Wednesday, November 23, 2011

Քաղաքական «նեկրոֆիլիա»

«Լրագիր» 23-11-2011- Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանից հետո, Հանրային հեռուստաընկերությունը կատարել էր հյուրի հետաքրքիր ընտրություն՝ Արտաշես Մամիկոնի Գեղամյան:
Թերեւս շատերը դեռ հիշում են, որ նա Ազգային Միաբանություն կուսակցության նախագահն է, եղել է Հայաստանի նախագահի բազմակի թեկնածու, ԱԺ պատգամավոր: Նա մի ժամանակ ակտիվորեն պայքարում էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ նրանց մերձավոր օլիգարխների դեմ, փորձում էր մերկացնել նրանց կոռուպցիոն գործարքները:
Այժմ Արտաշես Գեղամյանը մեկն է նրանցից, ովքեր համախմբվել են Սերժ Սարգսյանի շուրջ եւ նույն բանն անելու կոչ են հղում նաեւ մյուսներին:
Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրությունից առաջ ակնհայտորեն ցանկանում է նորից հրապարակային ակտիվություն հաղորդել այդ գործիչներին, որոնք ընդամենը երկու-երեք տարի առաջ թվում էին անհուսորեն մոռացված:
Սարգսյանն այժմ նրանց փորձում է հանել մոռացությունից, ու թերեւս շատ խորհրդանշական է, որ փորձում է մոռացությունից հանել ասենք Կոնգրեսի ներկայացուցչից անմիջապես հետո, երեւի թե հասարակական համեմատության համար:
Մի կողմից այդ համեմատությունը թվում է Կոնգրեսի օգտին, այն իմաստով, որ Լեւոն Զուրաբյանն օրինակ փորձում էր մերկացնել «հանցավոր իշխանության հանցավոր գործունեությունը», այնպես, ինչպես մի ժամանակ դա Գեղամյանն էր անում: Մյուս կողմից, հենց այն, որ մի ժամանակ նույն բանը Գեղամյանն էր անում, կարծես թե այդքան էլ չի խոսում Կոնգրեսի օգտին:
Այստեղ իհարկե Գեղամյանի օգտին խոսել-չխոսելու հարց չկա: Գեղամյանն այլեւս այն գործիչներից է, որ կարող է օգուտ ունենալ թերեւս միայն իշխանության մոտ, իսկ հասարակության մոտ նա այլեւս հազիվ թե կարողանա որեւէ ակնկալիք ունենալ:
Բայց, խնդիրն ընդամենը այն է, որ մոտավորապես չորս տարի չունենալով Հանրայինում եթերի հնարավորություն, այդ հնարավորությունը ստանալուց ասել ընդամենը մոտավորապես այն, ինչ ժամանակին Գեղամյանն էր ասում, հազիվ թե խոսի քաղաքական ուժի կամ գործչի օգտին:
Թերեւս հենց այդ համեմատական ֆոնի համար էլ իշխանությունը Լեւոն Զուրաբյանից հետո հրավիրեց Արտաշես Գեղամյանին, ցույց տալու համար, որ քաղաքական գործընթացը Հայաստանում առաջ գնալով, հետո ընդամենը կորագծով շրջան է կատարել եւ գալիս է ելման կետ:
Եվ պետք է արձանագրել, որ, իհարկե, ոչ թե սեփական հնարամտության, իմաստնության եւ հեռատեսության, այլ առավելապես քաղաքական դաշտի այդ “շրջանակային” հակումների շնորհիվ, Սերժ Սարգսյանին առայժմ հաջողվում է դա ցույց տալ, դիմելով քաղաքական “դիակների”օգնությանը:
Պարզապես, Սերժ Սարգսյանը դրանով, հանուն սեփական քաղաքական շահի, Հայաստանի քաղաքական գործընթացը մտցնում է “քաղաքական նեկրոֆիլիայի” փուլ, կամա, թե ակամա հավաստելով կամ ներկայացնելով, որ ինքը պատրաստվում է լինել ոչ թե ողջերի, այլ “մեռածների” երկրի ղեկավարը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: