Thursday, November 10, 2011

«ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ՍԻՐԻԱՆ PKK-ԻՆ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾԻ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ»

Հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը
Նախորդ օրը նախագահ Աբդուլլահ Գյուլը, պատասխանելով անգլիական «Ֆայնենշըլ թայմսի» հարցերին, անդրադարձել էր Թուրքիայի միջինարեւելյան քաղաքականությանը: «Թուրքիայի նախագահը գոհ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններից» վերնագրով հրապարակված հարցազրույցում նախագահ Գյուլն ասել է, որ Թուրքիան ազդում է արաբական աշխարհի վրա, որովհետեւ ունի աշխարհիկ ժողովրդավարական կառուցվածք եւ հետամուտ է ազատ շուկայական հարաբերություններին:
Աբդուլլահ Գյուլը դրական է գնահատել թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացքը, նշել է, որ երկրում տեղակայված հակահրթիռային համակարգն ուղղված չէ Իրանի դեմ, ինչ վերաբերում է Իսրայելի հետ առկա լարվածությանը, ապա ամերիկացի որոշ գործիչներ հակված են դրա համար պատասխանատու նկատել Նաթանյահուի կառավարությանը:
Հարցազրույցում նախագահ Գյուլը հիշեցրել է, որ Սիրիան ժամանակին ապաստան էր տրամադրում PKK-ին: Այնուհետեւ նա հույս է հայտնել, որ այս պետությունը նման քայլի այլեւս չի դիմի, համենայն դեպս, իրենք ուշադության կենտրոնում են պահում դրա հավանականությունը:
Մտածել, որ Սիրիայում ծավալվող անկարգությունների պայմաններում, որոնք արդեն դրսից են հրահրվում, նախագահ Բաշար Ասադի վարչակարգը կփորձի PKK-ին օգտագործել Թուրքիայի դեմ, իրատեսական չէ: Մանավանդ որ երկրում անկարգություններ հրահրող միջազգային ուժերը քրդական այս կազմակերպությանը իրենք օգտագործում են Իրանի, սիրիացի քրդերի գործող իշխանության դեմ:
Համենայն դեպս, սիրիաբնակ քրդերի ներկայացուցիչները, ընդառաջելով Արեւմուտքի ցանկությունները, նոյեմբերի 2-ին Կահիրեում կազմակերպած բողոքի ցույցով դատապարտել էին Արաբական լիգային, թե փոխանակ Ասադի վարչակարգի տապալման համար պայքարելու, մերժում է Սիրիայի դեմ արտաքին ուժերի ռազմական որեւէ գործողությունը, ավելինՙ իրավիճակը ընդդիմության հետ բանակցելու միջոցով կարգավորելու համար առաջարկ է ներկայացնում պաշտոնական Դամասկոսին:
Այլ կերպ, եթե Բաշար Ասադի վարչակարգը ցանկություն էլ ունենար, չէր կարող PKK-ին օգտագործել, քանի որ քրդական այս կազմակերպությանը, ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի դեմ արդեն օգտագործում են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, իսկ սիրիաբնակ քրդերի ակտիվ խավը որոշակի ակնկալիքով ամեն կերպ փորձում է ընդառաջել Արեւմուտքի հակասիրիական ձեռնարկումները:
Այս ամենը չի կարող հայտնի չլինել Թուրքիայի նախագահին: Այդ դեպքում նա նախագահ Բաշար Ասադին ինչո՞ւ է զգուշացնում: Աբդուլլահ Գյուլն էլ, ըստ ամենայնի, Սիրիայի հարցում ընդառաջում է ԱՄՆ-ի նկրտումները: Սակայն գլխավորը դա չէ, այլ նախագահ Գյուլիՙ ժողովրդական լեզվով ասածՙ «գող, սիրտը դող» կարգավիճակը: Ինչո՞վ է դա պայմանավորված: Հարցին երեկվա հրապարակումով պատասխանել է «Դեյլի տելեգրաֆը»ՙ նշելով, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի մասին:
Ըստ անգլիական թերթի, նախագահ Ասադի վարչակարգի դեմ զինյալ գործողությունների պատրաստվող այս բանակը տեղակայված է Թուրքիայում, նրան վերահսկում է վերջինը, հավանություն տալով առաջիկա գործողություններին: «Դեյլի տելեգրաֆը» միաժամանակ ընդգծում է, որ անցյալ շաբաթ Սիրիայում 9 մարդու սպանության պատճառ դարձած հարձակման պատասխանատվությունն այս բանակն է ստանձնել:
Դժվար չէ կռահել, որ, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակը տեղակայված է Թուրքիայի սիրիական սահմանի մոտակայքում, անհրաժեշտության դեպքում սրա «զինվորները» թուրքական իշխանությունների թույլտվությամբ անցնում են սահմանը եւ ներխուժում հայրենի երկիր, որպեսզի ահաբեկչական գործողություններ ծավալեն Սիրիայում: Ահա թե ինչու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Ֆայնենշըլ թայմսի» հարցերին պատասխանելիս գործում էՙ «գող, սիրտը դող» ասացվածքին համապատասխան:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: