Tuesday, November 22, 2011

Չեն կարողանում կիսել սեփականությունը

«Լրագիր» 22-11-2011- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել դատախազությանը քրեական գործ հարուցել Նաիրիտ գործարանի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հիման վրա: Հիշեցնենք, որ քաղաքացի Հարություն Առաքելյանը իրավապահ մարմիններին տեղեկություն է ուղարկել, որով, փաստացի, մեղադրում է վարչապետին եւ նրա եղբորը Նաիրիտ գործարանի պետական արժեթղթերը փոշիացնելու, գործարանը կանխամտածված սնանկության տանելու մեջ:
Քաղաքագետները պնդում են, որ Հայաստանում փոխվում է իշխանությունը, եւ Սերժ Սարգսյանն աստիճանաբար հաստատում է իր ուղղահայացը` դուրս մղելով Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կառուցված ամեն ինչ: Հայաստանում իշխանությունն այնքան է կապված տնտեսությանը, ավելի ճիշտ, սեփականությանը, որ ուղղահայացի փոփոխությունը չի կարող չազդել սեփականատերերի վրա, որոնք ստացել են այն իշխանական լծակների միջոցով: Իշխանության փոփոխությունը հանգեցնում է սեփականության վերաբաժանման, հատկապես, երբ սեփականությունը պաշտպանված չէ օրենքով, այլ բաժանվում է քվոտաների համապատասխան:
Հնարավոր է, հենց այս գործընթացի հետ է կապված Հարություն Առաքելյանի սենսացիոն հայտարարությունը: Կարծիք կա, որ տեղեկատվությունը հայտնվել է ի պատասխան նրանց, ովքեր փորձում են ամրապնդել իրենց իշխանությունը եւ խլել սեփականությունը քաղաքական հակառակորդներից: «Հակառակորդները» լռել չեն պատրաստվում, եւ այդ համատեքստում ներկայիս «ֆավորիտների» անօրինական սեփականության մասին «հավաստի տեղեկությունների» հայտնվելը դառնում է բնական:
Սեփականության իրավունքը ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկն է: Հայաստանը հայտնի պատճառներով չի կարող համարվել պետություն, որտեղ սեփականությունը երաշխավորված է: Եվ բանը միայն այն չէ, որ մասնավորեցումն ու մասնավոր սեփականությունը մեզ մոտ ընդամենը 17 տարվա պատմություն ունեն: Բանն այն է, որ մասնավորեցումն այնքան կամայական է արվել, որ յուրաքանչյուր հաջորդ իշխանությունը լայն հնարավորություններ է ստացել մասնավորեցման արդյունքները վիճարկել:
Հետաքրքիր է, որ նույն օրը, երբ հայտնվեց նամակը, Սերժ Սարգսյանը ստորագրեց 2005-2007թ իրականացված մասնավորեցումը լեգիտիմացնող օրենք: Ըստ ամենայնի, հաստատվել է, որ Նաիրիտի պետական բաժնետոմսերը վաճառվել են օրինական հիմքերով, չնայած որ կառավարությունը մինչ այժմ հստակ չի ասում, թե ում է պատկանում գործարանը:
Ինչպե՞ս կարձագանքի դատախազությունը վարչապետի կոչին: Արդյոք այն հրապարակային գործ կդառնա, որին կարող է հետեւել հասարակությունը, որպեսզի փորձի պարզել, թե ուր է կորել ազգային բարիքը, որից յուրաքանչյուր քաղաքացու վաուչերի տեսքով թուղթ էր հասնում:
Մինչ այժմ վերաբաժանման հարցերը իշխանական մակարդակով էին որոշվում, որովհետեւ որոշումներ կայացվում էին մեկ սենյակում: Օրինակ, երբ խոսք էր գնում Խաչատուր Սուքիասյանի սեփականության մասին, իշխանությունը նույնիսկ հարկ չի համարել բացատրել հասարակությանը, թե ինչ հիմքերով են նրանից վերցնում սեփականությունը: Այժմ, երբ բացարձակ իշխանություն չկա, սեփականության վերաբաժանումը կարող է ներիշխանական երկպառակությունների պատճառ դառնալ: Եվ իշխանության հակառակորդները ստիպված են դիմել հրապարակայնության ու հասարակական կարծիքի օգնությանը:
Նաիրիտի պատմությունը կարող է դառնալ ցավագին գործընթացի սկիզբ, որի արդյունքում հասարակությունը վերջապես կկարողանա պահանջներ ներկայացնել իրեն պատկանող սեփականության վերաբերյալ, հարցնելով իշխանություններին, թե ինչ հիմքի վրա է այդ սեփականությունն անցել մի խումբ անձանց: Հազիվ թե դա հանգեցնի սեփականության վերակառուցման, նոր ազգայնացման, սակայն դա լուրջ գործիք կարող է դառնալ քաղաքական պայքարի համար: Այն այդպիսին է եղել միշտ, սակայն արվել է անդրկուլիսային մակարդակով, երբ բիզնեսը քվոտավորվում էր, եւ յուրաքանչյուրը ստանում էր իրենը: Այժմ իրավաիճակը փոխվել է, եւ նրանք, ովքեր չեն կարող կիսել իշխանությունը, չեն կիսի նաեւ սեփականությունը:
Նաիրա Հայրումյան

No comments: