Tuesday, December 6, 2011

ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՔԱՅԼԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Արձանագրություններն անվավեր ճանաչելու դեպքում այդ հորդորներն ուղղվելու էին Հայաստանինՙդարձնելով նրան ճնշումների թիրախ
«ԱԶԳ», 06-12-2011- Անցյալ շաբաթ Թուրքիա այցելեց ԱՄՆ փոխնախագահ Ջորջ Բայդենը: Մինչ այդ նա եղել էր Բաղդադում, ապա Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի մայրաքաղաք Էրբիլում: Փոխնախագահ Բայդենը Անկարայում հանդիպեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքի, այնուհետեւ հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլի, իսկ շաբաթ օրը Ստամբուլում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ի դեպ, վիրահատությունից հետո Թուրքիայի վարչապետը ապաքինվում էր առանձնատանը: Այդուհանդերձ, շուրջ 45 րոպե նախատեսված Էրդողան-Բայդեն հանդիպումը տեւել է 2 ժամ: Ինչպես Չիչեքի եւ Գյուլի հետ հանդիպումներում, այնպես էլ Էրդողանին այցելելիս, Ջո Բայդենը թուրքական կողմի հետ քննարկել է Իրաքին, PKK-ի դեմ պայքարին, Սիրիային, Իրանին, թուրք-իսրայելական լարվածությանը, Կիպրոսին, Բալկաններին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող խնդիրներ:
Էրդողան-Բայդեն հանդիպմանը կողմերը գլխավորապես կենտրոնացել են Իրաքի վրա: Ըստ ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյայի, ԱՄՆ փոխնախագահը, արծարծելով Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության հարցը, ինչպես դեկտեմբերի 4-ին վկայել է «Զամանը», ասել է, որ այդ ազդեցությունը առհասարակ գերագնահատվում է, իրաքցիները չեն կարող հավանություն տալ արտաքին որեւէ միջամտության:
PKK-ի առնչությամբ նա խոսել է քրդական այս կազմակերպության ահաբեկչության դեմ Թուրքիայի պայքարում Վաշինգտոնի վարչակարգի ստանձնած պարտավորությունների մասին: Այնուհետեւ Բայդենը տարածաշրջանում Իրանի ազդեցության հետզհետե թուլացման կարծիք է հայտնել, ասել է, որ փոխարենը այս երկիրը ավելի ու ավելի է մեկուսանում, ընդգծելով Իրանի դեմ գործադրվող ճնշումները շարունակելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ փոխնախագահը Սիրիայի առնչությամբ նշել է, որ այստեղ խնդիրը սեփական ժողովրդին սպանող վարչակարգն է, իշխանությունից նախագահ Բաշար Ասադի հեռացման հարցում ձեւավորվում է միջազգային համերաշխություն եւ այս համերաշխությանը առաջնորդում է Թուրքիան:
Ջո Բայդենը Թուրքիա-Իսրայել հարաբերությունների բարելավման հույս է հայտնել, մոտավորապես նույն լավատեսությամբ արտահայտվել է Կիպրոսի հիմնահարցի մասին, գոհունակություն է հայտնել Թուրքիայում ազգային փոքրամասնություններից առգրավված համայնքային կալվածքները վերադարձնելու Էրդողանի հրամանագրի առնչությամբ, ապա եւ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հարցին:

Նա այդ հարցն արծարծել է նաեւ Մեջլիսի նախագահ Չիչեքի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Գյուլի հետ հանդիպումներում: Բայդենի այս արծարծումները արտահայտում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնի շահագրգռությունները: Ըստ երեւույթին, նորմալացման հարցը Թուրքիայի ղեկավարների, այդ թվում Էրդողանի հետ հանդիպմանը հենց այդ շահագրգռությունների ենթատեքստում է քննարկվել, որ Բայդենը հայ-թուրքական արձանագրությունները Մեջլիս վերադարձնելու առնչությամբ ողջունել է թուրքական կողմին եւ հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին Թուրքիան արձանագրությունների առնչությամբ որոշակի քայլեր կկատարի:
Թե ինչպես կարձագանքի ԱՄՆ փոխնախագահին թուրքական կողմը, պարզ կդառնա առաջիկա ամիսներին: Բայց որ նա հույս հայտնելով թուրքական կողմին հորդորել է արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարել, ակնհայտ է: Ավելի քան ակնհայտ է, որ այդ քայլերը, եթե նպատակահարմար գտնի, թուրքական կողմը պետք է կատարի մինչեւ ապրիլի 24-ը:

Խնդիրը, սակայն, սոսկ թուրքական կողմին հորդորելը չէ, այլ Բայդենի այդ հորդորով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի ձախողման մեջ թուրքական կողմի պատասխանատվության ընդունումը Վաշինգտոնում: Այլ կերպ, եթե մեր իշխանությունները, հետեւելով քաղաքական որոշ ուժերի պահանջներին, հայ-թուրքական արձանագրություններից «հետ կանչեին» Հայաստանի ստորագրությունը, այսինքնՙ անվավեր ճանաչեին դա, ապա պաշտոնական Վաշինգտոնը հույս կհայտներ, որ առաջիկա ամիսներին արձանագրությունները Ազգային ժողով վերադարձի եւ դրանց վավերացման ուղղությամբ քայլեր կատարի Հայաստանը: Դա արդեն կստանար ոչ այնքան հորդորի, որքան պահանջի բնույթ:
Քանի որ արձանագրություններն անվավեր ճանաչելու դեպքում Հայաստանը հավասարապես կիսելու էր նորմալացման գործընթացը ձախողելու պատասխանատվությունը, ուստի նա ինքնաբերաբար թուրքական կողմին տալու էր Ջո Բայդենի հորդորներին հակադրվելու հնարավորություն: Այդ իսկ ընթացքում ստեղծվելու էին նախադրյալներ, որպեսզի շահագրգիռ միջազգային ուժերը հավասարության նշան դնեն գործընթացը նախապայմաններ առաջադրելու միջոցով ձախողող Թուրքիայի եւ թուրքական նախապայմանների պատճառով արձանագրությունների ընթացակարգը իրավացիորեն կասեցնող Հայաստանի միջեւ: Այսպիսով, Հայաստանը դառնալու էր միջազգային ճնշումների թիրախ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: