Tuesday, November 22, 2011

ԹՀԹ Թեմական խորհուրդը պատասխանեց մամուլի կողմից արծարծված հարցերին

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 21.11.2011: Կիրակի, նոյեմբերի 20-ի առավոտյան, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, իր պատմության մեջ առաջին անգամը լինելով իրանահայ մամուլի ներկայացուցիչներին հարցազրույցի հրավիրեց եւ պատասխանեց նրանց հարցերին, ինչն ինքնին գնահատելի է:
Թեմական խորհուրդի ատենապետ՝ Էդվարդ Բաբախանյանը խոստացավ նաեւ այսուհետ մամուլը ու նաեւ հասարակությունը առիթ կունենան իրենց հարցերն ուղղել թեմի գործադիր մարմնին եւ ստանալ պատասխաններ:
Հարցազրույցում, ուր ներկա էին «Արաքս» շաբաթաթերթի, «Յոյս» երկշաբաթաթերթի, «Ալիք» օրաթերթի եւ ԹՀԹ առաջնորդարանի Հարաբերական մարմնի ներկայացուցիչները, արծարծվեցին զանազան հարցեր, որոնց մեջ առաջնային տեղ էին գրավում դպրոցներին եւ ազգային կալվածներին առնչվող հարցերը:
«Արաքս» շաբաթաթերթի կողմից արծարծվեցին հետեւյալ հարցերը.
ա- Ի՞նչն էր պատճառը, որ վերջնական հանձնում չկատարած «Թունյան» դպրոցը լցրեցիք աշակերտությամբ, որի հետեւանքով հայտնվեցինք ծանոթ վիճակում: Վերջին հաշվով ո՞վ է պատասխանատու ստեղծված անհարմար վիճակի համար:
բ- Մեր համայնքի թիվը նոսրացել է, գրեթե կեսի է հասել, մյուս կողմից տարեկան նպաստ ենք ստանում պետությունից, այդ դեպքում ինչո՞ւ ենք ըստ Ձեր ասածի «կանխիկ գումարի առումով գնում կարմիր գծի վրա»:
գ- Դուք, Ձեր հուլիս 18-ի եւ հոկտեմբերի հարցազրույցներում, ի լուր բոլորի հայտարարեցիք, որ տեղեկացված լինելը համայնքի իրավունքն է: Ե՞րբ եք պատրաստվում համայնքին տեղեկացնել իր ունեցվածքի մասին: Արդյոք այդ մասին որոշակի ծրագիր ունե՞ք:
դ- Թեմական խորհուրդը պետությունից ստացած տարեկան նպաստը ինչպես է բաժանում եւ որ կառույցների միջեւ:
ե- Մեր ունեցած տեղեկությունների համաձայն տարիներ է, որ քանի ընչազուրկ հայեր, հիմնականում կին, պահվում են քաղաքապետարանի հսկողության ներքո կառավարվող կենտրոններում: Արդյո՞ք Թեմականը որեւէ ծրագիր ունի փողոցում հայտնված այդ հայերին վերահասու լինելու թե ոչ:
զ- Թեմական եւ պետական պատասխանատու անձինք անգամներ հայտարարել են, որ «Արարատ» մարզավանի կալվածաի խնդիրը լուծվել է համայնքի օգտին, բայց դեռ լուրեր են պտտվում այն մասին, որ համայնքի բյուջեից վարձավճար է տրվում «Ասթան Ղոդս Ռազավի»-ին: Ո՞ւր է հասել այդ հարցը:
է- Ի՞նչ ծրագիր ունեք Հայաստանում գնված կալվածի համար եւ ինչպե՞ս պիտի օգտվի մեր համայնքը դրանից:
ը- «Սուքերյան» եւ «Նաիրի» ազգային սրահների տնօրինումը ինչո՞ւ է հանձնվել հատուկ միությունների: Եվ ...

Թեմական խորհուրդի ատենապետ՝ Էդվարդ Բաբախանյանն իր խոսքերում ի միջի այլոց ասաց.

- «Նախկին «Ռոստոմ» աղջ. դպրոցի աշակերտուհիներին «Արաքս» դպրոց փոխանդրելու ծախսերը, ինչպես որոշել էր նախորդ թեմականը, վճարում ենք, սակայն որոշ ծնողներ որոշված չափից ավելին են պահանջում, որի հետ մենք համաձայն չենք»:
- ««Արամ» սրահի կապակցությամբ Թեմական խորհրդի քաղաքականությունն ընդհանրության մեջ դա է եղել, որ այն չվաճառվի: Այն բաղկացած է երկու մասից՝ մեկը Արամ սրահն է, մյուսը դպրոցն է եւ դպրոցին կից գետինը: Երկու առաջարկ է մեր դեմ դրված. մեկը դպրոցի վարձու տալու պարագան է եւ մյուսը այն որ մէնք հանդիպել ենք շրջանի քաղաքապետարանի հետ եւ նրանք ցանկություն են հայտնել դպրոցի կից գետինը, որ մոտ 1300 քառակուսի մետր է, գնել եւ դա ընթացքի մեջ է, որ մինչեւ երկու շաբաթ պիտի մեզ պատասխանեն, որ հետաքրքրված են թե ոչ, իսկ եթե հետաքրքրված չլինեն այդ դեպքում պիտի վարձու տրվի ամբողջովին, որն իհարկե մեծ գումար չի, այնպես որ քաղաքապետարանի պատասխանից հետո որոշում կկայացնենք այդ կապակցությամբ»:
- «Քաղաքապետարանի հետ կնքված «Արամ» սրահի ընդհանուր տարածքի վաճառման նախորդ պայմանագիրը առկախվել է»:
- ««Թունյան» դպրոցում որեւէ դեպք պատահելու պարագային, բնականաբար Թեմականն է պատասխանատու: Խնդիրը մեր կարծիքով չափից ավել է մեծացել: Իսկ հիմա ամեն ինչ կարգին է եւ դպրոցն իր աշխատանքն է տանում: Մանկապարտեզի պարագային երեւի ավելի զգույշ կլինենք եւ փորձնական շրջանն անցկացնելուց հետո բացումը կկատարենք, Կապալառուից պահանջել ենք դպրոցում 24-ժամյա ներկայացուցիչ ունենա՝ առաջացող հավանական խնդիրներին լուծում տալու համար: Աշակերտությանը փորձարկումից առաջ նորկառույց դպրոց փոխադրելը պայմանավորված էր առանց համադրելու հրապարակված հայտարարությամբ»:
- Մենք ժամանակին 11 հազար աշակերտություն ունեինք, հիմա հասել է երեք հազարի: Բայց արդյո՞ք դպրոցների թիվը մեկ երրորդի է հասել: Ուսուցիչների թիվը մեկ երրորդի է իջե՞լ: Արդյո՞ք այս համայնքում, կարող է մեկը համարձակվել եւ ուսուցչին ասել որ աչքիդ վերեւում ունք կա, որ նոր ուզենա պակսեցնի կամ երկու դպրոց մեկ անի: Մեր ծախսերը չեն պակսել մեր թիվն է պակսել:
- Շուտով կներկայացնենք համայնքի ունեցվածքի ցանկը:
- Մենք ամսական 40 միլիոն թուման վարձ ենք ստանում մեր կալվածներից:
- Քաղաքապետարանի կողմից կառավարվող կենտրոններում պահվող ընչազուրկ հայերի մասին տեղյակ չեմ: Այդ մասին ձեր տեղեկությունները փոխանցեք մեզ եւ մենք կհետեւենք: Բնականաբար, մեզ պատիվ չի բերի եթե հային քաղաքապետարանը պահի: (Այս հարցով «Ալիք» օրաթերթի լրագրող Արմինե Էլիազյանը ավելի քան չորս տարի փողոցներում թափառող իսկ այժմ քաղաքապետարանի կողմից կառավարվող կենտրոններում պահվող հայ մայր ու աղջկա մասին ասաց, որ դրանց համար ամեն ինչ արվել է ու հարցն համարեց վերջացած: Իսկ նույն թերթի աշխատակից եւ ԹՀԹ առաջնորդարանի Հարաբերական մարմնի ատենապետ Կարինե Դավթյանն անհիմն հայտարարությամբ հանդես եկավ, ասելով, որ «նրանք նպաստ եւ կենսաթոշակ են ստանում»):
- «Արարատ» մարզավանի կալվածի 20 հազար քառակուսի մետրի պարագային հատուկ հարց չկա, միայն կալվածագիր չունենալու հարցն է, որ կալվածագրի վերցնելու հետեւից ենք, որ դա էլ իր բարդություններն ունի: Բայց դա վտանգ չի սպառնում աշխատանքների շարունակելու առումով: Իսկ 50 հազար քառակուսի մետրի պարագան, որ «Ասթան Ղոդս Ռազավի»-ն դրան համարում էր «վակֆ»՝ (կրոնական կառույցներին, այս դեպքում իրեն, ընծայված տարածք, ինչք եւ այլն), որի համար պահաջում էր «փազիրե» (փականագին), որն շատ մեծ գումար էր, որ պետությունը բարեացակամ գտնվեց եւ լրիվորեն իր վրա վերցրեց այդ գումարի վճարելը, որից հետո, ինչ-որ կերպ, մենք դառանք փականագնի տեր եւ այնուհետ հանձն առանք տարեկան 20 միլիոն թուման վարձ վճարել, որ առաջին քսան տարվանը՝ 300 միլիոն թումանը, պահանջում էին միանգամայն, որն շատ ծանր էր «Արարատ» մարզավանի համար, ուստի այն, երկու տարի առաջ հանձն առավ վճարել Թեմական խորհուրդը, որպեսզի հետագայում մաս-մաս հետ վերադարձնի «Արարատ»-ը, որ կանոնավոր կերպով, տարեկան 20 միլիոն թուման վերադարձնում է Թեմականին:
- Պայմանագիր է ստորագրվել ԹՀԹ Թեմական խորհրդի եւ «Ասթան Ղոդս Ռազավի» միջեւ, որ «Արարատ» մարզավանի գետինը 20 տարվա համար օգտագործվելու է մարզամշակութային աշխատանքների համար: Իհարկե, 20 տարուց հետո էլ այդ փականագինը մերն է եւ ոչինչ չի փոխվում, պարզապես կարող է վարձի չափը փոխվի, մի քիչ ավելանա:
- Նախորդ Թեմականի կողմից Երեւանի շրջակայքում գնված կալվածի համար ներկա Թեմականը որեւէ ծրագիր չունի: Այդ գետնի պահելու համար մենք տարեկան ծախսում ենք 400-500 հազար թուման:
- Նպատակ ունենք «Սահակյան» դպրոցի տարածքը վարձու տալ: Բայց դրա համար նախ պետք ունենք բարերարների գրավոր համաձայնությունը:
- Բուրաստանում արդեն երկու քարտաշի հետ համաձայնագիր ունենք, որոնք պարտավոր են իրենց եկամուտի 20 տոկոսը վճարել Թեմականին: Նրանց աշխատանքները վերահսկվում է մեր կողմից եւ չեն կարող իրենց կողմից գները բարձրացնել:
- Համահայկական խաղերի համար ծախսվել է 122,5 միլիոն թուման, որից 35 միլիոնը պետությունն է տվել, 18 միլիոնն մեր ֆոնդի պահն է եղել, 11 միլիոն մարզիկներն են վճարել եւ 58,5 միլիոն վճարվել է ազգային սնդուկից:
Մանրամասը շուտով:

No comments: