Tuesday, November 29, 2011

Հայրիկյանի կարծիքով՝ ՀԱԿ-ը ինքն իրեն դատապարտել է, իսկ ԲՀԿ-ն դեռ պետք է կուսակցություն դառնա

Tert.am. 29-11-2011- «Ինձ մի ներկայացրեք որպես ԱԻՄ նախագահ, քանի որ ԱԻՄ համագումարը հետաձգվել է, և ԱԻՄ-ը դեռ առաջնորդ չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանն ասաց, որ ինքը կարևորություն չի տալիս իշխանությունում վերջին կադրային փոփոխություններին, դրանք ոչ մի բան չեն էլ տա, սակայն նշեց նաև. «Ասել եմ, որ Սյունիքի մարզպետին պիտի փոխեն, դա բարոյապես լավ կանդրադառնար սյունեցիների վրա, սակայն դեռ ընթացք չի ստացել, ինչպես տեսնում եմ»։
Միայն խորհրդարանական մեծամասնության փոփոխությունը կբերի էական փոփոխություն, համոզված է Հայրիկյանը։ Ըստ նրա՝ նույնիսկ եթե օրինավոր նախագահ գա իշխանության, դա էլ ոչինչ չի փոխի:
«Արժեհամակարգային փոփոխություններ պիտի լինեն, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում, քաղաքական համակարգի էությունը պիտի փոխվի, բայց դրան հասնելու համար Րաֆֆին դեռ պետք է մեծամասնություն ունենա խորհրդարանում, ինչը քիչ հավանական է, ինչպես կարող են ոմանք քվեարկել նրա օգտին, որ հետո իրեն բացահայտեն»,- «Ժառանգության» առաջնորդին անդրադարձավ Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանի կանխատեսմամբ՝ ինքը առավելագույնը կստանա 20 տոկոս ձայն, եթե քաղաքացիական նախաձեռնությամբ մասնակցի խորհրդարանական ընտրություններին, անգամ եթե իրեն միանան այլ կուսակցություններ: «Պետք է շատ լուրջ համագործակցություն, ընդդիմությունը պետք է միավորվեր, ինչը ցավոք տեղի չի ունենում»,- նկատեց նա՝ հավելելով, որ արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում անհնարին է:
«ՀԱԿ-ը սարսափելի պարտություն է կրելու, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ չապաշխարհեց, նա արատավոր բեռ է կրում իր ուսերին: ՀԱԿ-ը ինքն իրեն դատապարտել է, որպես ընդդիմության հիմնական ուժ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի առկայությունը որպես ՀԱԿ առաջնորդ չի նպաստում ՀԱԿ-ի առաջխաղացմանը: ՀԱԿ-ը առավելագույնը կստանա 25 տոկոս, որով ոչինչ էլ չի փոխի»,-կանխատեսեց Հայրիկյանը:
Քաղաքական գործիչը ԲՀԿ-ն կուսակցություն չի համարում, այլ՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված մարդկանց մի խումբ, և կարծում է, որ այն դեռ պետք է կուսակցություն դառնա։

No comments: