Tuesday, November 22, 2011

fustalԱմերիկահայ փաստաբանների միջև «պատերազմը» շարունակվում է

Tert.am.22-11-2011- Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների փոխհատուցման գործընթացը նախաձեռնած ամերիկահայ փաստաբանների միջև «պատերազմը» ԱՄՆ–ում շարունակվում է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաբան Վարդգես Եղիայանը վերջերս ԱՄՆ–ի շրջանային դատարան դիմում էր ներկայացրել և պահանջել էր ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին տրված փոխհատուցումների առնչությամբ աուդիտ անցկացնել։
Եղիայանը նշել էր, որ ինքն այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ «Աքսա» ընկերության կողմից ստեղծված հիմնադրամի (այն պետք է իրականացներ փոխհատուցումների վճարումը) ներկայացրած ֆինանսական հաշվետվություններում անճշտություններ էր հայտնաբերել։
ԱՄՆ դաշնային դատարանը երկուշաբթի կողմերին՝ Եղիայանի շահերը ներկայացնող Ռոման Սիլբերֆելդին և պատասխանող Մարկ Գիրագոսին (հայտնի փաստաբան է) երկու շաբաթ ժամանակ է տվել, որի ընթացքում նրանք պետք է որոշեն, թե ինչպես են ցանկանում քննարկել «Աքսա» ընկերության հիմնադրամի ներկայացրած ֆինանսական հաշվետվություններում առկա հաշվապահական անճշտությունները։ Եղյանն ու նրա փաստաբանները հայտարարում են, որ իրենք փոխհատուցում ստանալու համար ներկայացված 1000 դիմումների առնչությամբ խնդիրներ են հայտնաբերել։
Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, երկու կողմի փաստաբաններն այսօրվա դրությամբ ուսումնասիրել են հիմնադրամի ադմինիստրատորների դեմ ներկայացված 1000 հայցերից 94–ը։
Ուրբաթ դատարան ներկայացրած միջնորդությունում Սիլբերֆելդը նշել էր, որ ուսումնասիրված հայցերից յուրաքանչյուրում փոխհատուցման ոչ ամբողջական վճարում է արձանագրվել։
Սիլբերֆելդը ընդգծել էր, որ եթե անճշտություն է հայտնաբերվել 94 ուսումնասիրված հայցում, ապա կարելի է ենթադրել, որ նման անճշտություններ կան մյուս 900–ում։
Նա նաև նշել էր, որ կտրոններ ստացածներից (փոխհատուցման համար) ոմանք դրանց կանխիկացման հետ կապված խնդիրներ են ունեցել. նրանք կարողացել են կանխիկացնել միայն փոքր գումար պարունակող կտրոնները:
Իսկ ահա Գիրագոսը խնդրել է, որպեսզի ինքն ու Սիլբերֆելդն այդ հարցերը լուծեն «փակ սենյակում», քանի որ ինքը վստահ է, որ իրենք կարող են համաձայնության գալ։
Նշենք, որ Մարկ Գիրակոսն իր հերթին ավելի վաղ Եղիայանի և նրա կնոջ դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ նրանց մեղադրելով կեղծ բարեգործական կազմակերպություններ ստեղծելու և վերջին 6 տարվա ընթացքում մոտ 1 մլն դոլար գումարը ոչ նպատակային օգտագործելու մեջ(Մարտին Գիրակոսը Եղիայանին դատի տվեցին՝ նրան մեղադրելով հայերի հիշատակին նվիրված երկու բարեգործական կազմակերպությունները՝ Center for Armenian Remembrance և Conservatoire de la Memoire Armenienne (Փարիզ) կենտրոնները ստեղծելու մեջ։Գիրակոսը պնդում է, որ իր քննիչը բացահայտել է, որ Conservatoire de la Memoire Armenienne–ը իրականում գոյություն չունի), իսկ մյուս կենտրոնը՝ Center for Armenian Remembrance–ը, «իր օրինական նպատակին չի ծառայում»)։
Մի քանի տարի առաջ հենց վերոնշյալ հայ փաստաբանների ջանքերով ամերիկյան «Նյու Յորք լայֆ» և ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունները պարտավորվեցին Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում վճարել։
2004 թ. «Նյու Յորք լայֆը» պարտավորվեց, որպես փոխհատուցում, փաստացի նյութական վնաս կրած զոհերի ժառանգներին 20 մլն ԱՄՆ դոլար տրամադրել, որից 3 մլն դոլարը պետք է բարեգործական նպատակներով ծախսվեր՝ ԱՄՆ հայ համայնքի կարիքները հոգալու համար։
Իսկ 2005թ. «Աքսա» ընկերությունը պարտավորվեց 17.5 մլն դոլար վճարել՝ որպես ֆինանսական փոխհատուցում, որից 3 միլիոնը ևս պետք է ծախսվեր Ֆրանսիայի հայ համայնքի կարիքների համար։

No comments: