Thursday, November 10, 2011

Զտել Սփյուռքի նախարարությունը

Կովկասյան տարածաշրջանը Հայաստանի արտաքին հարաբերություններում առաջնահերթ է: Հաշվի առնելով նաեւ անվտանգության խնդիրները, կովկասյան ուղղությունը կարեւորվում է հետազոտական ծրագրի շրջանակներում: Վրաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Կրասնոդարի ու Ստավրոպալի երկրամասերում, Ռոստովի շրջանում ու հյուսիսկովկասյան հանրապետություններում, մոտավոր տվյալներով, ապրում է նվազագույնը 1 միլիոն 345 հազար հայ, ովքեր զգալի քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեն: Դրա հետ մեկտեղ, այդ բնակչության մարդկային ներուժը շատ թույլ է օգտագործվում հանուն Հայաստանի շահերի: Մինչ այժմ լուծված չեն միջնակարգ կրթության խնդիրները, բավարար չեն այդ տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների հետ կապերը, ինչպես նաեւ լուծված չէ այդ տարածքներում հյուպատոսարանների տեղակայման հարցը:
Հետազոտության նպատակը անվտանգության պայմանների ուսումնասիրությունն է, որոնք ձեւավորվում կամ ծագում են Հարավային Կովկասում, ներառյալ ժողովրդագրական, էթնոքաղաքական, էթնոմշակութային, հաղորդակցության եւ գեոտնտեսական խնդիրները: Ենթադրվում է տեղեկատվության առարկայական զանգված ձեւավորել, որը կընդգրկի անհրաժեշտ բլոկները դաշտային ուսումնասիրություններ անցկացնելիս, մասնավոր ու համակարգային տեղեկատվության հավաքում ու մշակում, որն արդյունքում թույլ կտա համակարգել տեղեկությունները:
Ռուսաստանում ու Վրաստանում տեղի ունեցող տարբեր քաղաքական գործընթացների պայմաններում հետաքրքրություն է ներկայացնում հայ բնակչության քաղաքական, սոցիալական, մշակութային պայմանների ուսումնասիրությունը, ներառյալ ժողովրդավարական ու սոցիալ-մշակութային պայմանների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, առանձին ակտիվ հասարակական անհատականությունների մասին տեղեկատվության համակարգումը, հասարակական-քաղաքական կյանքի միտումները, կրթական համակարգի գործունեության պայմանները, տվյալ ու այլ պետությունների տարբեր կազմակերպությունների ու պաշտոնական մարմինների հետ կապերը: Արդյունքում կարելի կլինի կազմել Վրաստանի ու Հյուսիսային Կովկասի հայ բնակչության էթնոսոցիալական քարտեզը վարչատարածքային ու գործառնական կտրվածքներով:
Անհրաժեշտ է պարզել առկա խնդիրները, որոնք կապված են տեղական ու կենտրոնական իշխանությունների վարած քաղաքականության հետ` նշելով առանձին քաղաքական գործիչների ու վարչարարների դիրքորոշման առանձնահատկությունները, որոնք կապված են տեղական իշխանությունների ու հասարակական կազմակերպությունների, տարբեր բնույթի տեղական խմբավորումների հետ հարաբերությունների հարցին, ինչպես նաեւ այլ էթնիկ եւ տարածաշրջանային խմբերի հետ հայ բնակչության հարաբերությունների միտումներն ու բնույթը:
Առավել ակտուալ են ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք կապված են հայկական ուսումնական հաստատությունների կրթության համակարգի ու կադրերի պատրաստման հետ, որը կախված է Հայաստանի համապատասխան գերատեսչությունների, մասամբ նաեւ առանձին հասարակական կազմակերպությունների գործունեությունից: Այդ ուղղությամբ գործունեության ծրագիրը պետք է հետեւողականորեն իրականացնել առաջարկների պատրաստման մակարդակով: Կարեւոր է կատարել այդ աշխատանքը` կողմնորոշվելով դեպի հայ բնակչության վարչական-սոցիալական կարգավիճակի բարձրացումը, նրա ներուժի օգտագործումը Հայաստանի շահերի համար:
Տեղեկատվական բազայի կուտակման ու տեղեկատվության համակարգման կողքին անհրաժեշտ է ուսումնասիրել առկա խնդիրները եւ վերլուծական զեկույցներ կազմել: Առանձին դեպքերում կարող է հրապարակային ռեժիմով հետազոտության արդյունքները ներկայացնելու նպատակահարմարություն առաջանալ հասարակական կարծիք ձեւավորելու նպատակով:
Լիովին հասկանալի է, որ Հայաստանի սփյուռքի նախարարութունը պետք է յուրահատուկ նշանակություն ունենա, սակայն ակնհայտ է նաեւ այն, որ այդ նախարարության ներկայիս կարգավիճակը թույլ չի տալիս նույնիսկ մասամբ անհրաժեշտ գործառույթներ իրականացնել: Հատկապես սա ակնհայտ դարձավ Հյուսիսային Կովկասի հետ Հայաստանի աշխատանքի մասով:
Այժմ, երբ ամենաանհավանական ու անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում կադրերի զտման եւ ուղղահայաց ու հորիզոնական տարբերակով վարչակազմը մաքրելու փորձերի մասով, տեղին կլիներ վերանայել նաեւ սփյուռքի նախարարության գործառույթներն ու խնդիրները եւ կադրային փոփոխություններ կատարել: Այն, ինչ տեղի ունի այժմ, պարզապես ծաղրանք է մեր սփյուռքի եւ ընդհանրապես պետական քաղաքականության նկատմամբ: Սփյուռքի նախարարությունը պետք է գլխավորի արհեստավարժ, փորձառու դիվանագետ: Հայկական սփյուռքում առանձին մտածող մարդիկ մեծ հույսով հետեւում են տեղափոխություններին, ռոտացիային եւ զտմանը, որը տեղի է ունենում Հայաստանում եւ սպասում են սփյուռքի նախարարության վերակառուցման:
Իգոր Մուրադյան

No comments: