Saturday, November 26, 2011

Բանակն ու «հարբած հաստակողերը»

«Լրագիր» 24-11-2011- Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, անդրադառնալով օրերս զորամասերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքին, երբ մի խումբ քաղաքացիական անձինք հարբած փորձել էին մտնել զորամաս եւ կռիվ էին արել զինծառայողների հետ, բավական ուշագրավ կարծիք է հայտնել:
Նախարարը ասել է, թե դա այն բանի հետեւանքն է, որ մշտապես փորձեր են արվում բանակի ներսում տիրող թերություններին ու բացթողումներին մեծ հնչեղություն հաղորդել: Սեյրան Օհանյանը կարծում է, որ դրանից էլ որոշ մարդիկ փորձում են օգտվել:
Իրականում, բանակի հանդեպ «որոշ մարդկանց» վերաբերմունքը մեղմ ասած ավելի շատ ոչ թե պայմանավորված է նրանով, որ բանակի թերություններին ու բացթողումներին հնչեղություն է հաղորդվում, այլ թերեւս նրանով, որ բանակի բարձրագույն ղեկավարությունը՝ ընդհուպ պաշտպանության նախարարը, փորձում են այդ բացթողումներն ու թերացումները արագ, օպերատիվ եւ արդյունավետ լուծման արժանացնելու փոխարեն ընդամենն ամեն առիթ օգտագործել հասարակության տարբեր շրջանակների մեղադրելու համար
Սեյրան Օհանյանի պատասխանը թերեւս հենց դրա վառ վկայություն է: Նախարարը ակնհայտորեն փորձում է օգտվել տեղի ունեցած առիթից, եւ հերթական անգամ մեղադրել հասարակությանը բանակի հանդեպ թափանցիկության եւ կարգուկանոնի պահանջներ ներկայացնելու համար: Այլ կերպ դժվար է բացատրել նախարարի կարծիքը, որովհետեւ դժվար է դրա մեջ գտնել այլ տրամաբանություն:
Նախարարի տրամաբանությամբ ստացվում է, որ վատից խուսափելու համար պետք չէ վատի մասին խոսել: Այդ մոտեցումը Հայաստանում առաջին անգամ հնչեցրեց նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իշխանական քաղաքականության առանցքում տեղադրելով այսպես ասած սպասումների տեսությունն ու հայտարարելով, թե ճգնաժամից խուսափելու համար պետք է չխոսել ճգնաժամի մասին: Բայց, ճգնաժամն ավելի «հաստակող» գտնվեց, եւ չնայած իշխանությունն իր մասին չէր խոսում, այդուհանդերձ եկավ:
Ճգնաժամը միշտ էլ հաստակող է, իսկ «գողական ռազբորկաների» սիրահար երիտասարդներն էլ մեկ այլ տեսակի ճգնաժամ են, հետեւաբար մեկ այլ տեսակի հաստակող, ու անկախ այն բանից, թե որեւէ մեկը խոսում, կամ չի խոսում բանակի թերությունների մասին, նրանք գալու են եւ բացեն բանակի դռներն իրենց «ռազբորկաների» համար: Հակառակը, հենց բանակի թերացումների ու բացթողումները հրապարակային դարձնելով է, որ պետք է փակվի «ռազբորկաների» ճանապարհը: Համենայն դեպս դա է դրա դեմ պայքարի իհարկե ոչ միակ, բայց ամենահիմնական ճանապարհներից մեկը:
Հարկավոր է թերեւս խնդիրներին մոտենալ հակառակ տրամաբանությամբ. բանակը հարբած «քաղաքացիականներից» զերծ պահելու համար, հարկավոր է դիմել սթափ քաղաքացիների օգնությանը, որոնք գուցե լինելով բանակի եւ դրա ղեկավարության ամենախիստ քննադատները, այդուհանդերձ միաժամանակ հանդիսանում են նաեւ բանակի եւ դրա արդյունավետ կառավարման մասին իրապես մտահոգ ղեկավարության ամենահուսալի գործընկերն ու անուղղակի պաշտպանը:
Ներկայում, աներկբա է, որ բանակում կա մտածողության եւ արժեհամակարգի խնդիր՝ վերից վար, բարձրագույն ղեկավարությունից եւ հրամկազմից մինչեւ շարքային զինծառայող: Անկասկած է նաեւ, որ այդ խնդիրն է բանակային շատ խնդիրների հիմնական պատճառը: Հետեւավար, դրա հաղթահարումը Հայաստանի բանակի համար դարձել է կենսական եւ ռազմավարական անհրաժեշտություն, առանց որի Հայաստանի զինուժը չի կարող բարձրանալ որակապես նոր մակարդակի: Իսկ մեր զինուժը պարտավոր է բարձրանալ որակապես նոր մակարդակի, մշտապես պահելով այդ մակարդակների որակական տարբերությունն ադրբեջանական զինուժի համեմատ:
Որակական, մտածողության եւ արժեհամակարգի այդ նոր մակարդակն ապահովելու գործում, եթե բանակի ղեկավար կազմում գեթ մեկ պաշտոնյա անկեղծորեն նվիրված է այդ գործին, նա չի կարող հաջողություն ակնկալել առանց հենց այդ աշխույժ քաղաքացիների օժանդակության:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: