Saturday, November 5, 2011

ՄԱԿ-Ը` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

«ԱԶԳ, 05-11-2011- ՄԱԿ-ի շրջանակներում տարբեր թեմաների քննարկումները Ադրբեջանի համար այդ կառույցում մեքենայություններ անելու առիթ են ծառայում, մինչդեռ հույսեր էին հնչում, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալով Ադրբեջանը կարող է ավելի «լուրջ» պահել իրեն:
Օրերս Նյու Յորքում քննարկվել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի զեկույցը, որի քննարկմանը Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հակադարձումները եզակի չեն անգամ այս շաբաթվա կտրվածքով: Ադրբեջանական մամուլն ամենայն առատությամբ մեջբերումներ էր արել, թե ինչ «հերոսությամբ» է ղարաբաղյան խնդրի ադրբեջանական անհեթեթությունները այդ քննարկումներում ներկայացրել Ադրբեջանի պատվիրակը` քարոզչությունն այդօրինակ հարթակներից հնչող դատողությունների հետ շփոթելով:
Դրանից հետո նույն հարցի վերաբերյալ խոսել է Հայաստանի ներկայացուցիչը` հարցադրմամբ, թե նավթային իր հարստություններն այդքան թմբկահարող երկրում ինչո՞ւ չեն լուծվում կամ գոնե կարգավորվում փախստականների խնդիրները, որպեսզի լացակումած ելույթներ չլինեն: Եզրակացությունը մեկն է. Ադրբեջանի կառավարությունը հետաքրքրված չէ փախստականների հարցերը լուծելով, քանի որ դա շահարկում է ղարաբաղյան հարցում: Քննարկման մասնակիցների ուշադրությունն է հրավիրվել նաեւ այն փաստին, որ փախստականների հարցն առաջինն Արեւելյան Եվրոպայում ծագեց Հայաստանում, երբ 80-ականների վերջին Ադրբեջանում կազմակերպված էթնիկ զտումների պատճառով հարյուրհազարավոր հայեր դարձան փախստական` Ադրբեջանում թողնելով ողջ ունեցվածքը:
Հայաստան-Ադրբեջան եւս մեկ խնդրահարույց իրավիճակ էլ տեղ է գտել «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգությունը» խորագրով քննարկման ժամանակ, երբ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը: Նա կարեւորել է Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի լիակատար կատարումը, ընդգծելով, որ Ադրբեջանը պայմանագրի կողմ միակ պետությունն է, որ միտումնավոր շարունակում է խախտել փաստաթղթի սկզբունքները, ադրբեջանական կողմը նախաձեռնել է սպառազինությունների խիստ վտանգավոր մրցավազքը` բացահայտ ցուցադրելով ուժ գործածելու իր պատրաստակամությունը:
Ըստ Նազարյանի, նախորդ տարիների ելույթներում հայկական կողմի զգուշացումները Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի սպառնալիքի մասին դարձել են իրականություն: Ուստի տարածաշրջանում առանց այդ էլ խարխուլ անվտանգությունն ապահովելու համար միջազգային հանրությունը պետք է հակազդի միջազգային նորմերի բացահայտ խախտումներին` Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու համար:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: