Tuesday, November 22, 2011

Ինչից է տառապում Հայաստանը

«Լրագիր» 22-11-2011- “Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է, որը շարունակում է տառապել Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության տնտեսական հետևանքներից”, Հայաստանի արտագաղթի մասին իր հոդվածում գրում է Կարնեգի հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի ավագ հետազոտող Թոմ դե Վաալը: Նա մանրամասն ուսումնասիրել է Հայաստանից բնակչության արտագաղթը, գրել պատճառների մասին, խոսել ծանր կացությունից, բայց ըստ երեւույթին արել է մի քիչ սխալ հետեւություն:
Բանն է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության տնտեսական հետեւանքից չէ, որ տառապում է: Այո, Ադրբեջանի հետ հակամարտությունը, թողնելով իր հետքը նաեւ Թուրքիայի հետ հարաբերության վրա, զգալի սահմանափակել է Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունը: Բայց, երկրի այսպես ասած տառապալից վիճակը դրա հետեւանքը չէ կամ այդ հետեւանքից չէ:
Հայաստանը տառապում է անկախությունից հետո ընդամենը երեք-չորս տարի անց մեկնարկած, ու հետագա տարիներին երկրում հետեւողականորեն հաստատված ու ամրապնդված, իսկ վերջին տասը տարում ուղղակիորեն բյուրեղացված եւ ինստիտուցիոնալացված քաղաքական եւ տնտեսական մենաշնորհներից, ինչպես նաեւ մտաբարոյական գավառականությունից: Հայաստանը տառապում է, որովհետեւ արդեն ունի երրորդ նախագահը, եւ այդ բոլոր երեք նախագահներն էլ երկիրը կառավարել են, իսկ երրորդը շարունակում է կառավարել այն համոզվածությամբ, որ իրենք են երկրի փրկության առանցքը եւ իրենցից դուրս որեւէ կարծիք եւ գործողություն պետության դեմ է:
Հայաստանը տառապում է, որովհետեւ քաղաքական իշխանությունը սերտաճել է բիզնեսի հետ, եւ երկրի պետական կառավարման համակարգը դարձել է անձնական բիզնեսների սպասարկման ծառայություն:
Հայաստանը տառապում է, որովհետեւ Սահմանադրությունը ձեւական գրված թուղթ է, իսկ օրենքների կիրառման հիմնական նպատակը հասարակության ստեղծագործական պոտենցիալը զսպելն է, ոչ թե այդ պոտենցիալը բացելը:
Հայաստանը տառապում է իրավական անհավասարությունից, կոռուպցիայից, անարդարությունից, իշխող դասի նյութական եւ ֆինանսական անհագ ախորժակից:
Եթե այդ պայմաններում հանգուցալուծվի Ադրբեջանի հետ հակամարտությունն ու բացվեն այսպես ասած տրանսպորտային ճանապարհները, ապա Հայաստանում իրավիճակի որակական փոփոխությունը ամենեւին էլ չի դառնում իրատեսական կամ ավելի հավանական:
Գուցե հնչի տարօրինակ, բայց Հայաստանի ներքին որակների ներկայիս մակարդակի, կառուցվածքի, բովանդակության եւ բարոյական հիմքերի առկայության պարագայում, բաց տրանսպորտային ճանապարհները հանգեցնելով վիճակագրական ցուցանիշների զգալի աճի, այդուհանդերձ նաեւ հանդիսանալու է քաղաքական եւ տնտեսական մոնոպոլիաները սնուցող խողովակներ, այդ համակարգը ապահովելով հավելյալ ռեսուրսներով:
Բանն այն է, որ երբ պետական կառավարման մեքենան վերածված է մի խումբ մարդկանց անձնական բիզնես շահը սպասարկելու եւ անվտանգությունն ապահովելու գործիքի, հավելյալ հնարավորությունները ընդամենն օգնելու են այդ մեքենան ավելի երկար շահագործելուն:
Ներկայում Հայաստանում նկատվող իրավիճակային փոփոխությունները, ներքին գործընթացներում հանրային կարծիքի նշանակության աճը, պայմանավորված են ոչ միայն հանրության տարբեր շերտերում քաղաքացիական գիտակցության եւ ակտիվության բարձրացումով, ոչ միայն հզոր ընդդիմության առկայությամբ, այլ նաեւ հենց նրանով, որ կառավարման համակարգը զգում է սնուցող ռեսուրսների պակաս, ինչն էլ թուլացնում է ավանդական ամենազորության՝ “մեր դեմ խաղ չկա” սկզբունքի գերակայությունը:
Հետեւաբար, որքան էլ շատերի համար թվա տարօրինակ, Հայաստանում ներքին վերափոխումների հավանականությունն ավելի մեծ է թերեւս հենց ներկայիս “կոնսերվացված” վիճակում, երբ իշխանությունը, թեկուզ հենց ինքն իրեն դիմադրելով, հանրությանը դիմադրելով, այդուհանդերձ ստիպված է գնալ այդ քայլերին, քանի որ հակառակ դեպքում վտանգի տակ է հայտնվում հենց ինքը:
Խոսքը ամենեւին “որքան վատ, այդքան լավ” տարբերակի մասին չէ: Պարզապես, երբ պետական կառավարման համակարգը վերածված է մի խումբ անձանց անձնական շահը սպասարկող գործիքի, ապա լրացուցիչ, նոր տնտեսական եւ ֆինանսական հնարավորությունները հենց այդ գործիքն են սնուցելու, իսկ պետության սնուցումը տեղի է ունենալու արդեն այդ գործիքի պրիզմայով: Հետեւաբար, պետությունը՝ հասարակությունը, քաղաքացիները, պետական կյանքն ու ինստիտուտները, այդ ամենից զգալու են միայն վիճակագրական էֆեկտը, իսկ որակական էֆեկտի հնարավորությունը թաղվելու է այդ վիճակագրական աճերի մեջ շատ ավելի խորը:
Հայաստանի համար անշուշտ անհրաժեշտ է գոնե այդ վիճակագրական աճը: Իհարկե, եթե մենք չունենք ներքին վերափոխման որեւէ հույս, չկա կամք, հետեւողականություն, եթե մենք մեզ դատապարտված ենք համարում ապրել մի խումբ մարդկանց քաղաքական ու տնտեսական մենիշխանության հարատեւ մամլիչի ներքո, երբ դոզավորված է ազատությունն ու իրավունքը, երբ խիստ դոզավորված է երկրի հարստության բաշխումը նաեւ հասարակությանը, երբ ոչ թե օրենքն է որոշում, այլ մի խումբ մարդիկ, երբ որպես պետություն մենք մեր առաջ չենք դնում տարածաշրջանային կամ նույնիսկ առավել գլոբալ քաղաքական եւ քաղաքակրթական խնդիրներ, ապա իհարկե մնում է միայն ամեն գնով հասնել տրանսպորտային ապաշրջափակման եւ վայելել գոնե վիճակագրական պտուղները, որոնք կարող են իհարկե բերել սննդակարգի եւ հագուկապի զգալի բարելավման:
Եվ դրանք իսկապես կարեւոր հանգամանքներ են, եւ առանց որեւէ հեգնանքի՝ լավ սնվելու, հագնվելու, բարեկեցիկ եւ հարմարավետ ապրելու ցանկությունը մարդու մոտ միանգամայն ազնիվ է, եթե այդ ամենը չի կառուցվում այլոց հաշվին:
Բայց, այստեղ իհարկե խնդիրը ավելի շատ վերաբերում է հասարակական-քաղաքական էլիտաների ընտրությանը, թե արդյոք նրանք ունեն այդ ամենից ավելի վեր կանգնած քաղաքական եւ քաղաքակրթական ցանկություններ եւ հավակնություններ, որովհետեւ հենց դրանով՝ այդ ցանկության եւ հավակնությունների, դրանց վերաբերյալ պատկերացումների մասշտաբով ու որակով են նրանք “էլիտա” համարվում կամ համարվելու, ոչ թե շարքային քաղաքացու համեմատ սննդի, հագուկաապի եւ հարմարավետության, եւ նյութական ու մարմնական այլ բաղադրիչների ծավալային տարբերությամբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: