News.am. 29-11-2011- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում կրկնել է «Միասնական Կովկաս» ստեղծելու իր հայտարարությունը, որի իմաստն անհասկանալի է: Վրացական «Մեդիանյուզ» գործակալությանը նման տեսակետ է հայտնել Կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն:«Նման հանդիպման ժամանակ նման հայտարարություն հնչեցնելն ինձ համար անհասկանալի է, քանի որ այդ հարցը դեռ պատրաստ չէ: Իսկապես չգիտեմ, թե ինչ է ակնարկում Սահակաշվիլին, երբ խոսում է Միասնական Կովկասի մասին, քանի որ դա այսօր իրատեսական չէ»,- գործակալության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նշել է փորձագետը, ընդգծելով, որ հնարավոր չէ ստեղծել «Միասնական կովկաս» այն դեպքում, երբ Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսը (Ադրբեջանը եւ Հայաստանը) գտնվում են պատերազմական վիճակում, որի հավանականություն, ի դեպ, օր-օրի մեծանում է:
«Բոլորս էլ լավ գիտենք, որ Արեւմուտքի համար բավականին շահավետ կլինի Հարավային Կովկասի միասնական տնտեսական դաշտի առկայությունը, սակայն այդ դաշտի ստեղծման հավանականությունը հավասար է զրոյի: Թեեւ Սահակաշվիլին Միասնական Կովկասի վերաբերյալ իր հայտարարությունն այնպես համառորեն է կրկնում, որ երեւի թե ինչ որ ծրագիր գոյություն ունի»,-հայտարարել է Արեշիձեն:
Փորձագետն իր զարմանքն է հայտնել նաեւ Սահակաշվիլիի այն հայտարարության վերաբերյալ, թե 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանը Վրաստանին մեծ բարոյական աջակցություն է ցուցաբերել:
«Երեւի Սահակաշվիլին ուզում էր ասել, որ պատերազմի ժամանակ Հայաստանը փորձում էր վերահսկել իր տարածքում գտնվող ռուսական բազաների գործողությունները: Ուրիշ ոչ մի աջակցություն մտաբերել չեմ կարողանում»,-նշել է կովկասյան հարցերով փորձագետը:
Հիշեցնենք, որ այսօր Միխայիլ Սահակաշվիլիի եւ Սերժ Սարգսյանի միասնական ասուլիսի ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Կովկասի բոլոր պետությունների շահերից է բխում Կովկասի միավորումը, ինչպես նաեւ միասնական տնտեսական դաշտի եւ միասնական քաղաքական գործընկերության ստեղծումը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment