ, ծառայության ընթացքում ցուցաբերել է արիություն եւ անձնական խիզախություն՝ մահացու վիրավորելով զորամասի մարտական դիրք ներխուժած հակառակորդին:
Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ, բայց Սերժ Սարգսյանը չի մոռացել եւ այցելել է Ղաբուզյանի ընտանիքին, շնորհակալություն հայտնել եւ նույնիսկ կարգադրել է իշխանության համապատասխան կառույցներին, որ արագ լուծեն Ղաբուզյանի ընտանիքի նոր բնակարանի հարցը:
Հերոսներին իհարկե պետք է պատվել ու պահել ուշադրության կենտրոնում, թեեւ մյուս կողմից, հակառակորդին խոցելը զինվորի պարտքն է, առաջին հերթին սեփական անվտանգությունից ելնող պարտքը, քանի որ եթե նա չխոցի հակառակորդին, ապա դիրքեր ներխուժած հակառակորդը կխոցի այդ զինվորին: Թշնամուն խոցելը զինվորի գործն է, որովհետեւ եթե նա չի կատարում այդ գործը, առաջին հերթին հենց ինքն է հայտնվում վտանգի տակ: Հետեւաբար գուցե ավելի նախընտրելի է զինվորի մեջ այդ պարտքի գիտակցումը դաստիարակել, այդ պարտավորության գիտակցումը, քան հերոսության, անձնվիրության եւ այդ կարգի գրական-գեղարվեստական այլ զգացումներ:
Թերեւս պետք չէ բանակը, զինվորի հոգեբանությունը, զինվորի արժեհամակարգի ձեւավորումը ծառայեցնել նախընտրական, քարոզչական տրամաբանությանը: Դա ամենեւին չի նշանակում, որ զինվորին պետք չէ խրախուսել: Իհարկե պետք է, բայց դա պետք է լինի համաչափ խրախուսանք, հրամանատարական մակարդակով, որը կդիտվի որպես ծառայության օրգանական շղթա, երբ ասենք խրախուսանքը առավել մեծ ուշադրության եւ լուսաբանման չի արժանանա, քան բուն արարքը:
Այդ ամենից բացի, հատկանշական է մեկ այլ բան էլ: Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի անդրադառնում բանակում առկա իրավիճակին: Թե ինչպիսին է այդ իրավիճակը, հայտնի է բոլորին, եւ հայտնի է դառնում նորանոր մարդկային ողբերգությունների մասին լուրերով: Սակայն Գերագույն գլխավոր հրամանատարը լռում է, չի տալիս իրավիճակի իր գնահատականը, եւ ոչ էլ կադրային փոփոխություններ կատարում բանակում: Իհարկե, վերջին երեք տարիների ընթացքում այդպիսի մի քանի փոփոխություն եղել է` փաստացի փոխվել է ռազմական ոստիկանության պետը, փոխվել է զինդատախազը, նաեւ նշանակվել է պաշտպանության նախարարի նոր առաջին տեղակալ, իսկ բացի այդ էլ ըստ էության փոփոխություն կարելի է համարել Վովա Գասպարյանի հեռացումը բանակից:
Բայց ակնհայտ է, որ հայկական բանակում ներկայում պահանջվում են առավել լայնածավալ կադրային փոփոխություններ, որպեսզի ձեւավորվի մտավոր եւ կազմակերպական այն ռեսուրսը, որի շնորհիվ բանակում հնարավոր կլինի կատարել արժեհամակարգային եւ կառուցվածքային արագ վերափոխումներ:
Մինչդեռ, Սերժ Սարգսյանը ակնհայտորեն խուսափում է այդ ամենին ձեռնամուխ լինելուց:
Ավելին, Սերժ Սարգսյանը ոչ միայն բանակի վերափոխման գլոբալ խնդրին չի դարձնում հրապարակային ուշադրություն, այլ նույնիսկ բանակում տեղի ունեցող սպանությունների կամ “ինքնասպանությունների” այսպես ասած մասնավոր խնդիրներին: Սերժ Սարգսյանը հրապարակավ չի արձագանքել դրանց, ինչը էական է թե պատասխանատվության խնդրի մասով` երբ գերագույն գլխավոր հրամանատարն այդպիսով պատասխանատվություն է ստանձնում, թե իր դիրքորոշման, թե բանակի առօրյայում դրա ուղղահայաց տարածման առումով:
Իսկ այդ ամենը մեծ հաշվով շատ ավելի կարեւոր է բանակի թե մարտունակության, թե արժեհամակարգային արդիականացման, թե բարոյահոգեբանական ամրության համար, քան խրախուսական քայլերը, որ ակնհայտորեն կատարվում են առավելապես քարոզչական շարժառիթով: Ավելին, ոչինչ չի կարող ունենալ ավելի մեծ քարոզչական էֆեկտ, քան խնդիրներին առարկայական անդրադարձը: Եվ թերեւս ոչինչ չի կարող ավելի մեծ վտանգ ներկայացնել բանակի համար, եւ պետության համար, քան առանցքային, անգամ մարդկային կյանքեր արժեցող խնդիրների հանդեպ համառ լռությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: