Friday, November 18, 2011

Մինչեւ ԽՍՀՄ երկրորդ փլուզում

«Լրագիր» 18-11-2011- Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները նոյեմբերի 18-ին կժամանեն Մոսկվա, ուր կարող է տեղի ունենալ հետխորհրդային տարածքի համար նշանակալի մի իրադարձություն՝ տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագրի ստորագրում: ՌԴ նախագահ Մեդվեդեւը նախօրեին հույս էր հայտնել, որ այսօր կստորագրվի այդ հռչակագիրը:
Հետաքրքրականն այն է, որ Մեդվեդեւը այդ մասին հայտարարել էր թոշակառուների հետ հանդիպմանը, պատասխանելով ԽՍՀՄ վերականգնման հնարավորությունների մասին հարցին: Թոշակառուներից մեկը հարցրել էր, թե արդյոք այն երկիրը, որտեղ իրենք տասնյակ տարիներ ապրել են, հրաշքով կարող է վերականգնվել կամ դրա պես մի բան լինել:
Ահա այդ համատեքստում էլ Մեդվեդեւը խոսել էր Մոսկվայում ստորագրվելիք փաստաթղթի եւ նաեւ որպես դրա հետագա զարգացման արդյունք՝ Եվրասիական տնտեսական միության ձեւավորման մասին:
Այլ կերպ ասած, Ռուսաստանի առաջին դեմքերը հերթական անգամ են խոսում Եվրասիական միության ստեղծման հեռանկարի մասին, եւ հերթական անգամ այդ մասին խոսում են ԽՍՀՄ վերաբերյալ հարցադրումների համատեքստում: Դրանից առաջ նույն բանը տեղի էր ունեցել Պուտինի հետ:
Ինչ է դա՝ զուտ պատահականությո՞ւն, թե Ռուսաստանի իշխանությունը հետխորհրդային տարածքի երկրներին նրբորեն ակնարկում է, որ ասելով Եվրասիական միություն, իրենք նկատի ունեն հենց ԽՍՀՄ մի նոր մոդիֆիկացիա:
Առաջին հայացքից թվում է, թե զուտ տնտեսական առումով գաղափարը վատ չէ եւ կարող է ինտեգրացիոն գործընթացի շնորհիվ մոտ 200 միլիոնանոց շուկա ապահովել միության երկրների համար: Գայթակղիչ է հնչում:
Բայց, անկախ քաղաքական վտանգներից, նույնիսկ այդ տնտեսական հմայքը կարող է շատ պայմանական լինել, նկատի ունենալով, թե մեղմ ասած որքան անկատար են միության պոտենցիալ անդամ երկրների տնտեսությունները: Այլ կերպ ասած, Եվրասիական միությունը կարող է դառնալ “աղքատների” միավորում, որն ավելի շատ հոգեբանական մխիթարություն կարող է լինել նրանց համար, քան ասենք տալ տնտեսական գործնական էֆեկտ:
Բանն այն է, որ այդ էֆեկտի համար անհրաժեշտ են ներքին լուրջ բարեփոխումներ հենց այդ երկրների տնտեսական համակարգերում, նաեւ քաղաքական համակարգերում: Առանց դրա, Լուկաշենկոյի “սեփականության” վերածված Բելառուսը, կամ նավթով ու գազով Պուտինի կայսերապաշտական հավակնությունները սպասարկող Ռուսաստանը, կամ Նազարբաեւի ցմահ նախագահությունը խնդրող Ղազախստանը, եթե նույնիսկ հայտարարեն մեկ պետություն դառնալու մասին, չեն կարող վերածվել մրցունակ պետության:
Եթե տան ներքին դասավորությունը խիստ անհարմար է բնակության համար, ոչ գրավիչ, ապա որեւէ կապ չունի, թե ինչքան է տան ընդհաուր մակերեսը եւ քանի հարկանի է տունը:
Նույնը նաեւ Եվրասիական միության պոտենցիալ նոր անդամների պարագայում՝ Կիրգիզիա, Տաջիկստան, Հայաստան, Ուկրաինա: “Հիվանդների” միությունը չի կարող առողջ լինել, եւ ոչ էլ կարող է նպաստել նրանց առանձին աողջացմանը:
Այն կարող է ընդամենը նպաստել նրանց “հիվանդ” գոյությունը երկարաձգելուն, մինչեւ ԽՍՀՄ երկրորդ փլուզումը: Բայց եթե առաջին փլուզումը իսկապես մեծ հնարավորություններ տվեց դրանից պոկված նորաստեղծ պետություններին եւ նրանց հասարակություններին, ապա երկրորդ փլուզումը նրանց թերեւս արդեն որեւէ հնարավորություն չի տալու: Բանն այն է, որ Եվրասիական միության ռուսական “իդեա-ֆիքսի” հետեւից սլանալը՝ թե Ռուսաստանում, թե սլացողների մոտ առկա ներկայիս իրողությունների պարագայում, հավասարազոր է ոչ թե հնարավորություններ որոնելուն, այլ այդ հնարավորություններից փախչելուն, պատսպարվելուն, որովհետեւ պետություն դառնալու հնարավորությունը ներկայում ծանրացել է “կալվածքներից” հրաժարվել չցանկացող էլիտաների վրա:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: