Wednesday, November 23, 2011

ՀԱՐՍԸ, ՏԱԼԸ, ԵՎ ՆՐԱՆՑ «ԱՐԱՆՔՈՒՄ»ՙ ԵՂԲԱՅՐԸ

Ադրբեջանում լրջորեն հնարավոր է իշխանափոխությունը

«ԱԶԳ», 23-11-2011- Նոյեմբերի 14-ին Հեյդար Ալիեւի դուստրը, Իլհամ Ալիեւի քույրը` Սեւիլ Ալիեւան միջոցառում էր կազմակերպել Մոսկվայում` Իգոր Բութմանի ջազ ակումբում: Ինչպես տեղեկանում ենք «Ազադլիգից», այս միջոցառումը նվիրված է եղել Հեյդար Ալիեւի հիշատակին, սակայն Իլհամ Ալիեւի ընտանիքից ոչ ոք դրան չի մասնակցել. «Հայտնի չէՙ Ալիեւները հրավիրվա՞ծ են եղել միջոցառմանը: Սակայն գաղտնիք չէ, որ Սեւիլ Ալիեւայի հարաբերությունները բավական լարված են եղբոր` Իլհամ Ալիեւի հետ: Ուստի հավանական է, որ նա պարզապես չի հրավիրել եղբորը, կամ էլ նախագահի ընտանիքն է բոյկոտել Հեյդար Ալիեւի դստեր միջոցառումը»: Այս տեղեկությունը խիստ ուշագրավ է, քանի որ Իլհամ Ալիեւը բաց չի թողնում Հեյդար Ալիեւին նվիրված որեւէ միջոցառում կամ «անթիվ-անհամար» արձանների բացման արարողություն. եթե չի էլ ներկայանում անձամբ, ապա ուղերձը պարտադիր է: Իսկ Սեւիլ Ալիեւան չի ունեցել պատիվ անգամ եղբոր ուղերձը լսելու կամ գոնե եղբոր` Մոսկվայում ապրող դստերը` Լեյլա Ալիեւային տեսնելու: Բացի սրանիցՙ միջոցառմանը մասնակցել է, օրինակ, Հեյդար Ալիեւի եղբոր` Աղըլ Ալիեւի որդին: Սակայն սկսենք նախապատմությունից:
Ինչպես արդեն նշել ենք, հարեւան երկրի նախագահի կնոջ ընտանիքը` Փաշաեւները, այժմ արդեն ամբողջովին վերահսկում է երկրի դեղագործական բիզնեսը: Սա ինքնին արդեն հետաքրքրական լինելով ուշագրավ է նաեւ բոլորովին այլ տեսանկյունից: Պարզվում է, որ Փաշաեւները այս «վերահսկմամբ» դեղագործական շուկայից դուրս են մղել... Ալիեւներին, ավելի կոնկրետՙ Հեյդար Ալիեւի եղբոր` Աղըլ Ալիեւի որդուն: Ինչպես գրում է «Ազադլիգը»` «Աղըլ Ալիեւի որդուն պատկանող «Ռիադ ֆարմ» ընկերությունը նախկինում դեղորայքի վաճառքով զբաղվող առաջատար կազմակերպությունն էր: Փաշաեւներն այս ոլորտը յուրացնելուց հետո փաստորեն վերջ դրեցին հենց «Ռիադ ֆարմի» բիզնեսին»: Ավելին, ինչպես պարզում ենք, Աղըլ Ալիեւի ժառանգների անհաջողությունները միայն «դեղորայքով» չեն ավարտվել: Հեյդար Ալիեւի եղբոր ընտանիքը զրկվում է նաեւ իրենց պատկանող տրանսպորտային գծի վերահսկողությունից. «Նրանք փորձել են պարզաբանումներ ստանալ տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովից: Նախարարը պատասխանել է, որ «դա իր ձեռքի գործը չէ», ու փաստորեն ակնարկել, որ դրա հետեւում Փաշաեւներն են կանգնած», թե ինչո՞ւ են հատկապես Փաշաեւները կանգնած տրանսպորտի նախարարի «հետեւում», դեռ կխոսենք, այժմ հավելենք նաեւ, որ Ալիեւների ձեռքից վերցրել են նաեւ «Էր Ռիադ» առեւտրի կենտրոնի եւ նրա շրջակա շրջանների տրանսպորտային գծերի վերահսկումը. «Այս պատճառով Աղըլ Ալիեւի ժառանգները կորցրել են տասնյակմիլիոնավոր դոլարներ: Այդ գումարների մի մասը պատկանում է «Էր Ռիադ» առեւտրի կենտրոնում ներդրումներ կատարած մարդկանց, որոնք այժմ հետ են պահանջում Ալիեւներից իրենց կորցրած գումարները», գրում է «Ազադլիգը»: Դե այսքանից հետո ինչպե՞ս Աղըլ Ալիեւի որդին չգնա Մոսկվա` հորեղբոր դստեր միջոցառմանը «փոքր-ինչ լիցքաթափվելու»:
Ինչ վերաբերում է տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի «փաշաեւյան հովանավորությանը», ապա այստեղ արդեն ուրվագծվում է հարեւան երկրում «փափուկ իշխանափոխության» հստակ սցենարը: «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջանում թեժանում է պայքարը վարչապետի պաշտոնի համար: Ընդ որումՙ կան արդեն թեկնածուներ` արտակարգ իրավիճակների նախարար Քյամալադդին Հեյդարով, խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադով, պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւ եւ տրանսպորտի նախարար Զիյա Մամեդով: Ըստ «Ենի Մուսավաթի», վերջին շրջաններում հատկապես նախագահականից շրջանառվում է նաեւ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի անունը, թե ինչո՞ւ, դեռ կխոսենք: Ստացվում է, փաստորեն, որ վարչապետի պաշտոնի համար ընթանում է պայքար Հեյդարովի ու Մամեդովի միջեւ: Սա ուշագրավ է այն առումով, որ Հեյդարովը «Փաշաեւ չէ», իսկ Մամեդովը հենց Փաշաեւների նախընտրած թեկնածուն է: «Փաշաեւները հանգիստ են վերաբերվում, որ տրանսպորտի նախարարը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ դա կնպաստի իրենց դիրքերի ամրապնդմանը: Հետեւաբար Զիյա Մամեդովը վստահ է, որ Փաշաեւները «ստավկան» հենց իր վրա կանեն», եզրակացնում է «Ազադլիգը»: Փաշաեւները հավանաբար հենց այդպես էլ կանեն, ավելին, նրանք ունեն մեկ այլ «ստավկա» էլ` այս անգամ Միլլի մեջլիսի նախագահի պաշտոնի համար: Ինչպես գրում է «Պոլիգոնը»` ներիշխանական որոշ խմբավորումներ «պատին են դեմ տվել խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովին: Ու սա սկսվեց այն բանից հետո, երբ Ասադովը «ոտնակոխ արեց Ռամիզ Մեհթիեւի «այգիները»ՙ դուրս գալով վերջինիս խմբավորումից: «Այժմ նախագահի աշխատակազի ղեկավար Մեհթիեւն այլեւս չի օգնում Ասադովին», գրում է «Պոլիգոնը»: Սակայն ուշագրավ շարունակություն. «Օգթայ Ասադովը համարվում է Փաշաեւների կլանի ակտիվ սատարողներից մեկը, ավելինՙ հանձին Ասադովի Փաշաեւներն իրենց վերահսկողության տակ են պահում Ազգային ժողովը»:
Ստացվում է, որ Փաշաեւները, ավելի կոնկրետՙ առաջին տիկին Մեհրիբան խանումը, լրջորեն ուղղվել են դեպի իշխանության ամբողջական վերահսկում, ապացուցվում են նաեւ պնդումները, որ Մեհրիբան Ալիեւան կարող է դառնալ երկրի հաջորդ նախագահ: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Մասնավորապես նախագահականից «եկած» վարչապետի թեկնածու, այժմ կապի նախարար Ալի Աբասովը, «Ենի Մուսավաթի» տվյալներով, «սերտ հարաբերություններ ունի Իլհամ Ալիեւի հետ: Ալի Աբասովը հեռու է մնում ներիշխանական ինտրիգներից, կարելի է ասել, նա ընդգրկված չէ որեւէ խմբավորման մեջ: Շատերը հենց նրա թեկնածությունն են լավագույնը համարում, ու եթե արտակարգ ոչինչ տեղի չունենա, ապա Աբասովը 2012-ի սկզբներին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը»: Իսկ ի՞նչ «արտակարգ բան» կարող է կատարվել մինչեւ 2012-ի սկիզբը հարեւան երկրում: «Տարվա վերջին քաղաքական հարթակում զգացմունքերի պոռթկման նախօրյակին կհեռացնեն երկրի ամենաազդեցիկ նախարարներից մեկին», գրում է «Պոլիգոնը»` վկայակոչելով իր «ներիշխանական աղբյուրներն», ու ընդգծում` «Արդեն միասնական որոշում է կայացվել ասպարեզից հանել նրան, որն այժմ լուրջ ինտրիգների մեջ է, որոնք էլ ի վերջո կավարտվեն նախարարի հեռացմամբ»:

Նախքան «ամենաազդեցիկ նախարարներից մեկին» հասնելը եկեք մեկ այլ ուշագրավ բանի վրա սեւեռվենք. «արդեն միասնական որոշում է կայացվել...», այսինքն` ո՞վ է կայացրել, հնարավո՞ր է մի քանի կլանանոց Ադրբեջանում միասնական որոշում կայացնել, որը բավարարի բոլորին:

Իհարկե ոչ, հետեւաբար այս «միասնական» որոշումը Իլհամ Ալիեւը կայացրել է կամ Փաշաեւների հետ, կամ Հեյդարովի: Եթե առաջին տարբերակն է, ապա իրոք Հեյդարովը «ամենաազդեցիկ նախարարներից մեկն է», ավելին` Փաշաեւների իրական հակառակորդը որոշ «ինտրիգներ» ունի իր վերահսկած Գաբալայի շրջանում, որտեղ էլ հենց, նկատենք, Իլհամ Ալիեւը օրեր առաջ այցելեց: Ու ամենահետաքրքրականը այս առումով: Ինչպես պարզ է դարձել «Ազադլիգ»-ին. «Քյամալադդին Հեյդարովի խմբավորման անդամներն սկսել են հանդես գալ միմյանց դեմ, իրականացրած «ապօրինի ֆինանսական օպերացիաների» պատճառով կասպյան ծովագնացության վարչությունը դատի է տվել հարկային նախարարությանը: «Սա հնարավոր է, որ նորմալ լիներ, եթե հարկային նախարարության պետ Ֆազիլ Մեմեդովն ու կասպյան ծովագնացության վարչության ղեկավար Այդըն Բեշիրովը չպատկանեին Քյամալադդին Հեյդարովի խմբավորմանը: Այս առումով այս հակասությունը կարող է հանգեցնել Հեյդարովի խմբավորման մասնատմանը»: Հիմա ո՞ւմ կլինի սա ձեռնտու, իհարկե Փաշաեւներին ու իհարկե նախագահ Ալիեւին, եթե նա հենց Փաշաեւների հետ է «միասնական որոշել` հեռացնել ամենաազդեցիկ նախարարներից մեկին»:

Սակայն հարեւան երկրում «ամենաազդեցիկ նախարարների շարքում է» իր պաշտոնում մնալու ժամկետով «Գինեսի ռեկորդակիր» պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, որը նույնպես «այժմ լուրջ ինտրիգների մեջ է»: «Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը կորցրել է բանակը վերահսկելու կարողությունը», այս մասին ասված է Ադրբեջանի անվտանգության եւ հասարակական պաշտպանության ասոցիացիայի հայտարարության մեջ: Իսկ «Ենի Մուսաֆաթը» տեղեկացնում է, որ միայն վերջին 10 ամիսների ընթացքում ադրբեջանական բանակում գրանցվել է զինծառայողների մահվան 89 դեպք:
Տրանսպորտի նախարար, Փաշաեւների «վարչապետ» Զիյա Մամեդովին նույնպես կսպառնա պաշտոնանկություն, եթե միայն նախագահ Ալիեւը Հեյդարովի հետ է եկել «միասնակամ որոշման»: Սա քիչ հավանական է ինքնին, պարզապես նկատենք, որ Հեյդարովն ու Մամեդովը այժմ պայքարում են ոչ միայն ու ոչ այնքան վարչապետի պաշտոնի համար, ինչը կոնկրետ Հեյդարովի պարագայում «բավական ցածր պաշտոն կլինի», այլ երկրի նավթային հատվածում գերիշխանություն ստանալու: «Պոլիգոնը» այս կապակցությամբ գրում է. «Պայքարի հերթական փուլում Հեյդարովին հաջողվել է թույլ չտալ իր հակառակորդին ներխուժելու նավթային հատված: Սակայն վերջին պահին Մամեդովը ստացել է Ռուսաստանի եւ Բաքվի խմբավորումների օժանդակությունը, կարողացել է շտկել իրադրությունը եւ պատասխան գրոհ սկսել «արտակարգ» նախարարի դեմ»: Այս տեղեկությունից պարզ է դառնում, որ ոչ միայն Իլհամ Ալիեւը` Փաշաեւների խմբավորման ձեռամբ ու որպես «Բաքվի խմբավորում», այլեւ «Ռուսաստանի խմբավորումները» աջակցում են Մամեդովին` ընդդեմ Արեւմուտքի կողմից լավ ընդունված ու արեւմտյան պատվիրակներին Ադրբեջանում «լավ ընդունող» Քյամալադդին Հեյդարովի: Սա արդեն նշանակում է, որ հարեւան երկրի այն «ամենաազդեցիկ նախարարները, որոնք այժմ լուրջ ինտրիգների մեջ են», երկուսն են` Քյամալադդին Հեյդարովն ու Սաֆար Աբիեւը: Այստեղ, սակայն, չպետք է մոռանալ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի գործոնը: Վերջինս կամ թույլ չի տա «նեղացնել» Հեյդարովին, կամ ինքն էլ «կնեղանա» այդ փաստից, բայց սա արդեն լրիվ այլ իրադրություն կբերի հարեւան երկրում, հետեւաբար` այլ խոսակցություն:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: