Tuesday, November 8, 2011

Ֆրանսիայի իշխող կուսակցությունը Ցեղասպանության օրինագծին չի սատարի. այն Սարկոզիին չի փրկի

Tert.am. 7-11-2011- Եթե Ֆրանսիայի Սենատի օրակարգում դարձյալ հայտնվի Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը, «Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կուսակցությունը (UMP) չի աջակցի դրան։ Այս մասին, ինչպես գրում է ֆրանսիական Marianne ամսագիրը, հայտարարել են UMP–ի պատգամավորները։
Ամսագրի տեղեկություններով՝ անցած շաբաթ Նիկոլա Սարկոզին Ելիսեյան պալատում նախաճաշել է իր կուսակիցների հետ։ Հանդիպմանն ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Իշխող կուսակցության պատգամավորները Սարկոզիից պահանջել են նախկինի պես չաջակցել այդ օրինագծին։
UMP–ի անդամները Սարկոզիի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ օրինագծի ընդունումը լուրջ վնասներ է հասցնելու թուրք–ֆրանսիական հարաբերություններին և գործարար աշխարհին։ Բացի այդ, ֆրանսիացի պատգամավորները հայտարարել են, որ այդ օրինագծի ընդունումը որևէ կերպ չի կարող ազդել 2012թ. կայանալիք նախագահական ընտրությունների ելքի վրա, քանի որ ֆրանսահայ համայնքն ավելի մոտ է կանգնած սոցիալիստներին։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Նիկոլա Սարկոզին Երևան կատարած այցի շրջանակում հայտարարել էր, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կընդունի ժխտումը քրեականացնող օրենքը։ Սարկոզիին այդ հայտարարության համար կոշտ քննադատության էր ենթարկել պաշտոնական Անկարան։
Իր հայտարարությունից կարճ անց Նիկոլա Սարկոզին սկսել էր քայլեր ձեռնարկել պաշտոնական Անկարայի սիրտը շահելու համար։ Այդ նպատակով Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լևիտը զանգահարել էր Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուին և հրավիրել Ելիսեյան պալատ։ Հանդիպմանը Սարկոզիի խորհրդականը վստահեցրել էր թուրք դեսպանին, թե Փարիզն ամենևին էլ չի ցանկանում լարել հարաբերություններն Անկարայի հետ։
Լևիտն ասել էր, թե Սարկոզիի՝ Երևանում արած հայտարարությունները Թուրքիայում սխալ են ընկալել, և Ֆրանսիան այդ հարցում չի ցանկանում Անկարայի դեմ դուրս գալ։ Սարկոզիի խորհրդականն ասել էր նաև, որ Ֆրանսիան Թուրքիային դիտում է որպես հզոր պետություն և կարևորում նրա հետ բարեկամությունը։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Ֆրանսիայում 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններում սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդը հայտարարել էր, որ անելու է հնարավորինը Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Սենատի օրակարգ մտցնելու համար։

No comments: