Tuesday, December 6, 2011

Ի՞նչ պաշտպանիչ դեր ունի դրամը բանակում

«Լրագիր» 6-12-2011- Դեկտեմբերի 2-ին եւս մեկ բանակայինի մահվան լուր առանք` գյումրեցի Նարեկ Դավթյանի: Մի անգամ էլ ցնցվեցինք: Բայց որքան էլ որոշենք, որ անհնար է, որքան էլ հարցնենք իրար, թե ինչ է կատարվում բանակում, իրավիճակն առայժմ չի փոխվում: Ընդ որում, մահերի վիճակագրությունից , «ինքնասպանություն» խրոնիկական ախտորոշումից առավել նյարդայնացնում է այն, որ զոհվում են հիմնականում ամենաաղքատ խավից զորակոչվածները: Հիշենք մի քանիսին:
Արման Հակոբյանը մահացել է 11 տարի առաջ Հորադիզում: Նախաքննությունը դեռեւս ավարտված չէ, սակայն նախնական վարկածը` «ինքնասպանություն», չի հերքվել: Հակոբյանները ծայրաստիճան աղքատության մեջ են: Հայրը, պատերազմի մասնակից, նախկինում դատապարտված Վարդան Հակոբյանը նույնիսկ փորձել է բնակություն հաստատել ԼՂՀ-ում, հույս ունենալով, որ պետության տրամադրած հողատարածքով և անասունով կկարողանա պահել ընտանիքը, բայց չի կարողացել: Կրկին վերադարձել է Երևան: Կնոջն ու դստերը պահում է բացառապես հաշմանդամության նպաստով:
Միայնակ մոր զավակ Յուրիկ Ներսեսյանը զոհվել է ս.թ. հոկտմբերի 12-ին, ԼՂՀ-ում: Հերթական «ինքնասպանի» մայրը չունի բնակարան, մշտական բնակության վայր: Յուրիկը տանջված, փոքրուց աշխատած տղա էր: Մոր և որդու երազանքն էր գումար հավաքել, տուն առնել և ապրել միասին:
Նրանից երեք օր շուտ Մարտակերտի «Ինտերնատ» կոչվող զորամասի դիրքերում, հերթապահության ժամանակ «ինքնասպանվեց» Վլադիմիր Ասատրյանը: Նա նույնպես հայր չուներ: 10 տարեկանից աշխատել էր, օգնել էր մորը, որն աշխատում է հացի փռում: Եղբայրը նույն զորամասում էր ծառայում: Վալոդիկի մահվան օրը զորամասի զամպոլիտը նրան արձակուրդ ուղարկեց, հորդորելով. «Կգնաս, կգաս, աղբորդ փոխարեն նույն գումարտակում կծառայես, աղբորդ տեղն էլ կքնես»:
Աղասի Աբրահամյանը, որը «Եղնիկներում», այնուհետեև հոսպիտալում դաժան ծեծի ենթարկվեց և մահացավ, նույնպես չարքաշ, դժվար ապրող ընտանիքից էր: Հայրն ու մայրը բաժանված են: Ինքը մինչև բանակ գնալը բնակվել է Ռոստովում, ազգականների մոտ:
Ս.թ. հոկտեմբերին Հադրութում մահացած Արմեն Մողրովյանի ծնողները, իմանալով, որ որդին վիրահատվել է Ստեփանակերտի հոսպիտալում, անգամ չեն կարողացել մեկնել ԼՂՀ: Հետվիրահատական շրջանը Արմենն անցկացրեց զորամասում: Արձակուրդ չէին տվել, որ գոնե կազդուրվեր տանը: Վիրահատությունից մի քանի ամսից Արմենը մահացավ անոթների շրջանառության սուր խանգարումից:
Հրազդանցի Արթուր Ղազարյանը, որն «ինքնասպանվել» է 2010 –ի ապրիլին Բալահովիտում, ապրում էր հոր և տատի հետ: Տղայի կյանքը դժբախությունների շղթա էր. վաղ հասակում կորցրել էր մորը, հայրը երկրորդ անգամ էր ամուսնացել, խորթ մայրը զոհվել էր ավտովթարից: Վթարված մեքենան տոկոսով էր գնված, և պարտքը մինչև հիմա մարված չէ: Ղազարյանների միսենյականոցում սփռված աղքատության հոտն անհնար է մոռանալ: Անհնար է մոռանալ նաև ամռանը Գորիսում, իբր ինքնասպան եղած Ճամբարակցի Վարդան Սևյանի թշվառ մոր խոսքը. «Էս երեխեքին ես չեմ պահել, էս ժողովուրդն ա պահել, որ գաք իմ տուն, կտեսնեք, ինչ վիճակում եմ ապրում: Բա դուք չտեսա՞ք էն մրոտ պատերը, էն սոված, պակաս պռատ էրեխեքիս, լավ, պատերը չտեսաք, բա դուք չտեսա՞ք էն երեխու կյանքը»:
ՊՆ ղեկավարությունը, բանակին մոտ կանգնած պաշտոնյաները վստահեցնում են, որ մահվան դեպքերը բանակում նվազել են: Հասարակության շոկը նրանք բացատրում են ՊՆ-ի բաց աշխատանքով, որ առաջ ողբերգական դեպքերի մասին լռում էին, իսկ հիմա անմիջապես տեղեկացնում են հանրությանը: Համաձայն ենք, որ այս գործոնը եւս դեր է խաղում: Բայց եթե բաց է պաշտոնյաների աշխատանքը, ապա նրանցից որևէ մեկը պետք է պատասխանի մեր հարցին, թե ինչու է հանցագործությունների զոհ դառնում բարեկեցության սանդղակի ստորին խավը և ի՞նչ պաշտպանիչ դեր ունի դրամը ՀՀ զինված ուժերում:
Սյուզան Սիմոնյան

No comments: