Thursday, December 1, 2011

Ի՞ՆՉ Է «ԱԴՐԲԵՋԱՆԻԶՄԸ»

«ԱԶԳ», 01-12-2011- Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի «ուսումնասիրություններին» մենք արդեն անդրադարձել ենք եւ բացահայտել նրա մեթոդաբանական սխալը, այն, որ «պետականության դարավոր ավանդույթների կրող» ժողովուրդը ներկա փուլում պետք է ոչ թե «ազգային գաղափարի հայտնաբերման», այլ դրա զարգացման, փոփոխվող աշխարհում համակեցության մոդել մշակելու խնդիրներ ունենա:
Կարծես հեռակա բանավիճելով ընդդիմախոսների հետ, Մեհթիեւն օրերս նոր «բացահայտում» է արել: Նա շրջանառության է դրել «ադրբեջանիզմ» տերմինը եւ փորձել «ազգ-պետություն» կատեգորիան հարմարեցնել իր «ուսմունքին»: Ըստ այդմ, նա հարցադրում է արել, թե ովքե՞ր են ադրբեջանցիները: Ստացվել է այսպիսի պատասխան. «Այսօր ադրբեջանցի են Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիները, որոնք օբյեկտիվորեն հանդիսանում են հազարամյակներ շարունակ այդ տարածքը բնակեցրած ժողովուրդների եւ պետությունների կրողն ու ժառանգորդը: Էթնիկ բազմազանությունը ադրբեջանական ժողովրդի մեծ հարստությունն է, որ պետք է պահպանել: Ադրբեջանիզմի հիմքում դրված կոնսոլիդացնող հզոր գաղափարախոսությունը բարերար պայմաններ է ստեղծում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանա հայրենիքի համար անցյալ եւ գալիք սերունդների առջեւ պատասխանատվության կրող»:
Ժամանակին Թուրքիայի նախագահ Օզալն էր «պատմաքաղաքագիտական աշխատություն» հեղինակել, որտեղ «թուրքական ժառանգություն» էր հռչակված ողջ փոքրասիական հազարամյա պատմությունը` իր բոլոր շերտերով: Նա նույնիսկ «թուրք» էր հայտարարել Հոմերոսին: Մեհթիեւը, հավանաբար, ուղեցույց է ունեցել Օզալի «գիտական մեթոդը»: Նա փաստորեն ասում է, որ այն ամենը, ներառյալ էթնիկ եւ հոգեւոր բաղադրիչները, ինչ հազարամյակներ շարունակ գոյություն է ունեցել ներկայում «Ադրբեջանական Հանրապետություն» անվանվող տարածքում, «պատկանում է ադրբեջանական ժողովրդին»:
Բարձրաստիճան պաշտոնյան այսպիսով կարծես չի հերքում, որ «ադրբեջանիզմը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Արեւելյան Անդրկովկասի պատմաքաղաքական ժառանգության յուրացման գաղափարախոսություն: Ընդ որում, նա չի թաքցնում, որ «կոնսոլիդացման առաջամարտիկ եղել է թուրքական էթնիկ տարրը»: Նման տեսակետի հետ գուցե թե հնարավոր լիներ հաշտվել, եթե խոսքը վերաբերեր բացառապես «ազգ-պետության» կազմավորման պատմությանը: Մեհթիեւը, մինչդեռ, ընդունում է, որ Ադրբեջան կոչվող տարածքում հազարամյակներ շարունակ գոյություն են ունեցել պետական կազմավորումներ, ներառյալ` այսպես կոչված Կովկասյան Ալբանիան:
Բայց չէ՞ որ պետական այդ կազմավորումներից եւ ոչ մեկը թուրքական էթնիկ տարրի քաղաքական կազմակերպվածության ինստիտուտ չի եղել: Զուտ պետականաշինության իմաստով Արեւելյան Անդրկովկասի էթնիկ թուրքերն առաջին անգամ «ինքնակազմակերպվել են» միայն 1918 թվականին եւ հռչակել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն: Հետեւաբար նրանք իրենց ազգային գաղափարն իրացրել են` որպես հետեւանք դարեր շարունակ նույն տարածքի այլ էթնիկ խմբերի եւ ժողովուրդների քաղաքական ինստիտուտների եւ պատմամշակութային ինքնագիտակցության «սպառման»: (Տերմինի հեղինակը դարձյալ Ռամիզ Մեհթիեւն է):
Ըստ էության, Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով փորձ է արվում դիտել տալու, որ իբր «էթնիկ ինքնագիտակցության սպառումը պատմաքաղաքական օրինաչափություն է, որի արդյունքում կազմավորվել է մարդկանց, ինչպես խորհրդային ժամանակներում էին ասում, «նոր հանրություն»` ադրբեջանցիներ»: Եվ սա, ըստ Ռամիզ Մեհթիեւի, «ադրբեջանական ժողովրդի մեծագույն հարստությունն է»: Նա, այսպիսով, այլ ժողովուրդների, էթնիկ խմբերի ինքնագիտակցության «կոնսոլիդացիան` թուրքական տարրի առաջամարտիկությամբ», համարում է ոչ թե ցավալի կորուստ, այլ արդի ադրբեջանական հանրության «ձեռքբերում», հանրություն, որ եւ լեզվական, եւ կրոնական, եւ մշակութային իմաստով գերազանցապես ինքնագիտակցվում է որպես «թուրքական աշխարհի մաս»:
Մեհթիեւի «տեսության» ցինիզմն այն է, որ ամեն ինչ այնտեղ ենթարկեցված է ժամանակակից եվրոպական բազմամշակութային հանրություններին ադրբեջանականի ներգրմանը: Այսինքն, փորձ է արվում «ադրբեջանիզմը» տարանջատել ռասիզմից եւ նույնացնել բազմամշակութայնությանը եւ հասարակական հանդուրժողականությանը: Նման ակնհայտ խեղաթյուրման վտանգավորության բացահայտումն, այսպիսով, դադարում է հայ-ադրբեջանական բանավեճ լինելուց եւ դառնում, թերեւս, համակովկասյան եւ համաեվրոպական խնդիր:
Քանի որ բազմամշակութայնությունը ոչ թե տարբեր մշակույթների «կոնսոլիդացիա» է մեկ էթնիկ տարրի «առաջամարտիկությամբ», այլ մեկից ավելի մշակութային, հոգեւոր, լեզվական, ինչու չէ, նաեւ` քաղաքական ինքնագիտակացման խաղաղ գոյակցություն` փոխլրացմամբ հանդերձ: Տվյալ իրավիճակում է, որ քաղաքական ինքնիշխանության ձգտումը մասնակիորեն ոչ հրատապ է դառնում: Եվ արդի եվրոպական բազմամշակութայնության քաղաքականությունը մեծապես ուղղված է դրան: Ցայտուն է, մասնավորապես, Իսպանիայի օրինակը, երկիր, որտեղ, դիցուք, բասկերի «անջատականությունը» հավասարակշռվում է նրանց հանդեպ կենտրոնական իշխանության ավելի ու ավելի մեծ հանդուրժողականությամբ:
Ադրբեջանում, սակայն, «տեսաբանվում է» տարածաշրջանի նախաբնիկ ժողովուրդների քաղաքական, հոգեւոր-մշակութային ժառանգության բացահայտ յուրացումը մեկ էթնիկ խմբի` թուրքական «առաջամարտիկության» կողմից, ինչը հավասարազոր է պետական մակարդակով ռասիզմի քարոզչությանն ու հետեւողական գործադրմանը: Եվ ցավալի է, բայց փաստ, որ միջազգային քաղաքակիրթ կոչվող հանրությունը նման աղաղակող այլատյացության հանդեպ համառորեն լռում է:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: