Tert.am. 29-11-2011- «Պատրաստվում ենք կառուցել Իրան-Հայաստան 400 կվտ բարձր լարման հոսանքի գիծը և կառուցել Հայաստան-Վրաստան նույն հոսանքագծի շարունակությունը»,- Թբիլիսիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ նա հայտնեց, որ ստորագրվել է համապատասխան համաձայնագիրը, ըստ որի՝ եկող տարվանից կսկսվի հոսանքագծի կառուցումը։Խոսելով այն մասին, թե ինչ հնարավորություն է տալիս այն Հայաստանին՝ Մովսիսյանն ասաց. «Թողունակությունը կավելանա մոտ 3 անգամ։ Հնարավորություն է տալիս մեզ երկու մեր համակարգերը աշխատացնել զուգահեռ ռեժիմներով։ Այս մասով մեծ աշխատանք է կատարված»։
Մյուս խնդիրը, որը քննարկվել է վրացի գործընկերների հետ, ըստ Մովսիսյանի, ձմռան շրջանում գազի կայուն ներկրումն է Հայաստան։ «Պայմանավորվածությոն է ձեռք բերվել, որ այնպիսի վերահսկողություն սահմանվի, որ գազի մատակարարման խափանում չլինի ձմռան ամիսներին»,- ասաց նա։
Նախարարը խոսեց նաև հայկական կողմի՝ Վրաստանի հանդեպ ունեցած պարտքի մասին։ Նա հայտնեց, որ առկա է ընդամենը մեկ պարտք, այն էլ ոչ թե պետական մակարդակով, այլ՝ տարբեր կազմակերպությունների։ «Այն առաջացել է վրացական, հայկական և ռուսական ընկերությունների միջև գործունեության արդյունքում։ Այդ խնդիրը փորձում ենք լուծել։ Խոսքը գնում է մոտ 3,7-3,8 մլն դոլարի մասին։ Պարտքը միջկառավարական պարտք չէ»,- շեշտեց Արմեն Մովսիսյանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment