Wednesday, November 23, 2011

Այս համակարգն անպտուղ է, իմպոտենտ

Մեր զրուցակիցն է բլոգեր Արմեն Հովհաննիսյանը

-Արմեն, ըստ Ձեզ`Հայաստանում ներքին քաղաքական պրոցեսների տրամաբանությունն ո՞ւր է տանում, ի՞նչ ուղղությամբ է այն զարգանում:
-Այն, ինչ ակնհայտ երևում է, նախընտրական գործընթաց է, որն ինքնին յուրահատուկ չէ: Եթե նայենք վերջին քսան տարվա ընտրություններին, սա գուցե չնմանվող, բայց տրամաբանորեն կախված է իրադարձություններից: Ցանկացած ընտրություններից առաջ իշխանությունը փորձում է ամրապնդել իր շարքերը, հանդես գալ ավելի մրցակցային դիրքերից, քանի որ որևէ կասկած չունի, որ հաղթելու է ընտրություններում: Մեզ մոտ ընտրություններում կա հայտնի գործիք` մեղմ և խիստ ուժի կիրառում: Սրա հարաբերակցությունը կախված է այն բանից, թե այս նախընտրական ամիսներին ինչպես են իշխանությունները ներկայանում հանրությանը: Եթե կարողանան շատ թե քիչ հմայիչ տեսքով ներկայանալ, ապա խիստ կամ բռնի ուժի կիրառման (ընտրակեղծիք, տեռոր, վախ և այլն) կարիքն այդքան չի զգացվի, թեև առանց դրա Հայաստանում հարցեր չեն լուծվում: Կկիրառվեն «մեղմ» միջոցներ`ընտրակաշառքով, համոզելով, համապատասխան աշխատանք տանելով հարցերը կլուծվեն: Այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. Հովիկ Աբրահամյանի անունը կապվում է նախորդ ընտրությունների հետ և շաղկապվում է բիրտ ուժի կիրառման հետ, իսկ Միքայել Մինասյանը դիտարկվում է ավելի ազատական, ավելի արևմտական կողմնորոշման անձնավորություն, որը կարծես թե պետք է հակված լինի մեղմ ուժի կիրառմանը: Թե ինչ արդյունք կտա, դա իրենցից չի կախված, կախված չէ Հովիկ Աբրահամյանի համոզմունքներից, իրենք ընտրություններից առաջ կգնահատեն հանրության վերաբերմունքը, և եթե հնարավոր է հասնել ջախջախիչ հաղթանակի առանց ուժի կիրառման, ուժ չի կիրառվի, եթե տեսնեն հնարավոր չէ, ոչ մի բանի առաջ չեն կանգնի, քանի որ գինը շատ բարձր է:

-Ավելի բարձր, քան նախո՞րդ ընտրությունների ժամանակ:
-Միանշանակ ավելի բարձր է, քան նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նախագահականը այլ խնդիր է, մենք միապետական երկիր ենք, բնականաբար միապետի փոփոխությունն այնքան հարց է լուծում, որ գինը շատ ավելի բարձր է լինում: Այսպիսի ծանրակշիռ խորհրդարանական ընտրություններ մենք վաղուց չենք ունեցել:

-Իջևանում քաղաքապետի ընտրությունները որևէ մեկը կասկածի տակ չդրեց, միայն նախկին քաղաքապետը կասկածի տակ դրեց, բայց չբողոքարկեց:
Այստեղ հարց է ծագում` որքանով են բոլոր անկեղծ խաղացողները, կոալիցիայի անդամները` բացի «հանրապետականից», ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը ձգտում մրցակցային ընտրությունների: Ցավոք, ԲՀԿ-ի փորձը ցույց է տալիս, որ իրենք կարող են լուրջ մրցակցության մեջ մտնել, լուրջ քայլեր անել, բավական տակտիկական հաջողություններ ունենալ, մեկ էլ վերջին պահին, ի զարմանս իրենց ընտրողների և համակիրների, կարող են հանձնվել, ինչպես եղավ ոչ շատ վաղ անցյալում հուշագիրը ստորագրելու ժամանակ: Երբ գա օրը, պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն, հաշվի առնելով իր առաջնորդի ընդգրկվածությունը և կախվածությունը համակարգից, գնա մինչև վերջ իր իսկ օրակարգի սահմաններում: Ոչ ոք չի սպասում, որ ԲՀԿ-ն պահանջի սահմանադրական կարգի հաստատում, հեղափոխություն, բայց իրենք ունեն ընտրազանգված, մարդիկ են, ովքեր իրականությունից դժգոհ են, բայց հեղափոխություն չեն ուզում, նրանք այս երկրի քաղաքացիներն են, որոնք ձայնի իրավունք ունեն, և սա ամենախաբված զանգվածն է, նրանց միշտ խաբել են:

-Մանվել Սարգսյանը ԲՀԿ-ն համարում է Հայաստանի օլիգարխիկ համակարգի հենասյուներից մեկը:
-Համաձայն եմ այդ գնահատականի հետ, սակայն ամենաօլիգարխիկ կուսակցությունը ՀՀԿ-ն է, և այս առումով ԲՀԿ այստեղ մրցակցել չի կարող: Այստեղ մի քանի «ծառուկյաններ» կան`չհաշված միջին շերտի օլիգարխանման անձերը, քրեական հեղինակությունները և այլն: Եվ քանի որ քաղաքական ուժը երկար ժամանակ է իշխանությունը պահում է զոռբայությամբ, ինքն իրենով կրիմինալ է: Ժողովրդավարական հասարակության մեջ չես կարող օրինական ճանապարհով, ուժով պահել իշխանությունը: Նշանակում է`քո գործունեությունը արդեն ապօրինի է: Ես չեմ քննադատում ՀՀԿ գաղափարախոսությունը կամ ՀՀԿ անդամներին: Պարզապես օբյեկտիվորեն այս բռնապետության հենասյուներից մեկը ՀՀԿ-ն է:

-Կուսակցության ինստիտուտի գոյությունը որքանո՞վ է կարևորված մեր հասարակության մեջ: Գուցե առհասարակ պետք էլ չեն կուսակցություններ:
-Ներկայացուցչական ժողովրդավարության այն տեսակը, որը գոնե սահմանվել է մեր սահմանադրության մեջ, ներառում է նաև այդ կուսակցական տարրը: Կարևորը` այդ կուսակցությունները շատ թե քիչ ազնիվ մրցակցության մեջ լինեն իրար հետ, այն, ինչ մենք չունենք: Համաձայն եմ, այո, կուսակցականությունն անիմաստ է, քանի սահմանադրական կարգ չի հաստատվում: Բացի այդ, սա ընդամենը քաղաքական գործիք է, և երբ լուրջ հեղափոխական գործողություններ լինեն երկրում, և խնդիր դրվի իշխանության ապակենտրոնացման և քաղաքացիական հասարակության դերի բարձրացման, կուսակցությունների դերը կլինի շատ ֆորմալ, սահմանափակ և ֆունկցիոնալ: Բայց իհարկե հասարակությունն ինքը պետք է դառնա երկրի տերը և ինքն իր քաղաքացիական կառույցների միջոցով խնդիրներ լուծի: Այսօր բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել և ասել. մենք ունենք իշխող կուսակցություն, որն արդեն միաձուլվել է պետության հետ, այսինքն` բյուրոկրատիայի և զինվորականության բարձր շերտը նույնպես ներառվել է կուսակցության մեջ: ՀՀԿ-ն իհարկե բռնապետությունը չէ, բայց բռնապետության գործիքն է: Հիմա ես բոլորովին անիմաստ կգտնեմ կուսակցություն ստեղծել: Երրորդ հանրապետության պահապանները`ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, շատ արժանի են երրորդ հանրապետությանը այնպես, ինչպես երրորդ հանրապետությունն արժանի է իրենց: Սա շատ բնական է: Նշանակում է` պետք են շատ լուրջ փոփոխություններ, երբ տարբեր հայացքների տեր մարդիկ` թե պահպանողականներ, թե ազատականներ և այլն, կարողանան ազատ մրցակցության պայմաններում գործիքներ ստեղծել` իրենց գաղափարներն առաջ տանելու համար: Ներկայացուցչական ժողովրդավարությունն իր դարը չի ապրել, բայց լուրջ փոփոխությունների և վերափոխումների կարիք ունի, և դա ապակենտրոնացման ուղիով է գնալու, այսպես կոչված «լիբերտար» ուղիով: Այսինքն`դեպի անհատը, դեպի հասարակությունը, դեպի համայնքները, դեպի տեղական ինքնակառավարում, և այստեղ՝ Չորրորդ Հանրապետությունում իշխանությունը շատ լուրջ վերաբաշխման է ենթարկվելու:

-2012-ին այլ որակի ընտրությունների անցկացմանը հավատո՞ւմ եք:
-Չէ, չեմ հավատում, անհնար է: Ցավոք, երբ երրորդ հանրապետությունը ստեղծվեց, նրա գաղափարը ծայրահեղական պետականապաշտ էր և քսան տարում արվել է ամեն ինչ դրա ամրապնդման համար: Իհարկե, այս հասարակությունը այն հասարակությունը չէ, ինչ երկու տարի առաջ: Բայց բոլոր դեպքերում պետությունն ի սկզբանե այս համակարգի մեջ ունի առավելություն և ունի ինքնապաշտպանվելու հնարավորություն: Մենք պետք է հասկանանք, որ սա ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի ինքնապաշտպանության գիծը չէ, սա համակարգ է, իսկ ցանկացած համակարգ ունի նաև ինքնապաշտպանության բնազդ, որովհետև այն, ինչ լինելու է դրանից հետո, լինելու է բացարձակապես այլ որակի երևույթ, որն այդ խավի համար անընդունելի է, քանի որ իրենք իրենց այդ նոր հասարակությունում չեն տեսնում: Իրենք գնալու են ինքնավերարտադրման:
Միքայել Մինասյանը խելացի անձնավորություն է, և նա արդար ընտրություններ անցկացնելու մասին խոսելիս շատ լավ պատկերացնում է, որ «արդյո՞ք Հայաստանում արդար ընտրություններ կլինեն» հարցմանը բոլորը ասելու են` ոչ: Երբ հասարակությունը սկսում է կասկածել իր`ժողովրդավարական լինելու մեջ, ընտրություններ են կազմակերպվում, և այդ ընտրությունների շրջանակում խաղաղ իշխանափոխություն է կազմակերպվում: Շվեդիայում 30 տարի սոցիալ-դեմոկրատներին էին կառավարում, արդեն սկսում են կասկածել`արդյոք սա բռնապետություն չէ, ինչու՞ է 30 տարի նույն կուսակցությունը, մեկ էլ հանկարծ ընտրություններ են լինում, և սոցիալ-դեմոկրատները պարտվում են և շատ խաղաղ կերպով հանձնում են իշխանությունը, թեկուզ երեք տարով կամ հինգ տարով, բայց հանրությունը հանգստանում է, ասում է`«ուրեմն բռնապետություն չէ»: Մեր անվստահությունը համակարգի նկատմամբ այնքան մեծ է, որ միայն խաղաղ իշխանափոխությունը կարող է այն վերականգնել: Օրինակ, եթե Հանրապետական կուսակցությունը պայմանականորեն իր միջից կիսվեր`ընտրությունների միջոցով իշխանությունը տալով մյուս կեսին…

-Ենթադրենք արդար ընտրությունների գնացին, ի՞նչ ընտրության հնարավորություն ունի հասարակությունը, կա՞ արդյոք ուժ, որը հասարակական շահն է դնում:
-Քանի որ սա «պսևդոդեմոկրատիա» է, այսինքն` կուսակցությունները, խմբերը սիմուլյացիաներ են, իրական չեն, նշանակում է` ցանկացած ընտրող արդեն պարտված է: Եթե ես նորմալ ավտորիտար կառավարման կողմնակից եմ, ապա ՀՀԿ-ն այդ կարգին ավտորիտար ուժը չէ, այն ընդհանրապես իշխանությունը մի կերպ պահելու, վերարտադրելու գործիք է: Եթե դու անկեղծ ժողովրդավար կամ ազատական ես, չկա նման ուժ, որպեսզի քվեարկես նրա օգտին և նրանց ձայն տալով` ինքնարտահայտվես: Եթե ես ազգայնական եմ, ազգայնականության կրող կուսակցությունը` Դաշնակցությունն, էլի իրական չէ: Չեմ մեղադրում Դաշնակցությանը, ես հարգանքով եմ վերաբերվում այդ կուսակցությանը, բայց լինելով համակարգի մի մաս, ինքն էլ այս խաղում որոշակի դերակատարություն ունի: Սա նշանակում է`ընտրողը խաբված է: Այսինքն` ինքը պետք է ձայն տա ոչ թե այն ուժերին, որոնց համակրում է, այլ դրանց նմանակողներին: Ընտրության հնարավորություն չկա, անգամ եթե ձայները շատ ազնիվ հաշվարկվեին, էլի ընտրողը խաբված էր լինելու: Ձայն տալով Բարգավաճ Հայաստանին, ՀԱԿ-ին, Ժառանգությանը, Դաշնակցությանը, արդյո՞ք ինքը երաշխավորված կստանա այն, ինչ սպասում էր: Այս համակարգը կարող է այլասերել ցանկացած նախաձեռնություն, եթե դու խաղում ես համակարգի օրենքներով, այսինքն` որպեսզի դու զերծ մնաս այդ ամենից, դու պետք է այդ համակարգի օրենքներից դուրս գաս:

-Իսկ այդ դեպքում ինչպե՞ս պետք է խաղալ:
-Ինձ համար շատ գնահատելի կլիներ, եթե ընդդիմադիր ուժերը /խորհրդարանում ներկայացված և չներկայացված/ այս ընտրություններին չմասնակցեին: Այդ վերացական ազատական խոսակցությունները, որ ժողովրդավարությունը դա ընտրություններն են, մենք պարտավոր ենք մասնակցել, ճիշտ են, եթե կա ընտրություն, իսկ եթե այդ ընտրություններն այնպիսին են, ինչպիսին Հայաստանում, ոչ թե մասնակցելն է ժողովրդավարական, այլ` չմասնակցելը: Սա շատ լուրջ քայլ կլիներ, որ ես սկսեի հավատալ, որ այդ ուժերը միտված են Հայաստանում ժողովրդավարական կարգերի հաստատմանը:
Սա հնարավորություն կտա դաշտում իրական քաղաքական ուժ ստեղծել: ԱԺ-ն ծաղկանոց չէ, որ երկրի նախագահն ասի` ի՞նչ եք ուզում, ունեմ ազատական կուսակցություն, ունեմ պոպուլիստական օլիգարխիկ կուսակցություն, սոցիալիստներ, կառավարվող կուսակցություն ունեմ, որտեղ քրեականներից մինչև արևմտյան կրթություն ստացած մարդիկ են: ԱԺ-ն պետք է կառավարման հարցերը որոշի, դրա համար այդ ծաղկանոցում կապույտ գույնի մանուշակի դերը կատարելու համար չարժե ընտրվել, եթե դու իրականում չես կարող փոխել այս համակարգը:
Երիտասարդական խորհրդարան են ստեղծել, որտեղ նստում են երիտասարդները: Ես դա բացասական եմ ընդունում, որովհետև եթե երկրում չկա ժողովրդավարություն, խորհրդարան չկա, բայց դու բերում ես երիտասարդին և ստիպում ես այդ դերը խաղալ, ապա դու կոմերիտական ես աճեցնում, ուրեմն այս ամեն ինչը ձևականություն է, այսինքն` ես ամբիոնից մի բան կխոսեմ, հետո կգնամ տանը այլ կյանքով կապրեմ: Երեսպաշտության անեծքից մի օր ազատվելո՞ւ ենք, թե ոչ:
Սա մակաբույծ կեղծ դեմոկրատական համակարգ է, որը բռնապետությունից ավելի վատ է, որովհետև ինքը ծաղր է, նմանակում: Այս համակարգն այդքանով իսկ անպտուղ է, իմպոտենտ: Ինչ-որ դաս ապրում է այս համակարգի շրջանակներում` ատելով այն, որովհետև կցանկանար միանգամից բռնապետություն մտցնել, ընդդիմությունն ատում է, որովհետև իրականում սա ժողովրդավարություն էլ չէ, որովհետև կցանկանար իշխանության գալու հնարավորություն ունենալ խաղաղ ճանապարհով: Բոլորն ատում են, բոլորը համակերպվում են, իսկ սա հոգու կեղեքում է:

Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 23-11-2011.

No comments: