Tuesday, December 6, 2011

Ադրբեջանում դավաճանության մեջ կասկածվողին բանտում տանջամահ են արել. հիմա էլ անցել են նրա ընտանիքին

News.am. 5-12-2011- Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում դավաճանության մեջ կասկածվողին բանտում տանջամահ են արել:
Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության Ազգային անվտանգության աշխատակիցները այս տարվա օգոստոսին Իրանի հետ հետախուզական կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալել էին ՆԻՀ-ի օդանավակայանի աշխատակից Թուրաժ Զեյնալովին: Օգոստոսի 24-ին Թուրաժին ձերբակալել են` մեղադրելով նրան պետական դավաճանության մեջ: 4 օր անց Թուրաժին բարեկամներին տեղեկացրել են, որ նա մահացել է բանտում` տրոմբից: Չհավատալով Թուրաժի մահվան պաշտոնական վարկածին` մի քանի լրագրողներ եւ իրավապաշտպաններ անհատական հետախուզություն են սկսել` փորձելով հասկանալ նրա մահվան իրական պատճառները: Հայտնաբերված նյութերը ցույց են տվել, որ Թուրաժը բռնությունների է ենթարկվել բանտում, կա վարկած, որ նրան խեղդել են, գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
Թուրաժի մահից անմիջապես հետո Անվտանգության աշխատակիցները սկսել են հետապնդել նրա հարազատներին: Նրա հորը եւ կնոջը հարկադրում է փաստաթուղթ ստորագրել, որ Թուրաժը ուռուցք է ունեցել, հակառակ դեպքում սպառնում են հետապնդել նրա 6-ամյա որդուն, ձերբակալել եղբայրներին եւ աշխատաքից ազատել ընտանիքի մյուս անդամներին:
Հանգուցյալի հայրը եւ կինը դիմել են նախագահ Իլհամ Ալիեւին եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային` խնդրելով ապահովել իրենց ընտանիքի անվտանգությունը եւ պատժել Թուրաժին սպանողներին, եզրափակում է «Թուրանը»:
Հիշեցնենք, որ Թուրաժի Զեյնալովի հետ միասին ձերբակալվել էին եւս չորս հոգի, ովքեր կասկածվում էին Իրանի հետ հետախուզական կապեր ունենալու մեջ: Ավելի ուշ նրանցից երեքը ազատ են արձակվել, իսկ մյուսը դատապարտվել է տաս տարվա ազատազրկման:

No comments: