Tuesday, December 6, 2011

Դ. Բաբայան. Համայնքային ցանկացած քննարկում Արցախի համար անընդունելի է

Panorama.am. 6-12-2011- «Կարծում եմ այդ քայլերը որևէ նպատակի չեն ծառայում, ադրբեջանական կողմն ուղղակի շարունակում էի իր ապակառուցողական քաղաքականությունը: Ընդհանուր առմամբ, փորձում են ցույց տալ թե ակտիվ են, սակայն իրականության մեջ դա ակտիվություն չէ, հետդարձ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի՝ համայնքային մակարդակով քննարկումներ անցկացնելու առաջարկին:
Նրա խոսքերով, համայնքային ցանկացած քննարկում Արցախի համար անընդունելի է, որովհետև պաշտոնական Ստեփանակերտը չի ճանաչում այնպիսի հասկացողություն, ինչպիսին համայնքն է, լինի դա հայկական, թե ադրբեջանական:
«Նման բան գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն և Ադրբեջանի հանրապետություն, որոնք ունեն չկարգավորված հարաբերություններ»,- ասաց Դ. Բաբայանը:
Բանախոսի կարծիքով, այս տեսանկյունից ևս, Ադրբեջանի նման ակտիվությունը չի կարող նպաստել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը գործընթացին:
«Եթե Ադրբեջանի համար կարևոր է համայնքային երկխոսությունը, ապա նա կարող է նման երկխոսության մեջ մտնել, թալիշական, լեզգիական, ավարական և Ադրբեջանի մյուս համայնքների ներկայացոցիչների հետ, իսկ Արցախն անկախ պետություն է, մեր հետ հարաբերությունները պետք է կառուցվի այլ ձևով»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետը:
Ըստ Դ. Բաբայանի՝ Ադրբեջանն իր քայլերով հակասում է իր իսկ մոտեցումներին: «Ի՞նչ է նա առաջարկում Արցախին կամ Ադրբեջանի տարածքում ապրող ժողովուրդներին: Ինչո՞ւ Ադրբեջանը ինքնավարություն չի տրամադրում լեզգիներին, թալիշներին, ինչո՞ւ: Ադրբեջանն ուղղակի արհեստականորեն ձգձգում է բանակցային պրոցեսը»,- հավելեց նա:

No comments: