Saturday, November 26, 2011

Սկանդալ Մեծ Բրիտանիայում. Պատգամավորն ադրբեջանցիներին խնդրել է վճարել իր սիրուհուն, որը լրտեսել է Ռուսաստանի օգտին

News.am. 26-11-2011- Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Մայք Հենքոքը, որը սիրային կապ է ունեցել Եկատերինա Զատուլիվետերի հետ, 2009 թվականին գումար է խնդրել Եվրոպական ադրբեջանական ընկերակցությունից: Զատուլիվետերը խորհրդարանում զբաղեցրել է Հենքոքի հետազոտողի պաշտոնը:
Ադրբեջանական ընկերակցությունը լոբբիստական խումբ է, որը վերահսկում են Ադրբեջանի ազդեցիկ նախարարներից մեկի որդիները: Այդ մասին գրում է բրիտանական «The Independent»-ը:
Լրագրողական հետաքննությունների բյուրոն «The Independent»-ին հայտնել է, որ 2009 թվականին Հենքոքը Եվրոպական ադրբեջանական ընկերակցությանը խնդրել է Մեծ Բրիտանիայի Ներգաղթային բողոքարկումների հատուկ հանձնաժողով դիմած Զատուլիվետերին վճարել նրա կատարած աշխատանքի համար: Հենքոքը չի հերքում այդ պնդումները, սակայն հերքում է, թե Զատուլիվետերն Ադրբեջանական ընկերակցության օգտին լոբբինգ է կատարել հետազոտողի պաշտոնում:
Զատուլիվետերն այժմ պայքարում է Մեծ Բրիտանիայից չվտարվելու համար: Նրան մեղադրում են Հարավային Պորտսմուտը ներկայացնող, լիբերալ-դեմոկրատ պատգամավոր Հենքոքի հետ սիրավեպ ունենալու եւ Համայնքների պալատում հետազոտողի դիրքի շնորհիվ գաղտնինքներ իմանալու եւ դրանք ռուսներին փոխանցելու մեջ: Նա նաեւ խոստովանել է, որ կապեր է ունեցել ՆԱՏՕ-ի աշխատակիցների եւ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով վտարման վտանգի առջեւ կանգնած Զատուլիվետերը բողոքարկման հայտարարության մեջ նշում է, որ վիզայի հետ կապված դատական ընթացակարգերի վրա ծախսել է երկու հազար ֆունտ ստերլինգ եւ ֆինանսական խնդիրներ է ունեցել: Զատուլիվետերը նշել է. «Մայքը Եվրոպական ադրբեջանական ընկերակցությանն առաջարկեց վճարել ինձ լոբբինգի եւ խորհրդատվական աշխատանքի համար, որը ես անում էին նրանց համար մի քանի ամսվա ընթացքում որպես խորհրդարանական հետազոտող: Հունիսի 22-ին նրանք ինձ վճարեցին երեք հազար ֆունտ»:
Ադրբեջանական ընկերակցությունը հայտարարել է, որ այդ գումարը Զատուլիվետերին վճարել է որպես հոնորար` խորհրդարանում ղարաբաղյան հակամարտությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես կազմակերպելու համար:
Այդ վճարումից մեկ ամիս առաջ Հենքոքը ընկերակցության համար խորհրդարանական շենքում կազմակերպել էր քննարկում ղարաբաղյան հակամարտության թեմայով: Հենքոքը զեկուցող է եղել նաեւ 2009թ. սեպտեմբերին ընկերակցության կազմակերպած ընդունելության ժամանակ: Վերջերս Հենքոքը կոնֆերանսի մասնակցելու համար Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման օժանդակման ասոցիացիայից ստացել է 1500 ֆունտ:

Ադրբեջանն իմիջի խնդիր ունեցող երկիր է
Իլհամ Ալիեւի կառավարությունը ցանկանում է, որ մարդիկ հավատան, թե նավթով հարուստ իր կասպիական պետությունը ծաղկող օազիս է անհանգիստ տարածաշրջանում: Կառավարությունը մեծ գումարներ է ծախսում` փորձելով բարելավել Ադրբեջանի իմիջն Արեւմուտքում: Թեեւ քչերն են համարձակվում քննադատել նախագահ Ալիեւին, սակայն փակ դռների հետեւում վրդովմունք է կուտակվել կառուպցիայի մեջ թաղված եւ նավթային հարստության մեծ մասը վերեւներում բաշխող կառավարության դեմ:
2010-ին հայտնի դարձավ, որ Ալիեւի 11-ամյա որդու անունով Դուբայում ձեռք է բերվել 30 միլիոն ֆունտ արժողության անշարժ գույք: Նախագայի մամուլի քարտուղարը հրաժարվեց մեկնաբանել այդ պնդումը:

Մամուլի ազատության ցուցանիշով Ադրբեջանը «Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշում 178 երկրների մեջ 152-րդն է: Նոյեմբերի 23-ին հիվանդանոցում մահացավ անհայտ անձի կողմից դանակի հարվածներ ստացած լրագրող Ռաֆիկ Թաղին: Լրագրողը նախկինում բանտ էր նետվել մի հոդվածի համար, որն իբր անարգում էր Մուհամեդ մարգարեին:

No comments: