Tuesday, December 6, 2011

6 ՀԱՅ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ

Եթե մեղադրանքը հաստատվի, նրանց սպառնում է 10-15 տարվա ազատազրկում

«ԱԶԳ», 06-12-Ադրբեջանի օգտին լրտեսած, պետական դավաճանության մեջ մեղադրվող երեք եւ նրանց հանցանքի մասին տեղեկացված ու իրավապահ մարմիններին չհայտնած եւս երեք հայերի դատավարությունը մեկնարկեց երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Կարեն Մեհրաբյանը, Աշոտ Չթրկյանը եւ Ռոմիկ Մաթեւոսյանը մեղադրվում են պետական դավաճանության հատկանիշներով հանցանք գործելու համար, Կարեն Պետրոսյանը, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանները` հանցագործության մասին իմանալու եւ իրավապահ մարմիններին չհայտնելու հատկանիշներով:
Լրտեսական ցանցի պարագլուխը Կարեն Մեհրաբյանն է: Այս տարվա սկզբներին նա Թուրքիայում հայտնվել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ այդ ծառայությունների աշխատակցից ստացել համագործակցության առաջարկՙ համապատասխան վարձատրության դիմաց: «Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակից Տիգրան եւ Վարդան անուններով անձնավորություններից, Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվումՙ ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի եւ զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի եւ սարքավորումների վերաբերյալ», ասված է մեղադրական եզրակացությունում: Վերադառնալով Հայաստանՙ Մեհրաբյանը ծանոթացել է ՀՀ ՊՆ աշխատակիցների եւ ԼՂՀ քաղաքացիների հետ` նրանցից ինֆորմացիա ձեռք բերելու նպատակով: Այս տարվա հուլիսի 23-ին նա մեկնել է Թուրքիա` հավաքած տեղեկատվությունը գաղտնի ծառայության աշխատակիցներին փոխանցելու, սակայն հայ-վրացական սահմանը հատելիս լրտեսության ձեւով պետական դավաճանության մեջ կասկածանքով ձերբակալվել է:

Ռոմիկ Մաթեւոսյանը 2007-ին Թուրքիայում ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդի եւ Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից Տիգրանի հետ եւ ստացել առաջադրանք` Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած ՀՀ քաղաքացիներից գտնել հավաքագրման համար հավանական անձանց: Վերադառնալով Հայաստանՙ Մաթեւոսյանը փորձել է հատկապես զինծառայողներից տեղեկություններ հայթայթել:
Աշոտ Չթրկյանը Թուրքիա է մեկնել ընկերոջՙ Կարեն Մեհրաբյանի առաջարկով: Այնտեղ ծանոթացել է Սայիդի եւ Տիգրանի հետ: Տեղեկանալով, որ ընկերը վարձատրության դիմաց աշխատում է նրանց համար եւ գաղտնի տվյալներ հավաքագրում, Չթրկյանը համաձայնել է օժանդակել Մեհրաբյանին:
Ամբաստանյալ Կարեն Պետրոսյանն էլ տեղյակ է եղել, որ նախկին գործընկեր Կարեն Մեհրաբյանը պետական սահմանի, Հայաստանի զինուժի բաշխման վերաբերյալ տեղեկություններ է հավաքագրումՙ հակառակորդ կողմին տրամադրելու նպատակով: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ գիտենալով նախկին գործընկերոջ դավաճանական ծրագրերի մասին, իրավապահ մարմիններին չի տեղեկացրել: Կարեն Մեհրաբյանը Արթուր եւ Դավիթ Ավետիքյանների հորաքրոջ աղջկա ամուսինն է: Նրանք նույնպես տեղյակ են եղել ազգականի գործունեության վերաբերյալ, սակայն իրավապահ մարմիններին չեն հայտնել:
Երեկ կայացած դատավարության ընթացքում Ռոմիկ Մաթեւոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը ներկայացրեց փաստաթուղթ, որ Մաթեւոսյանը 2 անգամ հայտնվել է հոգեբուժական կլինիկայում եւ առողջական խնդիրներ ունի: Կարեն Պետրոսյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանն էլ դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: «Իմ պաշտպանյալը հույս է հայտնել, որ հանդիմանությունը հաշվի առնելով` Մեհրաբյանը ձեռնպահ կմնա որեւէ հանցավոր արարք կատարելուց»: Ըստ փաստաբանի` Պետրոսյանի արարքը չի կարելի հանցավորություն դիտել, քանի որ «չգիտեր Մեհրաբյանի գործողությունների մասին, նա տեղյակ էր միայն իրեն կատարված առաջարկությունների մասին, հետեւաբար չէր կարող չիմացածի մասին իրավապահ մարմիններին տեղեկատվություն հայտնել»:
Մինչդեռ մեղադրող կողմը` ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը շեշտեց` Պետրոսյանը տեղյակ էր Մեհրաբյանի հանցավոր գործողությունների մասին: Պաշտպանների միջնորդությանը` դադարեցել տեսակցելու եւ հեռախոսազանգերի արգելանքը, դատախազը հիշեցրեց ամբաստանյալների կատարած հանցագործության նշանակությունը, կարեւոր համարեց արգելանքի կիրառումը: Արամ Ամիրզադյանի` մեղադրական եզրակացության ներկայացումը լսելուց հետո դատավորը հարց ուղղեց ամբաստանյալներին` «Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք»: «Ոչ, չենք համարում», պատասխանեցին նրանք:

Ըստ սահմանված կարգի` դատարանը նախ պետք է լսեր գործով անցնող վկաներին: Առաջին վկան Աշոտ Չթրկյանի բարեկամ Աշոտ Ղեւոնդյանն էր, ում տանը Չթրկյանը համակարգչով կապ էր հաստատել հանցակիցների հետ: Սակայն Ղեւոնդյանը առողջական խնդիրներ ունենալու պատճառով լքել էր դատարանը: Ինչի հետեւանքով դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 13-ը:

ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը «Ազգ» -ի հետ զրույցում շեշտեց, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 հայ երիտասարդների նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է: «Այստեղ մենք գործ ունենք պետական դավաճանության հետ, որը առավել մեծ նշանակություն ունի պետության անվտանգության համար: Ադրբեջանական հատուկ ծառայությունների համար Հայաստանը, մանավանդ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանությունը, ԼՂ պաշտպանության բանակի գործունեությունը մեծ հետաքրքրություն են ներկայացնում», ասաց Ամիրզադյանը` հավելելով, որ եթե դատարանում հաստատվի Մեհրաբյանի, Չթրկյանի եւ Մաթեւոսյանի մեղքը` նրանց սպասում է 10-15 տարվա ազատազրկում: «Պետական դավաճանության համար այս պատժաչափը քիչ է», ասաց դատախազը` ընդգծելով, որ պետական դավաճանության համար սա անկախ Հայաստանի պատմության մեջ 6-րդ գործն է:
----
Հ. Գ. Դատավարության ընթացքում ամբաստանյալները պահանջեցին, որ իրենց չլուսանկարեն` անընդհատ կրկնելով, որ հայրենասեր են եւ պատրաստ են հայրենիքի սահմանի ամեն մի թիզի համար պայքարել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: